Տղամարդու հոտը

Չկա ավելի գեղեցիկ բան, քան միայնակ տղամարդու բնակարանը: Նախասրահում թափթփված կոշիկներ ու բաճկոններ են, իսկ խոհանոցում անբացատրելի քաոս է. կաթսայի մեջ անհասկանալի ծագման ուտելիք, սեղանին արագ սննդի ռեստորանների բուկլետներ, լոգասենյակում բացառապես տղամարդու խնամքի պարագաներ, որոնց թիվը չի գերազանցում հինգը (մեկական տեսակի շամպուն, լոգանքի գել, սափրվելու փրփուր, մազերի մեջ կորած օճառ, ողորմելիորեն թշվառ ատամի մածուկ), իսկ հյուրասենյակի ամեն անկյունում լիքը մոխրամաններ ու սուրճի բաժակներ: Ընդհանրապես, եթե տղամարդը չի ծխում, ապա նա իրավունք չունի միայնակ ապրել: Այդ դեպքում նրա բնակարանից ոչ թարմ սպիտակեղենի ու ծխախոտի հոտ չի գա: Այդ դեպքում նրա բնակարանից տղամարդու հոտ չի գա:


Ամեն անգամ, երբ նրա տուն էի մտնում, մոտս այն մաքրելու և հավաքելու անկառավարելի ցանկություն էր առաջանում, բայց հետո զգում էի նրա տաք շունչը պարանոցիս և լեզվի այրող հպումը մաշկիս, և տրվում նրան իր ոչ այնքան թարմ սպիտակեղենի վրա: 


Հոգուս խորքում ես հույս էի փայփայում, որ մի օր իրավունք կունենամ լվանալ, արդուկել ու փռել իմ սպիտակեղենն իր անկողնում, կկերակրեմ նրան այնպես, որ նա դեն կնետի անառողջ սննդի բուկլետները, լոգասենյակի դարակները կլցնեմ իմ խնամքի պարագաներով` տեղ չթողնելով իր մեկական տեսակի պարագաներին, իսկ հյուրասենյակի տարբեր անկյուններում կդնեմ իմ բուրավետ մոմերը: Ու կզգացվի, որ տանը կին կա: 


Նրա տունն ընտելացնելու գաղափարն այնքան էր ներծծվել մտքերիս մեջ, որ թվում էր, թե ինքնանպատակ էր դարձել: Բայց ես հավանաբար նրան այնպես չէի սիրում, ինչպես պետք էր սիրել, երբ ցանկանում ես ընտելացնել տղամարդուն և իր բնակարանը: Նրանից ես կատարյալ ճանաչում էի միայն իր մարմինը, դրա ամեն միլի-միլիմետրը, անգիր գիտեի, թե որ հատվածի մազածածկույթն որ ուղղությամբ է աճում, ինչպես է փշաքաղվում մաշկը, երբ շուրթերով դիպչում էի անրակներին, թեթևակի փչում պարանոցին ու կծում ականջի փափուկ մասը, որ միշտ սառն էր: Եթե մի պահ լուռ ու անշարժ մնայիր, կարող էիր լսել, թե ինչպես է արյունը սրտից հոսում երակներով ու սնում օրգանները, ինչպես են աշխատում ծխից ծերացած թոքերը: Ես գիտեի, թե ինչ է պետք անել նրան նյարդային վիճակից հանելու համար, բայց չգիտեի, թե ինչն է նրան զայրացնում: Ես գիտեի, թե մերկանալուց քանի վայրկյան անց են սառչում նրա ոտքերը, քանի տասնյակ շարժում է պետք նրան օրգազմի հասցնելու համար, գիտեի, թե ինչ է պետք անել նրան առավել երկար վայելելու համար: Ես գիտեի, թե ինչ է նա զգում, երբ ուժեղ ձգում էր մազերս կամ հարվածում ազդրերիս, ամուր սեղմում դաստակներս իր երկար մատներով, երազում երկար եղունգներ ունենալու մասին, որպեսզի արյուն անի մեջքս: Ես գիտեի, թե հանգիստ ու անհանգիստ պահին րոպեում քանի անգամ է նա շնչում ու արտաշնչում:


Երբեմն, երբ համաձայնում էի գիշերել իր կողքին, նոր հայհոյանքներ էի սովորում, որովհետև նա հայհոյում էր քնած ժամանակ: Հոնքերը խոժոռում էր, ամուր սեղմում սավանն ու հայհոյում: Առավոտյան նրան հարցեր չէի տալիս, որովհետև պատասխանն ինձ չէր հետաքրքրում, անգամ եթե նա համաձայներ ինչ-որ բան պատմել: 


Ես նրան չէի ճանաչում այնքան, որպեսզի ցանկանայի ամեն գիշեր լսել իր հայհոյանքները: Չէի ճանաչում նաև այնքան, որ ցանկանայի առավել ճանաչել: Ինձ հետաքրքիր չէր, թե ինչ երազանքներ ուներ, թե դրանցից որոնք այդպես էլ կմնային երազանք, թե ում էր ամենից շատ ատում և ինչից էր վախենում: Ինձ հետաքրքիր չէին նրա սիրելի սրճարանն ու գիրքը, թեյի տեսակն ու օրվա ժամը, նրա հագուստի չափսն ու լոգանքի գելի բույրը: Ինձ հետաքրքիր չէր, թե նա ուր էր գնում, երբ միայնակ էր լինում, թե ինչ միջոցներ էր կիրառում, երբ հոկտեմբերին հիվանդանում էր կամ գլխացավ էր ունենում: Ինձ հետաքրքիր չէին նրա գլխացավերն ու դրանց դրդապատճառները: Նրանից ինձ միայն իր մարմինն էր հետաքրքիր՝ իր ամեն միլի-միլիմետրով ու արյան պարով: 





Ինձ ոչինչ-ոչինչ, հաստատ ոչինչ չէր հետաքրքրում: Բայց գուցե պարզապես ես վախենում էի մերժում ստանալ, եթե դրանցից ինչ-որ մեկն ինձ հետաքրքիր լիներ…

Tags:

Share:

2 մեկնաբանություն