Ես քեզ սիրելու պատճառներ չունեի

Դու ինձ չէիր սիրում: Եվ ոչ էլ սիրահարված էիր: Դու բառեր չէիր գտնում նկարագրելու, թե ինչ է կատարվում ներսումդ իմ պատճառով: 


Դու հարցնում էիր, թե ինչ եմ զգում ես: Եվ ես ասում էի, որ ես էլ քեզ չեմ սիրում: Եվ այդ ինչու՞ պիտի քեզ սիրեի, եթե չգիտեի, թե ով ես իրականում: 


Ես քեզ սիրելու պատճառներ չունեի: Անգամ երբ քո մարմինը, պարզվեց, իմ մարմինը սիրելու համար էր ստեղծված: Անգամ երբ դու այն միակն էիր, ով գիտեր, թե ինչպես վարվել ինձ հետ, երբ ուրախ եմ կամ տխուր, թե ինչ բառեր ասել, երբ թվում էր, թե բառերից զզվել եմ: Անգամ երբ քո նամակներն այն էին, ինչ քնել չէին թողնում: Անգամ երբ երազում էի, որ այդ դու չթողնեիր, որ քնեմ:


Ես քեզ սիրելու ոչ մի պատճառ չունեի: Անգամ երբ շրթունքներդ առաջին անգամ դիպան շրթունքներիս, և սիրտս կանգ առավ: Իսկ հետո սկսեց խելագարի նման աշխատել, և ես կորցրի գլուխս: Անգամ երբ մատներդ սահում էին մարմնովս, և ես գալարվում էի հաճույքից ու խենթանում քեզ համար: Անգամ երբ երկու ձեռքով ամուր բռնում էիր գլուխս և ուշադիր նայում աչքերիս, խառնում մազերս, մատներով շոշափում այտերս, համբուրում ճակատս, աչքերս: Անգամ երբ սիրով էիր զբաղվում աչքերիս հետ: 


Ես քեզ սիրելու պատճառ չունեի: Ես քեզ համար նախաճաշ չէի պատրաստել և չէի անհանգստացել, որպեսզի գիշերը չմրսես ու մղձավանջներ չտեսնես: Դու չգիտեիր իմ սուրճի համն ու չգիտեիր, թե ինչ եմ անում, երբ կարոտում եմ: Դու չգիտեիր, որ աշխարհում ամենից շատն ատում էի կարոտելը: Ես քեզ ասել էի այս ամենը, դու հիշում էիր, բայց դա նույնը չէ, ինչ ժամանակի ընթացքում դրան ինքնուրույն հասնելը, բացահայտելը: Այդ պատճառով ես քեզ սիրելու պատճառ չունեի:


Ես քեզ սիրելու պատճառներ չունեի, անգամ երբ մթության մեջ շշնջում էի անունդ ու խնդրում հետքդ թողնել պարանոցիս: Անգամ երբ սանձում էիր ինձ, հետո բաց թողնում, հետո կրկին սանձում ու բաց թողնում: Անգամ երբ դու ինձ ավելի մոտ էիր, քան ինքս ես: Անգամ երբ ոչ մի գիշեր չէի դադարում պատկերացնել, թե անկողնուս դատարկ ու ցուրտ հատվածում դու ես: 


Ես քեզ սիրելու ոչ մի պատճառ չունեի: Անգամ երբ խորտակվում էի հայացքիդ մեջ ու մոռանում անունս: Անգամ երբ խենթանում էի նրբությունիցդ: Անգամ երբ ատում էի «խենթանալ» բառը: Անգամ երբ մատներս սահեցնում էի մազերիդ մեջ, իսկ դու վախվորած ասում էիր, որ դրանք սկսել են թափվել: 


Ես քեզ սիրելու պատճառներ չունեի, անգամ երբ մենք այն փոքրիկ սենյակում կիսախավարի մեջ պարեցինք մեր վալսը: Մեր առաջին ու վերջին վալսը, որին սպասում էիր այդքան: 


Ես չէի կարող քեզ սիրել, որովհետև դու ինձ չէիր սիրում: Հիշում ես, չէ՞, որ ասացի, որ անպատասխան սերն ինձ համար չէ:



Ես քեզ սիրելու պատճառ չունեի, անգամ եթե դրանք աստղերից էլ շատ էին:

Tags:

Share:

0 մեկնաբանություն