Մարիա

Մարիայի և իմ սերն ապրեց քսան տարի: Այն, ինչ զգացի առաջին անգամ նրան տեսնելիս, չէր կարելի կոչել սեր առաջին հայացքից: Այդպիսի սեր չի լինում, կարծում եմ: Միայն սիրտդ է կծկվում, և թվում է, թե կպարտվես մի անձնական պայքարում, թե կորցնես նրան: Մարմինդ սառչում է, անզգայանում, զգում ես միայն պարանոցիդ զարկերակի հարվածները, որ տաք արյունը մղում են այնտեղ, որտեղ ծնվում է վայրկյանի զգացումը: Միանում է միտքը, որ մոլագարի պես կրկնում է. «Ես չեմ կարող կորցնել նրան, ես չեմ կարող կորցնել նրան…»: Բախտավոր է նա, ով կկարողանա հասնել վայրկյանի զգացումն առաջացնողին: Կրկնակի բախտավոր է նա, ով կկարողանա վայրկյանի զգացումը վերածել երկարատև զգացմունքի:




Երբ Մարիային առաջին անգամ տեսա, քսանամյա երիտասարդ էի: Այդ տարիքում երակներում արյունը դեռ սովորականից արագ է հոսում: Հոսելիս էլ այնպես ուժգին է զարկում երակների պատերին, որ մոռանալ է տալիս ամեն տեսակ սահման ու կանոն: Պարզապես թռչում ես այն ուղղությամբ, որ կանչում է քեզ: Մարիան այնքան հստակ էր ինձ կանչում, որ անկարող էի չնկատել ու չսլանալ դեպի նա: Եվ իզուր չէր, որ խենթի պես նետվեցի նրա մոտ: Մարիան գրկաբաց ինձ իր աշխարհ ընդունեց և խնդրեց միացնել իմ աշխարհն իրենին և կերտել մեր հեքիաթը: Մարիան դարձավ իմ կյանքի հերոսուհին:




Երիտասարդ էինք, սիրում էինք իրար այնպես, ասես ամեն օր վերջինն էր: Այդպես հնարավոր է ապրել, երբ իսկապես սիրում ես: Մենք երբեք չէինք վիճում, քանի որ համարում էինք, որ զուր ժամանակ ենք վատնում: Բացի այդ, վիճելու առիթներ չէին լինում: Մարիայի մտքերը սկսվում էին այնտեղ, որտեղ վերջանում էին իմը, և հակառակը: Մենք լրացնում էինք միմյանց: Երկուսս էլ սիրում էինք արվեստը: Ես նվագել էի սիրում, նա` նկարել: Եվ ամեն մեկս դարձանք այն, ինչի մասին երազում էինք: Մարիան խրախուսում էր ինձ, ինչ էլ ձեռնարկեի: Երբ ճիշտ մարդ է օգնում կայանալուդ մեջ, այդ ուղին էլ է սիրելի դառնում: Սիրում ես անգամ այն խնդիրները, որ ծնվում են, քանի որ գիտես, որ ճիշտ ժամանակին հայտնվելու է սիրելիդ, որ ձեռքդ բռնի:




Ամուսնացանք: Ասում են ամուսնությունն ազդում է սիրո վրա. ժամանակի հետ այն դառնում է սովորական, ոմանց մոտ` ձանձրալի: Իսկ մենք սիրում էինք իրար այնպես, ինչպես առաջին օրը: Ինչպե՞ս կարող էի հոգնել Մարիայից, երբ նա ամեն օրս տոն էր դարձնում: Տոն էր անգամ, երբ տեղափոխվեցինք երկու սենյականոց խղճուկ բնակարանը, որ հայրս էր գնել ու մեզ նվիրել: Բնակարանն այնքան անմխիթար վիճակում էր, որ ցանկանում էի վաճառել այն և վարձով ապրել: Բայց Մարիային միտքս դուր չեկավ.




-Մի՞թե գեղեցիկ չէ մե՛ր տունն ինքնուրույն ստեղծելու միտքը: Հապա մի պատկերացրու… Կանենք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում:




Նա գրկել էր իրանս և պսպղուն աչքերով նայում էր վրաս: Նրա պսպղուն հայացքն էր ինձ կյանք տալիս:




Մեկ ամիս անց մենք արդեն մեր բնակարանում էինք, որտեղ ամեն մի մասնիկ մեր ցանկությամբ էր: Եվ ես ամեն օր համոզվում էի, որ Մարիան է իմ կինը, և որ իմ երկրորդ կեսն աշխարհի հեռավոր ծայրերում չի թափառում, այլ ապրում է ինձ հետ մեր կերտած հարկի տակ:




Դաշնամուրս դրեցինք հյուրասենյակում, պատուհանի կողքին էլ Մարիայի նկարելու պարագաները: Մարիան սիրում էր ամեն տեսակ բուրավետ հոտեր, և հավատում էր, որ դրանք տրամադրություն են ստեղծում տանը: Իրականում մեր սերն էր, որ տիրում էր բնակարանի ամեն անկյունում: Ժամանակի հետ մեր տունը գեղեցկացավ, որովհետև երկուսս էլ աշխատում էինք և քիչ փող չէինք վաստակում: Սակայն դաշնամուրս ու նկարելու պարագաներն անփոփոխ մնացին իրենց տեղում տասը տարի շարունակ: Մարիան սիրում էր նկարել դաշնամուրիս արձակած հնչյունների ներքո: Նա ասում էր, որ կարողանում եմ աստվածային հնչյուններ համադրել: Ասում էր, որ իր գլխավոր ու մշտական մուսան եմ:




Ապրում էինք մեր ստեղծած աշխարհում, որտեղ միայն սերն էր տիրում: Այնքան էի սիրում կնոջս…










Մարիան չէր կարողանում երեխա ունենալ: Որոշեցինք երեխա որդեգրել. Մարիան համարում էր, որ մեր սերն այնքան մեծ է, որ պարզապես պարտավոր էինք այն ինչ-որ երրորդ մեկի հետ կիսել: Բայց պարզվեց, որ նրա սերն այնքան ուժգին ու մեծ էր, որ վնասել էր սիրտը: Կնոջս կրծքում չարաբաստիկ ուռուցք էր առաջացել, որ մեր սիրուց ուժեղ գտնվեց: Մարիան մահացավ…

Share:

0 մեկնաբանություն