2 3 Mari Love : Ինչու՞ ինձ մենակ թողեցիր
Մտքեր

Ինչու՞ ինձ մենակ թողեցիր

By Thursday, November 13, 2014

Դու խոստացել էիր, որ կողքիս կլինես, ինչ էլ պատահի: Դու կողքիս չեղար, անգամ երբ ոչինչ չպատահեց: Իսկ հիմա պատահել է, գրողը տանի, ամեն օր է պատահում, իսկ դու չկաս: Որտե՞ղ ես, ինչու՞ չկաս: 


Ինչու՞ չկաս: Դու ասում էիր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ախր ոչ մի բան էլ լավ չի: Եվ դու չկաս: Դու պարզապես չկաս այն ժամանակ, երբ ամենից շատ քո կարիքն ունեմ: Ինչու՞ այդպես արեցիր ինձ հետ: Դու ինձ մենակ թողեցիր: Ինչու՞ ինձ մենակ թողեցիր:



Ինչու՞ ինձ մենակ թողեցիր: Դու ասում էիր, որ ոչինչ չի կարող բաժանել քո խոսքերն ու գործողությունները, իսկ հիմա ես դժվարությամբ եմ հիշում դիմագծերդ: Այ այդքան հեռավոր ես դարձել ինձ համար: Ինչու՞ որոշեցիր լքել ինձ, մենակ թողնել ներքին հրեշներիս հետ, որ հոշոտում են ինձ ներսից ու դրսից, սպանում են ինձ, կործանում: Դու չես ուզում տեսնել, որ ես մեռնում եմ: Եվ չես էլ ուզում ընդունել, որ դու ես թողնում, որ մեռնեմ: Բայց ես չեմ ուզում մեռնել, որովհետև այդ դու էիր, որ ասում էիր, թե միշտ կողքիս կլինես: Ինչու՞ չես հիմա կողքիս:


Ինչու՞ չես հիմա կողքիս: Հիմա, երբ սարսափում եմ ինքս ինձնից, ամեն օր ավելի ու ավելի եմ մոտենում այն եզրագծին, որտեղ ավարտվում եմ ես, և սկսվում եմ ես, այն քո չսիրած եսը, քո ատած եսը: Դու ինձ մենակ ես թողել, գրողը տանի, այդպես չպետք է լիներ: Ես փորձում եմ ատել քեզ, բայց անգամ դա ինձ մոտ չի ստացվում: Ես միշտ էլ էմոցիաների հետ խնդիրներ եմ ունեցել: Այն պահին, երբ պետք է ամենաշատը զայրանայի քեզ վրա ու ատեի քեզ, ես քո հանդեպ ոչինչ չեմ զգում: Դու ինձ լքել ես, մենակ թողել, լքել ես, լքել, թողել, մենակ թողել, թողել ու գնացել, ուրիշների մոտ գնացել, լքել ու գնացել: Ուրիշների հետ հե՞շտ է: Ուրիշների հետ դու չպարզած հաշիվներ չունես: Այդ ես եմ, ում դու լքել ես, որովհետև վախկոտ ես: Ինչու՞ ինձ կործանեցիր:


Ինչու՞ ինձ կործանեցիր: Կամ թե ինչու՞ եմ թողնում, որ ինձ կործանես, թեև արդեն քանի գիշեր-ցերեկ դու անգամ չկաս էլ իմ կյանքում: Կամ այնքան կաս, որ մարմնովս դող է անցնում: Ես պարզապես աշխատում եմ չմտածել դրա մասին, չգիտակցել, որ մինչև կյանքիս վերջ դու լինելու ես իմ օրվա մեջ, թեկուզ մահանաս ու մարմինդ որդերն ուտեն: Ինչու՞ ես այնպես արել, որ երազեմ մահվանդ մասին:





Ինչու՞ ես այնպես արել, որ երազեմ մահվանս մասին: Դու թողեցիր ինձ, երբ ամենաշատն ունեի կարիքդ: Դու հիմա էլ գիտես, թե իրերն ինչպես են դասավորվել, բայց մոռացել ես իմ մասին: Կարծես մի փոքրիկ դրվագ էի քո հագեցած կյանքում: Մահանալ կարելի է այս մտքերից, ինչն էլ անում եմ: Բայց դու չես գալիս: Ինչու՞ ինձ մենակ թողեցիր:

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն