2 3 Mari Love : A: B: SMS
Մտքեր

A: B: SMS

By Friday, September 12, 2014

A: Երբևէ մտածե՞լ ես, որ մենք տիեզերքի ամենամեծ մասնիկներն ենք, և մնացյալ բոլորը մեզնից այնքան փոքր են, որ մենք նրանց պարզապես չենք նկատում:
B: Իսկ մոլորակնե՞րը: Դրանք մեծ են:
A: Այդ մասին չեմ մտածել: Երբ նայում եմ աչքերիդ, մոլորակներն անգամ անհետանում են ու փոքրանում:
B: Ուրեմն իմ աչքերն ամենամեծ մասնիկներն են տիեզերքում:
A: Ուրեմն քո աչքերը տիեզերք են:

A: Կբացե՞ս դուռը:
B: Վերնաշապիկս չեմ գտնում:
A: Ավելի լավ:

A: Ինչու՞ չթողեցիր գիշերեմ քեզ մոտ:
B: Առավոտյան աշխատանքի ես:
A: Իսկ դու ՝ դասի:
B: Տես՝ ինքդ էլ ամեն ինչ շատ լավ գիտակցում ես:

B: Մտածում եմ՝ հարբած մարդիկ ամենաանկեղծն ե՞ն, թե՞ ամենաերջանիկը:
A: Իսկ ի՞նչն է ստիպել հարբել:
B: Սովորությունը:
A: Ամենահիմարն են:
B: Երևի:
A: Ես հարբել եմ քեզնով:

A: Լավ եղանակ է: Ի՞նչ ես անում:
B: Պարապում եմ ու փորձում ինքս ինձ համոզել, որ սոված չեմ:
A: Գնում ենք անտառ:
B: Ինչու՞:
A: Գիշերն այնտեղ քնենք:

A: Սիրում եմ:
B: Սիրում եմ:

A: Կբացե՞ս դուռը:
B: Բաց է:

B: Մի ցուցակ եմ ուզում կազմել. 100 բան, որ պետք է անեմ կյանքում:
A: Ես կա՞մ:
B: Ամուսնանալ, երեխաներ ունենալ, մահանալ նույն օ՞րը: Չէ:
A: Իսկ սիրե՞լ:
B: Կա:

A: Ցուցակի մեջ ավելացրու՝ նորմալ պատրաստել սովորել:
B: Ինչ անկեղծ ես:
A: Եվ սոված: Հետ գամ, գնանք սուշի ուտելու:
B: Չէ, պիցցա:
A: Խոհանոցը պատրաստիր. միասին մի բան կմոգոնենք:

B: Ի՞նչ գիրք կարդամ:
A: Անկողնուդ կողքը թողել եմ:
B: Մոռացել էի, որ բազմոցից բացի անկողնում էլ կարելի է քնել:
A: Այսօր այդ օրն է:

A: Սիրում եմ:
B: Սիրում եմ:

B: Թիթեռնիկները մի օր են չէ՞ ապրում:
A: Հա:
B: Ուզում եմ թիթեռնիկ լինել:
A: Ի՞նչ կանեիր:
B: Կարբեի ծաղիկների բույրից:


A: Գնանք կինո:
B: Գնանք ու համբուրվենք:
A: Ձեռքս սահեցնեմ այնտեղ, որտեղ չի կարելի:
B: Գնում ես մենակ:

A: Լավ ֆիլմ էր:
B: Արի ինձ մոտ:

A: Կբացե՞ս դուռը:
B: Բաց է:

B: Վախենում էի: Որ կտեսնես ու կհամեմատես ու կհասկանաս, որ բոլորի կրծքերը չեն հավասար, բոլորի որովայնը չէ ձիգ, բոլորը չեն հիշում սափրել ոտքերը:
A: Տիեզերք ես:
B: Ուզում եմ թիթեռնիկ լինել:
A: Հետ եմ գալիս:

A: Սիրում եմ:
B: Սիրում եմ:

B: Մի բան եմ մտածել:
A: Հա:
B: Իսկ եթե տեղափոխվե՞ս:
A: Քեզ մոտ չափից դուրս լուսավոր է:
B: Հա, ճիշտ ես: Մոռացել էի:

A: Շրթունքներդ: Պարանոցդ: Կուրծքդ: Կոնքերդ: Ոտքերիդ մատները:
B: Դու:

A: Իսկ եթե մուգ վարագույրեր բերե՞մ:
B: Տարբերակ է:

A: Գնա՞նք ծով:
B: Գիշերը:
A: Թռչող լապտերներ կբերեմ:
B: Ու երազանք կպահենք:
A: Դու ես իմ երազանքը:
B: Երազում եմ թիթեռնիկ լինել:

B: Գիտե՞ս՝ գլխացավերս ուժգնացել են:
A: Կրկին գնա՞նք հետազոտվելու:
B: Չգիտեմ: Երևի: Վաղը:

A: Քնա՞ծ ես:

A: Չինակա՞ն, թե՞ հնդկական:
B: Երկուսն էլ:
A: Դուռը:
B: Հա:

A: Դուռը:
B: Մոռացել էի:

A: Սիրում եմ:

A: Քնեցի՞ր...

B: Քնել էի: Ի՞նչ օր է:
A: Ուրբաթ:
B: Այդ լավ է: Կգա՞ս վաղը:
A: Վարագույրեր եմ բերելու:
B: Արի թողնենք հետո: Դու միայն արի:

A: Մի բան այն չէ:
B: Հա՞:
A: Կարծես էլ տիեզերք չես:
B: Ափսոս:

A: Սիրում եմ:
B: Սիրում էիր:

A: Կբացե՞ս դուռը:
B: Վերնաշապիկս չեմ գտնում:
A: Իմը հագիր:
B: Լվացել եմ: Գտա:

A: Կամուսնանա՞ս ինձ հետ:
B: Հետո:

B: Երբևէ մտածե՞լ ես, որ հոգեկան հիվանդ եմ:
A: Ամեն օր:
B: Եվ ուզում ես ամուսնանա՞լ:
A: Այո:
B: Չե՞ս վախենում:
A: Ամենասարսափելին արդեն տեսել եմ:
B: Չես տեսել:


A: Կբացե՞ս դուռը:

A: Տանը չե՞ս:

A: Զանգում եմ:

A: Որտե՞ղ ես:

A: Կարոտում եմ:

A: Թիթեռնիկ...

A: Տիեզերք...

A: Ինչպե՞ս կարողացար ախր:

A: Ատում եմ քեզ:

A: Սիրում եմ:


A: Սիրում էի...

Նույն թեմայի մեջ

2 մեկնաբանություն