2 3 Mari Love : Պատուհան
Մտքեր

Պատուհան

By Sunday, October 26, 2014

Երբ ես ծնվում էի, ոչ ոք ինձ չասաց, թե ով եմ ես: Առաջին բանը, որ տեսա, ինձ գրկած բանվորներն էին, առաջին բանը, որ զգացի` ինչ-որ մութ արկղում թափահարվելը: Հետո տեսա ինչ-որ գեր կին խալաթով, ով ձեռքերը դրած ճարպի տակ անհետացող գոտկատեղին` հրամաններ էր տալիս, թե ինչպես ինձ ճիշտ տեղադրեն, ժամանակ առ ժամանակ էլ մոտենում էր ու փորձարկում բռնակիս դիրքը: Հետո իմացա, որ անունս Պատուհան է, քանի որ ամեն անգամ, երբ հնչում էր այդ բառը կամ հայացքներ էին ինձ ուղղվում կամ ձեռքեր: Սկզբից ինձ լավ էին վերաբերվում, զգուշությամբ էին դիպչում, ժամանակ առ ժամանակ մաքրում էին: Անգամ ընկերներ ունեի. երկու ապակիների արանքում մնացած մոծակները, ճանճերն ու մեղուները: Ունեի նաև ծանոթներ, որոնց իհարկե չէի կարող ընկեր անվանել: Այդպիսի ծանոթ էր վարագույրը, որ իրեն ինձնից առավել էր դասում, քանի որ իրենով ծածկում էին ինձ նման անճոռնուն: Երբեմն ես հավատում էի նրան , բայց հետո նրան հանեցին:






Կարծում եմ` բախտս բերել է նրանում, որ երկու կողմից աչք ունեմ: Մի աչքով տեսնում եմ, թե ինչ է կատարվում ներսում` տանը. ով եկավ, ինչ արեց: Մյուս աչքս դուրս է նայում: Այս աչքս ավելի շատ եմ սիրում: Այն ավելի շատ բան ունի տեսնելու: Սիրում եմ հետևել անցորդներին, որոնք այս կողմերում բավականին շատ են: Վերջերս հաճախ տեսնում էի մի երիտասարդի, որ անընդհատ գալիս էր, կանգնում ու երկար նայում ինձ: Զարմանալի էր, քանի որ սովորաբար մարդիկ ինձ վրա ուշադրություն չէին դարձնում: Իսկ այս մեկը շատ հաճախ էր գալիս, նույնիսկ մի անգամ ողջ գիշեր անց կացրեց բակում ինձ նայելով: Հետո դրանից մի քանի շաբաթ անց այս երիտասարդն ինձ քարով հարվածեց: Այնքան ցավեց, այնքան… Հարթ ապակուս վրա մի փոքր անցք առաջացավ, իսկ դրա շուրջը ճառագայթների պես ճաքեր հայտնվեցին: Գեր տանտիրուհու աղջիկը շտապ բացեց ինձ ու սրիկայի վրա մի լավ զայրանալու փոխարեն մատը դրեց շրթունքներին ու լուռ մնալու նշան արեց: Մի քանի օր անց նույն երիտասարդին արդեն մյուս աչքով տեսա: Նա գրկեց աղջկան և հրեց դեպի ինձ: Հարվածից վերքս մեծացավ ու սկսեց նորից ցավել: Էլ բան չտեսա, որովհետև աղջկա իրանը փակել էր աչքս: Միայն հոգոցներ էի լսում, իսկ աչքիս վրա զգում էի հետ ու առաջ կատարվող շարժումներ: Հետո երիտասարդին այլևս չտեսա:


Մի օր էլ եկան ու ինձ տարան: Իմ փոխարեն դրեցին նոր եվրոպականին: Նա նայեց ինձ ու լեզու հանեց:






Չգիտեի, թե հետո ինչ է լինելու. անհայտը, ճիշտն ասած, վախեցնում է: Բայց պարզվեց, որ նոր վայրն այնքան էլ սարսափելի չէր, պարզապես այն մի-փոքր աղքատիկ էր: Բացի այդ`ոչ ներսի, ոչ էլ դրսի կողմից լավ տեսարան չէր բացվում: Որքան հասցրել էի տեսնել` ինձ տեղադրել էին առաջին հարկում: Դրսում պողպատյա ավտոտնակներից ու այրված խոտածածկույթից բացի ոչինչ չկար: Ինձ այլևս չէին մաքրում, ու ես դարձա միջատների գերեզմանատուն: Տանը մի ծերունի էր ապրում, ով շուտով մահացավ: Լավ է` աչքս փակել էին մի կեղտոտ վարագույրով. չէի ցանկանա տեսնել ծերուկի հոգեվարքը: Նրա դիակը տարան, կահույքը հանեցին, վարագույրն էլ հետը: Դատարկ տանը նայելու բան արդեն չկար:


Հետո բակի երեխաներն ինձ կոտրեցին:





***



Ամեն պատուհան չէ, որ լույս է բերում…

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն