Դաջվածքներից ազատվելու մասին

Մենության սուր ճանկերը մխրճվել են այնտեղ, որտեղ ժամանակին քո մատներն էին հանգչում: Եվ կարոտ է կոչվում սարսափելի այս մղձավանջը, որի սկիզբը վերջն է արդեն, իսկ վերջը՝ հերթական կատարյալ պտույտը անվերջանալի գիշերների ու ցերեկների քաոսում: Ես փոխել եմ անունս, վերացել անցյալների էջերից ու օրերից, փոխել եմ հագուստներս ու կոշիկներս, մեծացել եմ քո առաջարկած գրքերից ու ֆիլմերից, փակել եմ կիսաբաց պատուհաններն ու դռները և համոզել եմ ինքս ինձ, նաև քեզ, որ ամեն ինչ ավելի լավ է, քան էր: 


Դու ձևացրել ես, թե հավատում ես, որովհետև այդպես երկուսիս համար էլ լավ կլինի: Երևի այսպես իսկապես երկուսիս համար էլ լավ է, բայց երբ քաղաքը վերջապես հանգստանում է ու լռում, երկու լույս չեն մարում, որովհետև սովոր չեն մարելուց հետո միայնակ մնալ: 

Մարդիկ սովորել են խոստումներ տալուց առանց մատները խաչելու ստել: Եվ մենք էլ սովորեցինք, երբ խոստացանք չլքել ու չհանձնվել, նեցուկ լինել, ինչ էլ պատահի: 

Արևները գիշերային երկինքներ են հագնում, գլխներին աստղե պսակներ դնում, լուսինները արևներ են կուլ տալիս, երկինքները կայծակներ ու ամպրոպներ են ծնում, հազում ձյան փաթիլներով ու լացում անձրևի կաթիլներով, մոլորակները հանդիպում են ու բաժանվում, և մենք քայլում ենք միևնույն փողոցներում և չենք էլ հիշում, որ ժամանակին դրանք մեզնով ենք լցրել, մեզ՝ դրանցով: Մենք սովորեցինք երդվել՝ առանց մատները խաչելու, և դա կործանեց մեզ: 

Մենք մոռացանք մեր գարուններն ու ձմեռները, մեր խենթ ամառներն ու ցուրտ աշունները: Մենք մոռացանք ամսաթվերն ու դրանց կարևորությունը, մենք կարևորեցինք այլ թվեր ու անուններ, որոնք մոռացնել տվեցին ընդհանուր կարևորությունները: 

Այդպես է լինում, երբ երկուսը բաժանվում են, և որոշում են ամեն ինչ նոր էջից սկսել: Բայց էջը, որքան էլ սոսնձես ու վառես, միևնույն է, դաջվում է մաշկիդ, իսկ դաջվածքներն ամբողջ կյանքի համար են, որոնց վերացնելու միակ տարբերակը սպիացումն է: Մենք դարձանք միմյանց դաջվածքները: Դու սպիացրիր ինձ, իսկ ես չցանկացա էլ ավելի չապականել ինքս ինձ ու որոշեցի լրացնել քեզ այլ դաջվածքով՝ ավելի մեծ ու խորը: 

Tags:

Share:

0 մեկնաբանություն