ՄիշԷլիս

Անվերջ տանգոներից անգամ պրոֆեսիոնալ պարողներն են հոգնում: Իսկ ես` սիրողական մի խաղացող, հոգնած փուչ պարերից ու անքուն գիշերներից, իրերս հավաքեցի ու չվեցի այնտեղ, որտեղ գեղեցիկն էր արարվում` հույս տածելով, որ այդտեղ գոնե գեղեցիկն այնքան շատ կլինի, որ կներարկվի գորշ արյանս մեջ, ու փրկություն կիջնի հոգնած մարմնիս ու հոգուս:


Կարծես սովոր էի հաճախակի տեղափոխություններին, մինչդեռ, երբ մարմինս ու մտքերս երիտասարդություն էին շնչում, պատկերացում չունեի, որ հարազատ քաղաքիս հրաժեշտ կտամ ու երբևէ կմտածեմ ճամպրուկ գնել ու նոր տուն փնտրել այնտեղ, որտեղ օտար մարդիկ են ծնվում ու մահանում: Բայց այնպես ստացվեց, որ նորմալ եղավ այն, որ մարդ կարող է միայնակ մնալ իմ կյանքի հետ և այնքան ինքնուրույն դառնալ, որ միայնակ ապրելուց չխորշի:


Գեղեցիկի քաղաքում ես էլ ձգտեցի դեպի գեղեցիկը: Թեև մասնագիտացել էի օրենքների աշխարհում և վայելում էի հաջողակ իրավաբանի համբավ, այստեղ որոշեցի փոխել մտքերս ու տրվեցի գեղեցիկն ուսումնասիրելուն: Միշտ էլ ընդունակություններս այնքան լավ էին զարգացած, որ մասնագիտանում էի ամենում, ինչին հոգիս կդիպչեր, լիներ օրենք, թե տանգո:


Այդպես արվեստին մասնագիտական մոտեցում ցուցաբերեցի և դարձա սկսնակ, սակայն խոստումնալից արվեստաբան: Հաճախ էի ներկա գտնվում տարբեր ցուցահանդեսների, որտեղ, սակայն, գեղեցիկ ոչինչ չկար:






Միշելին տեսնելուն պես բռնկվեցի նրան այլասերելու անզուսպ ցանկությամբ: Իմ մասին կարելի էր ասել, որ ժամանակի հետ և հանգամանքների բերումով ցանկասեր եմ դարձել, բայց ալյասերել… Այն էլ աղջկա… Ոչ… Անմեղ կուսությամբ լի այս աղջիկը հայացքը հառած կարմիր գինով կիսալի բաժակի պատերին նստած փոշու մանր հատիկներին` հանդարտ շնչում էր, ինչից նրա փոքր կուրծքը մեկ վեր էր բարձրանում, մեկ հուսահատ իջնում: Նա կարծես չէր պատկանում այն միջավայրին, որտեղ գտնվում էր: Միշելին տեսնելուն պես հասկացա, թե ինչ էր պակասում իմ կյանքում: Եվ դա սխալ էր: Համենայն դեպս ես այդպես էի մտածում, թեև մարմինս այլ բան էր կանչում:


Արվեստների մայրաքաղաքում գրեթե ամեն շաբաթ անց էին կացվում ցուցահանդեսներ: Մարդիկ, ովքեր վրձինը ձեռքը վերցնելիս այն ցած չէին գցել, իրենց տաղանդավոր ու անկրկնելի էին համարում, ցուցադրում էին իրենց անհեթեթ «գործերը», իսկ իրենց բարձրաճաշակ ու արվեստի գիտակ համարող մարդիկ էլ վեհ ամբոխներով գալիս էին այդ ցուցահանդեսներին, ընդունում դեմքի բարձրաճաշակ արտահայտություն ու խմբվում այս կամ այն աղբի առջև ու ժամերով այն քննարկում` խոսակցության երեք քառորդը նվիրելով աշխարհիկ սկանդալներին, սրա-նրա նոր զգեստին կամ սիրավեպին:


Միշելը կանգնած էր Դալիի գործերի վիրավորական ու բավականին անհաջող կրկնօրինակի առջև և ուսումնասիրում էր գինու բաժակի պատերը:


-Ի՞նչ կարծիք ունեք,- մոտեցա նրան:


-Անհեթեթություն է,- առանց հայացքը բարձրացնելու մրմնջաց նա: Ապա նայեց ինձ ու տեսնելով հավանություն տվող ժպիտս, ծիծաղեց:- Եվ չգիտես ինչու միշտ ինձ են հանձնարարում գալ այս ցուցադրություններին ու տեսնելով այս ամենը, մի այնպիսի նյութ գրել, որ բանից անտեղյակ մարդը կմտածի, թե արվեստն այստեղ է, որ կա: Գիտե՞ք արդեն սովորել եմ առանց գործերին ու մարդկանց նայելու գրել նոր նյութ: Բավական է հոդվածը սկսել այսպես. «Երեկ Արվեստների ցուցադրության տանը տոն էր: Հավաքվել էին հասարակության բարձր խավն ու լավագույն արվեստագետները: Ցուցադրվեցին այնպիսի գործեր, որոնք ապացուցում են, որ ժամանակակից արվեստը ոչ մի բանով չի զիջում դասականին: Դասական արվեստը այժմ է ստեղծվում»… Եվ վերջ, խաբեությունը պատրաստ է: Չնայած ամեն նյութ գրելիս գրում եմ դրա պատճենը` պարզապես այնպես, ինչպես իրականում է, ինչպես տեսել եմ: Անիմաստ սովորություն է… Իսկ դուք ինչու՞ եք այստեղ: Չլինի՞ ձեզ իրոք դուր է գալիս ժամանակակից «արվեստը»:


-Ես եմ այս գործի հեղինակը,- գլխով ցույց տալով աղջկա դիմաց կախված կտավը` համեստորեն ժպտալով (դերասանական կարողություններ միշտ էլ ունեցել եմ):


Միշելը կամաց հազաց ու դեմքի անհեթեթ արտահայտություն ընդունեց:


-Վստահ եմ` քննադատությանը նորմալ եք վերաբերվում…, - փորձեց ինչ-որ բան արտաբերել:


-Դե լավ-լավ, կատակ եմ անում, - ծիծաղեցի ես` ձեռքս թափ տալով: - Ես արվեստաբան եմ: Գիտական թեզ եմ գրում «Ժամանակակից արվեստն ու դրա հեռանկարները» թեմայով:


-Ահ, գրողը տանի- շունչ քաշեց աղջիկն ու մի կում արեց:


Պատկերացրի, թե ինչպես է գինին դանդաղ հոսում նրա կոկորդով ու ջերմացնում կուրծքը ներսից: Այնպես կուզեի մատներս սահեցնել նրա շիֆոնե բլուզի տակ և փաղաքշել փոքրիկ ու ձիգ կուրծքը: Շրթունքներս այնպես նրբագին կշոյեին նրա թավշյա մաշկը, որ, թաքնված աննշան ու անգույն աղվամազերի տակ, ինձ հրահրում էր անհավասար շնչել ու ոտքերիս արանքն ամուր սեղմել ու վերջ տալ անամոթ զարկերին:


-Ի՞նչ կարծիքի եք, եթե պայմանավորվենք և հաջորդ շաբաթ հանդիպենք: Կցանկանայի ձեզնից հարցազրույզ վերցնել: Հետաքրքիր կլինի լսել մասնագետի կարծիքը, ով, բացի այդ, հումորի զգացում էլ ունի և ինչ-որ թարմություն կբերի այս գորշ աշխարհի մասին բոլորիս պատկերացումների,- մտքերս ցրվեցին աղջկա գարնանային ձայնից:


-Մեծ հաճույքով: Միայն թե պետք է ճշտել, թե ինչպես եմ խոսելու. որպես անկախ ու անկեղծ մա՞րդ, թե՞ այնպես, ինչպես ընդունված է:


Միշելը ծիծաղեց.


-Այնպես, ինչպես ճիշտ կհամարեք:


-Բարի,- ժպտացի,- ծանոթանանք` Էլիս:


-Միշել: Հաճելի է ծանոթանալ:


-Ինձ նույնպես, Միշել…








Հաջորդ շաբաթ օրը ռեստորաններից մեկում ընթրիքի էի Միշելի հետ: Այնպես էի հուզվում, կարծես տղամարդու հետ ժամադրության էի: Միշելը տղամարդուց կարևոր էր: Իմ կյանքի տղամարդիկ որակապես այնքան էին զիջում այս անփորձ ու հետաքրքիր աղջկան, որ մոռացել էի ամեն անցյալ ու պարտադրված ապագա:


Նա ինձնից շուտ էր ժամանել, ինչպես վայել է լրագրողներին: Միշելը լրագրողներից կարևոր էր: Նա ընդհանրապես բոլորից ու ամենից կարևոր էր դարձել: Կյանքում այդպես էլ լինում է. մյուսների կյանքում կարևորվում են միայն այն ժամանակ, երբ ամենաքիչն ենք դրան սպասում: Իր հպարտ կեցվածքով նա նման էր աստվածուհու` կուսական իր թարմությամբ ու անմեղությամբ: Որին ես տենչում էի այլասերել: Ինձ տեսնելուն պես նա ժպտաց և ձեռքով արեց: Ձեռքի շարժումից օդը պարուրվեց նրբագույն օծանելիքի բույրով, որ ներդաշնակ ալիքներով հասավ ինձ:


Ընթրիքի ընթացքում հասցրեցի նրան ճանաչել: Նա քսանհինգ տարեկան էր, ապրում էր հոր հետ: Մայրը լքել էր ընտանիքը` փախչելով մի իսպանացու հետ, երբ Միշելը հինգ տարեկան էր: Հայրը նկարիչ էր: Վերջին տարիներին սկսել էր շատ խմել: Կնոջ բացակայությունն ազդում էր ծերացող տղամարդու ուղեղի վրա: Եվ ձեռքերի նույնպես, որոնք հարբեցողության գարշահոտ տարածելով երբեմն ցավոտ հանգրվան էին գտնում Միշելի տկարավուն մարմնի վրա: Միշելը միշտ հետաքրքրվել է լրագրությամբ. ամբողջ սենյակը լի էր թերթերով ու ամսագրերով: Նա միշտ հստակ գիտեր, թե ինչ է դառնալու: Համալսարանն ավարտելուց միանգամից հետո լավ աշխատանք էր գտել ամսագրերից մեկում, որտեղ ժամանակակից արվեստը լուսաբանող խորագիր էր վարում: Լրագրողի աշխատանքն այն էր, ինչի մասին նա մանկուց երազում էր: Եվ չնայած նրան, որ ստիպված էր գրել այնպիսի բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեին, նա սիրում էր իր աշխատանքը: Ցորենագույն մազերով ու շոկոլադագույն աչքերով այս աղջիկը ստիպում էր ինձ երևակայել ավելին, քան երբևէ: Իսկ երբ ժպտում էր և բացում մարգարտե ատամնաշարը, ամաչում էի ինքս ինձնից ու իմ տարօրինակ ու անսովոր մտքերից: Բայց մի բան հաստատ էր. ես ցանկանում էի նրան, ինչպես ոչ ոքի: Ես, որ կյանքիս հասուն շրջանում տրվում էի միայն գեղեցկագույն տղամարդկանց և որոշակի պաշտամունք էի տածում տղամարդկային սկզբի հանդեպ, ցանկանում էի մերկ կնոջն առնել մարմնիս մեջ ու բաց չթողնել: Ներսս անծանոթ զարկում էի զգում` օրգաններիս անծանոթ խորքերում օտար, բայց սիրելի զարկեր էին բախում, որ ոչ մի տղամարդ չէր փորձել բացահայտել:






