2 3 Mari Love : Կարկանդակներ ու երջանկություն
Մտքեր

Կարկանդակներ ու երջանկություն

By Thursday, May 22, 2014

Ասում են՝ երջանկությունը գրեթե անհասանելի բան է: Այդ դեպքում մենք ի՞նչ ունեինք, եթե ոչ երջանկություն: Մենք միմյանց ունեինք, և դա մեզ բավարար էր: Երևի մոռացել ես, թե ինչպես էի առավոտյան արթնանալիս մոտենում տաք մարմնիդ ու համբուրում այնտեղ, որտեղ պարանոցդ սկսվում էր: Ականջիդ բարի լույս էի շշնջում, իսկ դու մի ձեռքով ավելի էիր մոտեցնում մարմինս մարմնիդ ու քնկոտ ձայնով, որ առավոտյան հատկապես բամբ էր դառնում, ասում էիր, որ այսօր մեր կյանքի լավագույն օրն է: Եվ այդպես ամեն օր:


Մենք հանդիպել էինք այն ժամանակ, երբ երկուսս էլ կանգնած էինք կամրջին. ես ցատկում էի, դու նույնպես: Բայց մենք նախընտրեցինք միասին ցատկել երջանկության հորձանուտն ու լրացնել այն, ինչ չունեինք երկուսս էլ: Մեզ ընդամենը պետք էր մեկը, ով կլիներ մեր կողքին ու չէր դավաճանի: 


Մեր փոքրիկ տունը մեր երջանկության ամրոցն էր, իսկ քաղաքը, որտեղ բոլորը շտապում էին ու չէինք հասնում, ես ու դու վայելում էինք շենքերի գույներն ու փողոցների սառնությունը: Դու ինձ համար գրքեր էիր գնում, տասնյակ գրքեր սիրո մասին: Նույն գրքերից գնում էիր և քեզ համար, և մենք քաղաքի տարբեր անկյուններում կարդում էինք միևնույն գիրքը: Մենք նաև կրում էինք նույն հագուստը: Եվ ցանկանում էինք միևնույն բանը՝ լինել երջանիկ: 


Ամեն առավոտ դու իջնում էիր մեր շենքի տակ գտնվող հացատուն ու ինձ համար տաք կարկանդակներ էիր բերում, մինչդեռ ես սուրճ էի պատրաստում: Մենք նստում էինք խոհանոցի կլոր սպիտակ սեղանի շուրջն ու թերթ էինք կարդում: Մենք կարդում էինք միևնույն թերթի միևնույն հոդվածը: Դու սիրում էիր մերսել ոտնաթաթերս, որ միշտ բոբիկ էին: Իսկ ես սիրում էի քեզ ծաղիկներ նվիրել: Դու ջութակ էիր նվագում քաղաքի առևտրի տներից մեկում, իսկ ես սովորական ծաղկավաճառ էի, որ արբում էր ծաղիկների ու քո բույրից: 


Մենք լուսանկարվում էինք. քաղաքի ամեն հատվածում մենք մի լուսանկար ունեինք, որոնք փակցնում էինք պատերին ու զարդարում ամանորյա լույսերով: Երեկոյան միասին լոգանք էինք ընդունում, ապա ընթրիք պատրաստում: Երբեմն ինձ ասում էիր հագնել իմ տոնական կարճ զգեստն, ու մենք իտալական ռեստորան էինք գնում: 



Աշուն էր, երբ իմացա, որ հայր ես դառնալու: Աշխարհը կարծես քեզ տված լինեին: Ծննդաբերելիս ես մահացա: Եվ կիսվեց մեր երջանկությունը: Դու հիմա մեր որդու հետ ես, իսկ ես երազում էի դուստր ունենալ: Դու հիմա դուստր չունես, և կիսվել է քո երջանկությունը:

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն