Ռեքվիեմ

«Ոչ, գրողը տանի, սա մի օր ավարտվելու է, ես գիտեմ, անվերջանալի սարսափ չի կարող լինել, որտե՞ղ է իմ սարսափելի վերջաբանը»:


Գիտես, սիրելիս, դու այսօր մահացար: Առանց ցավ, առանց արյուն: Ես պարզապես այսօր թաղեցի քեզ, մի բուռ հող թափեցի խոսքերիդ ու ցավերիդ վրա, պարանոցս ազատեցի քո ծանր շղթաներից ու նետեցի գերեզմանիդ մեջ: Թող հողը նույնքան թեթև լինի վրադ, որքան թեթև են եղել մղձավանջներս առանց քեզ ու քեզ հետ: Թաղմանդ անգամ անդեմ մարդիկ էին, որոնք զուտ հանդիսատեսավարի թքեցին վրադ ու գնացին: Մեկն անգամ ծափ տվեց, բայց դու չլսեցիր, որովհետև այսօր դու մահացար: Այսօր ես թաղեցի քեզ: 


Հանգուցյալներից այլևս նամակներ չեն ստանում, ուստի ես այլևս դադարում եմ սպասել: Թող հողն այնքան թեթև լինի վրադ, որքան թեթև են եղել սպասումներս ու հիասթափություններս: Քեզ հավիտենական ազատում եմ մաղթում, որպես դու խոստացար ինձ հավերժ սեր ու հավատարմություն: 


Մտածում ես, թե որքան ստոր եմ ես: Դու այլևս մտածել չես կարող, ես թաղել եմ և այդ մտքերդ, որ սև դևերի պես ստորացրել են ինձ ու ծնկեցրել: Վստահ ես` կպատժվե՞մ: Դու վստահ լինել չես կարող, ես թաղել եմ վստահությունդ այն բանում, որ կկոտրվեմ, թե լքես ինձ: 



Սիրելիս, այսօր քո թաղումն էր, մենք թաղեցինք քեզ ու վրադ մի բուռ ափսոսանք թքելով հեռացանք: Հանգուցյալների մոտ երկար չեն մնում. սևանում է:

Tags:

Share:

1 մեկնաբանություն