Ես, երևի, զզվել էի տղամարդկանցից: Նրանցից մեկը` առաջինը, ինձ այնպես ցավագին էր հարվածել, որ նորից ապրելու համար ճայանալ էր պետք: Իսկ ես այդքան կարողություն չունեի: Նա ասում էր, որ ես կշարունակեմ ապրել, որովհետև չեմ սիրում իրեն, բայց անիծյալը չարաչար սխալվում էր. ես խենթանում էի նրա համար: Սիրում էի այնպես, ինչպես երկրագնդի վրա ոչ ոք ոչ ոքի չէր սիրում: Ես իմ անմեղությունն ու ապագան էի նրան նվիրել, անշնորհքաբար կապել իր հետ, իսկ նա… Նա խաղ էր անում ինձ հետ: Նա չէր հասկանում, որ այսպես չեն վարվում երիտասարդ աղջիկների հետ: Նա կոտրեց ինձ էլ, իրեն էլ. նա գոյություն չունեցող «մեզ» սպանեց: Իրենից հետո ինչպե՞ս կարող էի ապրել այնպես, ինչպես նախկինում: Դա նման է մի բան, որ մարդուն ցույց տաս, թե ինչ բան է շոկոլադն ու ստիպես, որ սկսի ուտել մաշված կոշիկ: Նրանից հետո ես այլևս չկարողացա հասկանալ, թե որն է ճիշտ ապրելը: Եվ ատեցի տղամարդուն էլ, Տղամարդուն էլ… Եվ նրանցից բխող կոշտ հորմոնները: Միշելից այնքան քնքշություն ու ջերմություն էր գալիս, որ մարմինս երազում էր նրանից քամել կյանք տվող ամեն կաթիլն ու զրկել գրավչությունից, որպեսզի միայն ես լինեի տերն ու տիրակալը նրա գեղեցկության:


-Մենք այնքան տարբեր ենք, սակայն միմյանց լավ ենք հասկանում: Կցանկանայի ձեզ հետ ընկերանալ: Ինձ թվում է ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ: Բացի այդ, մեր շփումը երկուսիս էլ օգտակար է: Ինձ հոդվածներ գրելու համար, ձեզ` թեզի: Այդպես չե՞ք կարծում,- Միշելի զրնգուն ձայնն ինձ հետ բերեց սեռաքաղց մտորումներից:


-Ինձ հաճելի կլինի ավելին ճանաչել ձեզ և հնարավորություն տալ ձեզ ճանաչելու ինձ: Կարծում եմ` մենք լավ ընկերներ կլինենք:


-Իհարկե,- քնքշորեն ասաց Միշելն ու իջեցրեց փոքրիկ գլուխը:






Միշելն ու ես հանդիպում էինք, զբոսնում, միասին հաճախում ցուցադրությունների ու միասին զվարճանում: Գարունն արդեն իր տիրապետության տակ էր առել մարդկանց: Բոլորի աչքերում հույս կար: Ինչ-որ կարևոր ու թեթև նորության սպասում կար բոլորի աչքերում: Միշելն ու ես արդեն շատ մտերիմ էինք, սակայն ինչ-որ բան խանգարում էր ամբողջովին բացվել: Մեր հանդիպումները ինչ-որ խոստովանության էին սպասում: Գոնե ես վստահ էի, որ մենք պետք է որ ավելին լինենք, քան մտերիմ ընկերուհիները: Ու մանչուկի պես սպասում էի, թե երբ է այդքան ցանկալի քաղցրությունը ներս սողոսկելու մեր հարաբերություններ:


Մայիսյան մի առավոտ հանդիպել էինք սրճարաններից մեկում: Սիրում էինք միասին նախաճաշել: Նախաճաշից հետո սովորաբար զբոսնում էինք հարևան այգում, զրուցում, լռում: Այս օրը ոչնչով չէր տարբերվում մյուսներից: Միշելն ինքնամոռաց պատմում էր վերջին սկանդալի մասին, իսկ ես ըմբոշխնում էի նրա ներկայությունն ու մտքում անհարիր բաներ անում նրա անպիղծ մարմնի հետ: Հանկարծ Միշելը լռեց ու ծանր հոգոց հանեց.


