Տարիքային տարբերության մասին

Նա ինձնից մեծ էր: 20 տարով: Մեծ էր: Ինձնից: Կամ էլ ես էի նրանից 20 տարով փոքր: Տարբերություն կար: Եվ ոչ միայն տարիքային:


Ես հայր չունեի: 


Եվ նա կատարյալ հայր էր ինձ համար: Եվ կատարյալ սիրեկան: Եվ կատարյալ ընկեր: Նա այնքան կատարյալ էր, որ իր կողքին վախենում էի անգամ շնչել, որովհետև անգամ շնչելն ինձ մոտ անկատար էր ստացվում: Հետո նա սովորեցրեց ինձ, որ ես կատարյալ եմ շնչում, երբ մենք դա անում ենք միմյանց հետ, միմյանց վրա ու տակ: Ես շնչում եմ, նա արտաշնչում է, հետո ես եմ արտաշնչում, իսկ նա շնչում է: Նա սկսում է հևալ, իսկ ես ուշագնաց եմ լինում:


Նա ինձնից 20 տարով մեծ էր: Ես այդքան էլ երիտասարդ չէի:


Նրա մարմինը դեռ ուժեղ էր, սակայն տան անկյուններում ու ավտոմեքենայում դեղեր էի տեսնում: Նրա դիմագծերը դեռ ուղիղ էին, սակայն մաշկի վրա առաջին կնճիռներն էին երևում: Դա ինձ այնքան սեքսուալ էր թվում: Չէ՞ որ կնճիռները կյանքի նշան են, դրանք ցույց են տալիս, որ մարդն ապրել է և հասցրել մահանալ, ապա նորից ոտքի կանգնել ու նաև վազել: Կնճիռները նշան են, որ այլևս պետք չէ վազել: 


Ատում եմ, երբ տղամարդը բարակ ձայն է ունենում: Նրա ձայնը սիրում էի:


Եվ մատները: Եվ հոնքերը: Եվ ծնկները: 


Սիրում էի նրա ծիծաղը նաև: Եվ այն, թե ինչպես էինք միասին ծիծաղում: Իսկ հետո նա այնպիսի բաներ էր ասում, որ չէի հասկանում: Եվ պատմում էր պատմություններ, որոնք 30 տարվա վաղեմություն ունեին: 30 տարի առաջ ես ծնված չէի: Իսկ նա արդեն բավականին ապրել էր: 


Եվ քայլվածքը: Եվ հայացքը: Եվ պահվածքը:


Ի՞նչ կարևորություն ունի այն, որ նա պատկերացում չուներ ոչ իմ սիրած ֆիլմերից, ոչ էլ երաժիշտներից: Իսկ ես, եթե պատմություն չիմանայի, չէի հասկանա նրան, երբ նա պատմում էր իր մանկության տարիներին կատարված իրադարձություններից: Ի՞նչ կարևորություն ունի այդ ամենը, եթե նա անգիր գիտեր իմ մտքերն ու ցանկությունները, եթե նրա կողքին ես կարող էի լինել թույլ ու անպաշտպան, եթե կարիք չունեի ինձ իրենից պաշտպանելու համար, եթե նա կարող էր պաշտպանել ինձ ինքս ինձնից: 





Եվ նրան: Եվ նրան: Եվ նրան:

Tags:

Share:

0 մեկնաբանություն