Ես սիրահարվել էի քեզ, իսկ հետո մոռացել

Իմ իրանը երբեք ոչ ոք այդպես չէր գրկել, ինչպես դու: Երբ վարում էիր մեքենան, հանկարծ կանգ առնում, հրամայում դուրս գալ մեքենայից, քո մեծ ձեռքերով բռնում իրանս ու համբուրում շուրթերս: Սառն օդը փչում էր դեմքիս, և դու քո մեծ ձեռքերով ամուր բռնում էիր դեմքս ու սեղմում այտերս: Ապա ասես ոչինչ չէր պատահել նստում էիր ղեկին ու լուռ շարունակում ճանապարհը: Ես կատվիկի պես մոտենում էի քեզ ու մլավում ականջիդ տակ, դու ամուր մոտեցնում էիր ինձ քեզ ու քիթդ մտցնելով մազերիս մեջ համբուրում գլուխս: Այդ ժամանակ թվում էր, թե աշխարհն էլ փուլ գա, դու այդպես անխռով կշարունակես վարել մեքենան ու կոպտորեն նուրբ բառեր մռթմռթալ: Ես ամբողջ կյանքում կարծում էի, թե սիրում եմ ռոմանտիկ տղամարդկանց, բայց հայտնվեցիր դու, և հօդս ցնդեցին բոլոր պատկերացումներս: Դու՝ քո միշտ ծակծկող այտերով, ամուր պարանոցով, արտահայտված երակներով ձեռքերով, լայն թիկունքով ու ուժեղ ոտքերով ռոմանտիզմի հետ միակ ընդհանրությունն իմ տեսքով ունեիր միայն: Որքան կոպիտ էիր դու, այնքան նուրբ էի ես, հատկապես քո գրկում: 



Երկուսս էլ առիթ ունեինք կյանքի վրա զայրանալու համար, դրանից դու ավելի տղամարդկային էիր դարձել, իսկ ես՝ ավելի անտարբեր: Ինձ միայն հետաքրքրում էր, թե քանի րոպե ես ինձ համբուրելու և որքան ես կարոտելու երեկոյան հրաժեշտ տալուց հետո: Մնացած բաներն ինձ չէին հետաքրքրում, որովհետև դու արդեն հոգ էիր տարել դրանց մասին: 


Ես չեմ պատմի, թե որքան լավն էիր դու այստեղ կամ այնտեղ, այս կամ այն պարագայում: Չեմ պատմի, որ ես կարոտում եմ քեզ, որովհետև ես չեմ կարոտում քեզ, որովհետև ես քեզ երբեք չեմ էլ կարոտել, որովհետև դու եղել ես, իսկ հետո չես եղել, և դրանում ոչ ոք մեղավոր չէ: Մարդիկ հենց այնպես չեն գալիս, և առավել ևս հենց այնպես չեն գնում: Ես մենք հենց այնպես չէ, որ ժամանակի հետ դադարում ենք կարոտել, իսկ հետո այնպես ենք կարոտում, որ պատրաստ ենք պատերը ծամել: Ես սիրահարվել էի քեզ, իսկ հետո մոռացել, և այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա:

Tags:

Share:

0 մեկնաբանություն