-Ոչ, միայն ոչ նա…


-Ի՞նչ պատահեց,- հարցրի ես ու վերադարձա իրականություն:


-Տեսնու՞մ ես հեռվում` այնտեղ ծառի տակ մի երիտասարդ է կանգնած:


-Այն մորուքավոր մանչուկի՞ն,- ծիծաղեցի ես: Երիտասարդի տեսքն իսկապես խղճահարության էր արժանի,- սպասիր, պայուսակիս մեջ կարծես թե մետաղադրամներ ունեմ, օգնենք դժբախտ երիտասարդին:


-Էլիս, ես չեմ կատակում,- նեղացավ Միշելը,- նա նկարիչ է, ասում են` բավականին խոստումնալից ապագա ունի: Սակայն դա չէ կարևորը: Արդեն մի քանի ամիս է` նա ինձ հետապնդում է: Սիրահարված է…


-Իսկ դու՞:


-Գիտես, որ ոչ ոք չի կարողանում գրավել ուշադրությունս: Հիմա կմոտենա և էլի կսկսի իր լաց ու կոցը:


-Ի՞նչ է ուզածը:


-Ժամադրություն… Երբեմն մտածում եմ, որ եթե երբևէ ամուսնանամ, խղճահարությունից եմ ամուսնանալու: Տես, արդեն տեսավ մեզ: Հիմա կգա… Արդեն գալիս է…,- հուսահատ շշնջաց Միշելը:


-Մտքովս մի բան անցավ: Ուզու՞մ ես մեկընդմիշտ ազատվել մեր պատանյակից:


-Այդպիսի երջակություն ինձ բաժին չի ընկնի,- հոգոց հանեց նա:


-Ամեն դեպքում կարելի է փորձել: Գիտե՞ս տղամարդիկ, մեր դեպքում` տղաները, երբ են վերջնականապես հիասթափվում կնոջից: Երբ իմանում են, որ նա ավանդական կողմնորոշում չունի: Կարող ենք մի փոքրիկ ներկայացում խաղալ:


-Երկար ժամանակ չունեմ մտածելու: Միայն թե ազատվեմ նրանից,- հապշտապ պատասխանեց Միշելը:


Միշելի խոսքերի վրա մեզ մոտեցավ տկար նկարիչը:


-Բարի առավոտ, Միշել,- մրմնջաց նա, ապա նայեց ինձ ու մի կասկածամիտ շարժումով բարևեց նաև ինձ: Ես գլխով արեցի: Միշելը շատ հանգիստ, բայց և ոգևորված տեսք ուներ:


-Բարի առավոտ, Ֆաբիո, ինչպե՞ս ես,- ժպտաց Միշելը:


-Քեզ տեսնելիս չեմ կարող վատ լինել,- տխուր ժպտաց նկարիչը:


-Թույլ տուր ներկայացնել իմ մտերիմ ընկերուհուն` Էլիս, արվեստաբան: Էլիս, սիրելիս, ծանոթացիր` երիտասարդ, սակայն շատ խոստումնալից նկարիչ` Ֆաբիո Մարինի:


Այս խոսքերի վրա Միշելը բռնեց ձեռքս ու ավելի մոտեցավ ինձ ու համարյա հպվեց: Կրծքիս վրա զգացի նրա ձիգ կուրծքը: Աչքերիս առջև մթագնեց: Սակայն Ֆաբիոյի դեմքի ապշահար արտահայտությունն ինձ ուշքի բերեց: Զգացի, որ իրավունք չունեմ բաց թողնել պահը: Քաղաքավարի ժպտացի ու դիմեցի Ֆաբիոյին.


-Շատ հաճելի է,- ու ձեռքս նրբորեն ազատելով Միշելի ձեռքից, գրկեցի նրա իրանը:


-Դուք… Ներեցեք, իհարկե… Միշել…


-Այո, Ֆաբիո, մենք ավելին ենք, քան մտերիմ ընկերուհիներ,- ժպտաց Միշելը, - այնպես չէ՞, սիրելիս,- շրջելով գլուխը ինքնագոհ նայեց ինձ:


-Այլ կերպ չէր կարող լիներ,- քաղաքավարի ժպիտը դեռ դեմքիս ասացի ես: Շրջվեցի, ու հայացքս հանդիպեց Միշելի անմեղ ու երջանիկ հայացքին: Նա շրթունքները հեռացրեց, որպեսզի ինչ-որ բան ասի: Մթագնած ուղեղս դա այլ կերպ հասկացավ: Առանց վայրկյան իսկ մտածելու շրթունքներս մոտեցրի նրա շրթունքներին ու համբուրեցի նրան: Զգացի, թե ինչպես նրա մարմնով դող անցավ, մի պահ կարծես թե ցանկանում էր հետ մղվել, սակայն ես ավելի ուժեղ հպվեցի նրան: Միշելը պատասխանեց համբույրիս: Փշաքաղված լեզվիս ամեն բջիջով զգում էի նրա ջերմ շնչառությունը, իսկ փամփլիկ շրթունքների նրբությունից շունչս կտրվում էր: Երբևէ ամենակրքոտ համբույրս տեղի ունեցավ մայիսյան մի առավոտ, հրահրված ու պատասխան գտած համբույրս սկիզբ դրեց իմ ու Միշելի սիրավեպին:






Միշելը ձեռքս բռնած պտտվում էր մեր հարաբերությունների հորձանուտում: Ես կարողացա մոլորեցնել նրան, սովորեցնել կնոջ մարմինը վայելելու արվեստին, ինքս էլ սովորեցի. նա կարողացավ ամբողջովին բացվել ու տրվել ինձ: Եվ սարսափելին, գուցե և հաճելին այն էր, որ երկուսս էլ դա բնական էինք համարում: Ո՞ր տղամարդը կկարողանար այնպես նուրբ ու քնքուշ, բայց միաժամանակ հմտորեն սիրել մեզ: Միշելը, որ կյանքում տղամարդ չէր ունեցել, չէր կարող հասկանալ, թե ինչ բան է տղամարդ ճաշակած կնոջ համար հասկանալ, որ վերևում, գուցե, այդքան էլ ճիշտ չէր ամեն ինչ: Միշելից հետո ինձ ոչ մի տղամարդ երբևէ չէր կարող գրավել: Ուր մնաց մտնել մարմնիս խորքերն ու ինձ սեր ներարկել: Մենք լրացնում էինք իրար: Ժամերով մերկ պառկում էինք արևոտ սենյակում: Արևի ճառագայթները լուսավորում էին ամոթի ու կրքի մեր հանգրվան անկողինը: Արևը պայքարի մեջ էր մտնում մատներիս հետ, և մենք մրցում էինք, թե որ մեկս կխաղար Միշելի վարսերի հետ: Այդ պայքարում ես հաղթում էի, որովհետև Միշելն ինձ էր նախընտրում: Արևը դիպչում էր նրա կրծքին, սակայն ես էի այն համբուրում, իմ մատներն էին սահում նրա մարմնով, ստիպում նրան արթնանալ ու ենթարկվել իմ սեփականին: Ինչ-որ կենդանական բան կար իմ զգացմունքներում, իսկ Միշելը կարծես այլ բան էր փնտրում: Նա քնքշանք էր փնտրում, իսկ ես… Ես նրան էի փնտրում անգամ այն ժամանակ, երբ կողքիս էր: Ֆիզիկապես մենք նույն կառուցվածքն ունեինք` ասես հավասար գծած լինեինք: Եվ այնքան գեղեցիկ էին մեր կատարյալ մարմինները հայելապատ արտացոլանքներում, որ աստվածներն անգամ կհիանային: Անգիր էի սովորել նրա մարմնի ամեն միլիմետրը, հրճվում էի այն մտքից, որ այն, ինչ տրվել է նրան աստվածների կողմից, տրվել է նաև ինձ, ճիշտ և ճիշտ: Նա ծիծաղում էր, երբ դիպչում էի մեջքին և սարսռում, երբ մատներս սահեցնում էի կոնքերով: Կենսատու արանքներում խորտակվում էի` շունչ առնում իմ սիրո ահեղ հորձանուտում: Նա համբուրում էր շրթունքներս և աչքերը չէր փակում, ուշադիր նայում էր աչքերիս ու այդպես մնում` շուրթը շրթիս, շունչը` շնչիս: Նա զգում էր, թե մարմինս ինչ է ցանկանում: Եվ անում էր ամենը` այրվող մարմնիս խաղաղություն տալու համար: Մարմինս Միշել էր շնչում…






