2 3 Mari Love : Նարինջներ և բանաստեղծություններ
Մտքեր

Նարինջներ և բանաստեղծություններ

By Thursday, May 08, 2014

Երբ մենք փողոցով քայլում էինք, մարդիկ ապշահար մեզ էին նայում: Նրանք չէին նկատում ոչ իմ երջանիկ ժպիտը, ոչ քո հպարտ հայացքը. նրանք աչքերը չորս էին անում ու նայում էին մեզ: Ես սիրում էի քեզ, և դու ինձնից ուղիղ 28 տարով մեծ էիր: 


Դու կարող էիր լինել իմ հայրը, իսկ եթե ջանք գործադրեիր, անգամ պապը, բայց դու իմ կյանքի՝ բոլոր առումներով մեծագույն սերն էիր: Դու բարձրահասակ էիր, թիկնեղ, ալեխառն մազերով, քեզնից ծխախոտի ու կոնյակի հոտ էր գալիս, և ես խենթանում էի քո ձայնի համար: Այն սովորականից մի քանի տոն ցածր էր, և խառնվելով ծխախոտի ու տարիների ազդեցության հետ՝ դարձել էր ինձ համար ամենագեղեցիկն աշխարհում: Ինձ համար դու աշխարհի միակ տղամարդն էիր, իմ ծերուկը, իմ լավագույնը:


Դու իմ դասախոսն էիր: Բանասիրության դասախոսը. միշտ գրագետ խոսող, խիստ հայացքով: Դու երկար մատներ ունեիր, մի-փոքր կնճռոտ, իսկ ձեռքերդ պատված էին խիտ մազերով: Ամիսներ անց ես բացահայտեցի, որ կուրծքդ նույնպես մազոտ է. ես խենթանում եմ փարթամ մազածածկույթի համար, հատկապես երբ այն քոնն էր: Դու ամուսնական մատանի էիր կրում, որ տարիների ընթացքում վրադ մեծացել էր, բայց դու միևնույն է կրում էիր այն: Այն մի-փոքր խամրել էր: Ինչպես կնոջդ առողջությունը: Ես չգիտեի, որ նա ամիսներ շարունակ հիվանդանոցում էր: Ամեն օր դու երկու նարինջ դրած պայուսակիդ մեջ այցելում էիր նրան, բայց նա հազիվ էր քեզ ճանաչում, երբեմն աչքերը թույլ բացում էր, նայում քեզ, մի-փոքր ժպտում, ապա կրկին քնում: Դու նարինջները դնում էիր սեղանին ու հեռանում: Մի օր նա մահացավ: Եվ դու դադարեցիր նրան նարինջներ տանել: 


Ես չհասկացա էլ, թե ինչպես հասարակ ուսանողուհուց վերածվեցի սիրուհուդ: Թերևս սիրուհին կոպիտ է ասված. այդ ժամանակ դու ազատ էիր: Գոնե ֆիզիկապես: Դու սկսեցիր ինձ համար բանաստեղծություններ ընթերցել ու մազերս սանրել: Իսկ ես քեզ համար նարնջի թեյ էի պատրաստում ու երկու գդալ շաքարավազ ավելացնում՝ նախապես համբուրելով բաժակդ: Ես ուզում էի, որ բույրս տարածվի բնակարանիդ մեջ, և գրքերդ բուրեն ինձնով, և անկողինդ, և բաժակներդ: Եվ համբուրում էի բաժակներդ, ապա նաև շրթունքներդ: Դեմքիդ մազածածկույթը ծակում էր մարմինս, բայց դա ինձ դուր էր գալիս: Երբ գլուխս դնում էի կրծքիդ ու լսում սրտիդ աշխատանքը, շնորհակալություն էի հայտնում կնոջդ: Նա երևի դեռևս սպասում էր նարինջներին, բայց դա ինձ չէր հուզում: 


Գրքերիդ մեջ միշտ չուղարկված նամակներ էին. երբ զայրանում էիր, վիճելու փոխարեն նամակներ էիր գրում ու դնում գրքերի մեջ: Եվ երբեմն մոռանում էիր կերակրել ձկներին: Ես դա անում էի քո փոխարեն: Դու սիրում էիր հարդուկել զգեստներս. ասում էիր, որ այդպես ավելի մոտ ես լինում ինձ: Իսկ ես այդ ընթացքում հին լուսանկարչական սարքով նկարում էի քեզ և կծոտում ձեռքերդ: Ես այնքան էի սիրում քեզ: 


Մարդիկ ապշահար նայում էին մեզ, մտքում ինձ անբարոյական, իսկ քեզ այլասերված պիտակելով: Նրանք չգիտեին, որ լույսերը հանգչելուց հետո մենք մոռանում էինք ամեն տարիք ու կարգավիճակ: Նրանք չգիտեին, որ թե հնարավոր լիներ, ես կնախընտրեի, որ դու թեկուզ իմ հայրը կամ պապը լինեիր, միայն թե լինեիր իմ կյանքում: Նրանք չգիտեին, որ ես կախվածություն ունեի քեզնից ու քո մատներից, քո մազերից, քո ծխախոտից, քո կոնյակից: Նրանք չգիտեին, թե այդ ինչ բան է անիծել ժամանակն ու հանգամանքները, անիծել իրերի դասավորությունը և Աստծուց միայն քո առողջությունը խնդրել: Նրանք չգիտեին, որ հնարավոր է երազել միանգամից 28 տարով մեծանալու մասին:


Ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց մի օր դու որոշեցիր ինձ հեռացնել քո կյանքից: Դու հարդուկում էիր ծաղկավոր զգեստս, որ ինքդ էիր նվիրել ինձ: Երբ հարդուկը մի կողմ դրեցիր և մոտեցար ինձ համբուրելու, այն այրեց զգեստս: Դու զայրացար, փրփրեցիր, սկսեցիր հայհոյել ինձ և ձեռքիցս քարշ տալով ինձ վռնդեցիր տանից: Ես չհասկացա, թե ինչ կատարվեց, որտեղ սխալվեցի, բայց էլ երբեք չտեսա քեզ: 


Անցան տարիներ: Մինչև այսօր ես որդուս հետ ամեն չորեքշաբթի այցելում եմ քեզ ու գերեզմանիդ երկու նարինջ եմ դնում:





Դու երևի շատ էիր սիրում նարինջներ:

Նույն թեմայի մեջ

3 մեկնաբանություն

  1. Ցնցող էր...հուսով եմ իրական պատմություն է,,, այնքան կտխրեմ, որ աշխարհում նման սեր եղած չլինի.

    ReplyDelete
    Replies
    1. Գուցե եղել է, բայց իմ նովելինը զուտ երևակայության արդյունք էր :)

      Delete
    2. Լավնա երևակայությունդ Մար

      Delete