-Էլիս…


-Այո՞ սիրելիս:


-Այն, ինչ կա, սե՞ր է,- հարցրեց Միշելը:


Ամառային շոգ առավոտ որոշել էինք ծովափ գնալ ու կրքից հոգնած մեր մարմիններին արևային ջերմություն փոխանցել: Մենք պառկած էինք տաք ավազին` զինված լայնեզր գլխարկներով և մեծ ակնոցներով: Միշելն արձակել էր լողազգեստի վերին հատվածն ու մերկ մեջքը պարզել արևին: Ես գիրք էի ընթերցում` մերթընդմերթ համբուրելով նրա այտը:


-Երևի, Միշել, չեմ կարող ասել: Ինձ համար բարդ է որևէ բնորոշում տալ:


-Ինձ համար առավել ևս բարդ է:


-Տղամա՞րդ ես ուզում:


-Ոչ,- վախեցած վեր կացավ փոքրիկս ու կուրծքը ափերով փակելով նայեց վրաս: -Այսինքն չգիտեմ, ինչպե՞ս իմանամ, երբ երբեք չեմ փորձել:


-Դե հա, անարդար է գոնե մեկ անգամ չփորձել` համեմատական անցկացնելու համար,- անվրդով դեմքի արտահայտությամբ դիմեցի նրան` հայացքս չկտրելով գրքի անհետաքրքիր էջերից:


-Էլիս…


-Ես հասկանում եմ քեզ, փոքրի´կս,- փակեցի գիրքն ու ուղղվելով նստեցի Միշելին դեմ դիմաց: -Պետք է գոնե մեկ անգամ տրվել տղամարդու: Գուցե դրանից հետո հասկանաս, որ ես ու դու… Դե մենք սխալ ենք:


-Դու հասկացել ես, որ տղամարդու հետ սխալ է, ուստի մենք հիմա միասի՞ն ենք:


-Ես… Ես ուրիշ պատմություն եմ: Ինձ հետ գործ չունես:


-Դու երբեք չես պատմել ինձ քո անցյալի այն միակ պատմությունը, որ հաստատ ունես:


-Եվ պետք չի,- խիստ ասացի ես:


-Ինչու՞: Արժանի չե՞մ: Չե՞ս վստահում:


-Միշել… Դու գիտես, թե ով ես ինձ համար: Ես քեզ համար մարդ էլ կսպանեմ, բայց իմ անցյալը միայն իմն է: Ժամանակի հետ կսովորես ինձ պես եսասեր լինել: Եվ հետո, մենք երևի թե շեղվեցինք մեր գլխավոր թեմայից: Ու՞մ հետ կուզես քնել:


-Գրողը տանի, ոչ մեկի,- Միշելը վախեցած վեր թռավ տեղից և սկսեց փնտրել կրծքկալը:


-Լավ, ուրեմն ես կընտրեմ:


-Դու այլասերված ես,- հոգոց հանեց փոքրիկը:


-Կյանքն է ստիպել: Ճայերը…






Այնուամենայնիվ մենք որոշեցինք, որ լիակատար վստահության համար Միշելը պետք է տղամարդ ճաշակի: Ես նստած էի հյուրանոցի մեր համարում և նյարդայնությունից կրծում էի գեղեցիկ եղունգներս: Այն միտքը, որ քաղաքի մյուս ծայրում նույն պահին Միշելն ինչ-որ մեկի հետ էր, ինձ սպանում էր: Այն ժամանակ, երբ ես մի անկյունից մյուսն էի գնում և համարում եղած ալկոհոլի վերջը տալիս, Միշելը հեռացող անմեղության ցավից ճչում էր և եղունգները մխրճում փափուկ բարձերի մեջ: Պատկերացնում էի, թե ինչպես են օտար, տղամարդկային շրթունքներ համբուրում նրա մարմինը, շոյում կուրծքն ու կոնքերը, ամուր բռնում պարանոցից ու տղամարդավայել հափշտակում նրա կուսական շունչն անպաշտպան մարմնից: Սրտիցս ափսոսանք էի քամում, որ թույլ տվեցի և ինքս դրդեցի նրան այդ քայլին: Իսկ եթե նա հասկանար, որ ես իրեն բավարար չեմ…


Ժամեր էին անցնում: Ալկոհոլ չէր մնացել, ուժ չէր մնացել: Ամեն հույս կորցրած նստել էի հատակին` գլուխս հենած անկողնուն: Կոպերս այնքան էին ծանրացել, որ անկարող էի աչքերս բացել: Անիծյալ գլխապտույտն էլ չէր խաղաղվում:


Համարի դուռը կամացուկ բացվեց: Միշելը լուռ ներս մտավ:


-Միշել,- հազիվ արտաբերեցի, փորձեցի վեր կենալ, բայց խղճուկ փորձս անհաջողությամբ ավարտվեց. վայր ընկա:


-Էլիս, Աստված իմ, ինչու՞ ես այս վիճակում,- հեկեկաց Միշելը:


Աչքերս մի կերպ բացելով տեսա նրան` փոքրիկիս: Նրա տեսքն իմ տեսքից սարսափազդու էր:


-Ինչու՞ ես արտասվում, փոքրիկս,- մրմնջալով հարցրեցի նրան:


-Էլիս,- հեկեկում էր Միշելը,- ես սիրում եմ քեզ, գրողը տանի, տանի ու էլ հետ չբերի, ես սիրում եմ քեզ: Ինձ ոչ ոք պետք չի: Ես քեզ եմ սիրում…


-Իմ փոքրիկ… Եկ ինձ մոտ, գրկիր ինձ,- հանգիստ ասացի ես ու ձեռքս մեկնեցի դեպի նա:


Մարմինս ցավում էր:


Միշելն իմն էր:






Աշուն էր արդեն, հոկտեմբեր, գուցե նոյեմբեր: Անունով երևի հոկտեմբեր էր, անձրևներով` նոյեմբեր: Այսպես ճիշտ է: Միշելն արդեն մրսում էր, և ես ստիպված էի լինում տաքացնել նրան: Գիշերներն արթնանում էր դողից, սառը քրտինքը պատում էր ճակատն, ու կաթիլները հստակ երևում էին սպիտակ ճակատի հարթ մակերևույթին: «Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ»: Հետո նա լավացավ: Ինձ շնորհակալություն էր հայտնում: Սակայն պետք էր փոխհատուցել:


Մի անձրևոտ օր, երբ պատուհանները կաթիլներ էին լալիս, իսկ երկինքը մութ էր հառաչում, ես ու նա ընկղմվել էինք տաք վաննայի մեջ: Մեր մարմինները հավասար խորտակել էինք ջրի տակ. հաճելի էր: Տաք էր… Պարզ ջրի տակ հստակ երևում էր նրա գեղեցիկ մարմինը, որ մերթընդմերթ փշաքաղվում էր:


-Ինչի՞ ես պատրաստ հանուն ինձ,- հարցրեցի:


-Ամեն ինչի, երևի,- ասաց Միշելն ու սառած աչքերն ինձ ուղղեց:






* * *









Այն ժամանակ, երբ պատուհաններն անձրև էին լալիս, իսկ երկինքը մութ էր ոռնում, քաղաքի լոգարաններից մեկում` վաննայի մեջ, երկու աղջիկների դիակներ խորտակվել էին ջրի ու արյան մեջ: Իրար բռնած երկու ձեռքի երակ ճաքել էին իրենց բնական ուղուց ու արյուն էին ներկում պարզ ջուրը, որ թաքցնում էր նրանց գեղեցիկ մարմինները…

Share:

0 մեկնաբանություն