2 3 Mari Love : Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր
Մտքեր

Թռի՛ր, Էրիկ, թռի՛ր

By Sunday, October 26, 2014

«Վերցնում եմ թափանցիկ գույն ունեցող բաժակն ու բացում ծորակը: Խողովակներից եկող կեղտոտ լուծույթը, եթե չեմ սխալվում` ջուր են ասում, աստիճանաբար մաքրվում է և լցվում թափանցիկ գույն ունեցող բաժակի մեջ: Աջ գրպանից… ձախ գրպանից հանում եմ դեղի կիսադատարկ տուփն ու մի փոքրիկ կլոր սպիտակ հաբ հանելով` գցում բաժակի մեջ: Ջուրն ու դեղահաբը ծանոթանում են իրար հետ, թշշում միասին, ի վերջո սպիտակ հաբը տեղի է տալիս և ամբողջովին տարրալուծվում ջրագույն լուծույթի մեջ: Մի շնչից խմում եմ լուծույթն ու գնում պառկում: Շատ մեծ հույս ունեմ, որ հերթական գլխացավը շուտով կանցնի, հուսով եմ, այո, իսկապես…





***


Էրիկին վաղուց էին անհանգստացնում գլխացավերը, բայց նա ուշադրություն չէր դարձնում: Հաճախ էր արթնանում լուսադեմին, նստում սառը քրտինքից խոնավ անկողնու եզրին: Մթության մեջ լսելի էր լինում լռության հոգոցը: Աչքերը սովոր չէին մթության. երկար փակ էր պահում դրանք: Բաց աչքերով ավելի չէր տեսնում: Նույն մթությունն էր. փողոցային լույսերն արդեն անջատված էին լինում, դիմացի շենքում հատուկենտ լույսեր էին վառվում, որոնք ծնունդ էին տալիս շատ ու շատ պատկերացումների, թե ինչ է կատարվում դրանցից այն կողմ: Գուցե մեկը գիրք էր գրում, մեկ ուրիշն էլ վիճում էր: Ոմանք էլ երևի սիրով էին զբաղվում: Իսկ Էրիկը նստած էր լինում մահճակալին` երկու ձեռքով հենված դրա եզրերին, գլուխը կախ, աչքերը` փակ: Նրա գլուխը ցավում էր, իսկ նա չէր ցանկանում դեղ խմել: Մտածում էր` կանցնի: Գլխացավերը հաճախ էին կրկնվում, ավելի հանկարծակի ու ավելի ուժգին դառնում: Դրանց ծագման պատճառը նա վերագրում էր քննություններին լարված պարապելուն: Բայց քննական շրջանն անցավ, իսկ գլխացավերը դեռևս արթնացնում էին նրան վաղ առավոտյան: Երբ հերթական անգամ նրան արթնացրած գլխացավը ստիպեց լաց լինել, Էրիկը հասկացավ, որ մի բան այն չէ:


Նա կարծում էր` ուժեղ է, և որ ինչ-որ գլխացավ չի կարող ազդել իր վրա: Բայց պարզվեց, որ ոչ: Էրիկի մտքով անգամ չէր անցնում, որ կարելի է դիմել բժշկի: Թերահավատորեն էր վերաբերվում բնության դեմ դուրս եկած մարդկանց, ում բժիշկ էին կոչում: Նա կարծում էր, որ բժիշկները չեն կարող իշխել հիվանդությունների վրա և միայն վատթարացնում են մարդու վիճակը:


Նա համառորեն հրաժարվում էր բժշկի դիմել: Շարունակում էր իր առօրեական կյանքը, որը շարունակելու ցանկությունը, սակայն, օր առ օր էր նվազում: Որքան էլ փորձեր ինքն իրեն խաբել, չէր կարող հերքել, որ գլխացավերի պատճառով նրա կյանքը մթագնում էր: Նախկինում էլ նա նախաձեռնողներից չէր, իսկ այժմ ամենօրյա գործերը կատարելն անգամ տհաճություն էր պատճառում նրան:


Գլխացավերի դեմ սովորական դեղամիջոցները չէին օգնում: Մի անգամ գնաց դեղատուն և աշխատողին խնդրեց գլխացավի դեմ ամենահզոր դեղամիջոցը տալ:


-Իսկ ի՞նչ է ձեզ մոտ,- հարցրեց դեղավաճառը:


-Չգիտեմ: Բայց գլուխս շատ է ցավում:


-Այսպես չեմ կարող ձեզ որևէ դեղ տալ, պիտի բժշկի դիմեք:


Նա մի պահ անշարժ նայում էր վաճառողին: Երբ սթափվեց, այնպիսի տպավորություն էր, որ տարիներ շարունակ այս դեղատանն էր անցկացրել: Շրջվեց և ինչ-որ բան փնթփնթալով դուրս եկավ և անկանոն քայլերը տուն ուղղեց:


Նայում էր հայելու մեջ և տեսնում հիվանդագին փայլով մեկին. սև փոսեր աչքերի տակ, ցցված այտոսկրեր, տհաճորեն սպիտակ մաշկ, թուլացած վերջույթներ, անկենդան հայացք: Հանկարծ հայելու խորությունից նրան անդրադարձող գոյը հրեշավոր կերպար ստացավ և մերկացնելով արյունոտ ատամները` հարձակվեց նրա վրա: Էրիկը ձեռքերով ծածկեց դեմքն ու հետ ցատկեց: Ոտքը դիպավ աթոռի ոտքին, և նա վայր ընկավ: Երբ բացեց աչքերը, հատակին կուչ եկած պառկած էր, ամբողջ մարմինն այրվում էր` գոլորշիացնելով կաթիլներով հոսող քրտինքը: «Խելագարվում եմ»,- անցավ նրա մտքով:


Մի ամիս հետո գլխացավերն արդեն անտանելի դարձան: Նա սկսել էր վատ տեսնել և վատ լսել: Երբեմն աչքին էին գալիս այնպիսի բաներ, որոնք իրականում գոյություն չունեին: Մի քանի անգամ գլխապտույտ էր ունեցել և վայր ընկել: Այս ամենից հետո Էրիկը որոշեց բժշկի դիմել:


Հետազոտություն կատարելուց հետո բժիշկն ասաց նրան.


-Ձեզ մոտ հայտնաբերվել է ֆիբրիլյար աստրոցիտոմա: Դա երկրորդ աստիճանի չարորակ ուռուցք է: Ցավում եմ:


Էրիկն անթարթ հայացքով նայում էր բժշկին: Ապա քմծիծաղ տվեց և հարցրեց նրան.


-Քաղցկե՞ղ:


Բժիշկը համաձայնության նշան տվեց:


-Իսկ ի՞նչը կարող էր դրա պատճառ հանդիսանալ:


-Գլխուղեղի ուռուցքի առաջացման տարբեր պատճառներ կարող են լինել. հարվածներ գլխին մանուկ հասակում, վնասվածքներ …


Բժիշկը շարունակում էր տարիներ շարունակ կրկնված նույն տեքստը, իսկ Էրիկը մտքում մի բան էր կրկնում. «Հարվածներ գլխին մանուկ հասակում, հարվածներ գլխին մանուկ հասակում…»:


-…ցավոք այժմ գլխուղեղի ուռուցքի բուժումը թանկ արժե, բայց եթե դուք հնարավորություն ունեք և կարող եք վճարել ձեր բուժումը, ապա մենք անմիջապես գործի կանցնենք:


-Գիտե՞ք` Ջոն Կրամերն ասում էր, որ միայն բժշկվածներն են վճարում:


-Ներեցեք` ո՞վ:


Էրիկը դառը ժպտաց և դուրս եկավ բժշկի կաբինետից:


«Հարվածներ գլխին մանուկ հասակում…»,- դուրս չէր գալիս Էրիկի մտքից:


«Ես կսպանեմ նրան»:


Մի ամբողջ շաբաթ Էրիկը դուրս չեկավ տնից: Մի ամբողջ շաբաթ նա տանջվում էր: Բուժման մասին խոսք գնալ չէր կարող. հարևան քաղաքում ապրող ծնողները հազիվ ուսման ու բնակարանի վարձն էին կարողանում մուծել: Այժմ էլ ստիպված չէին լինի: Նա երկար ու անվերադարձ ճանապարհորդության էր մեկնելու: Ճանապարհորդություն մեկ ուղղությամբ: Ուղղությամբ դեպի անհայտը: Եվ եթե մյուսները ճանապարհորդության մեկնելիս ուրախանում էին, երկար ժամանակ պատրաստվում, սրտատրոփ սպասում, Էրիկն իր հետ իր ցավերն էր տանելու, որ սպանում էին նրա մարմինը ներսից: Նա զգում էր, թե ինչպես է քայքայվում իր ուղեղը` քայքայելով ողջ օրգանիզմը: Նա զգում էր, որ էլ անկարող է իշխել իր մարմնին, իր մտքերին: Աշխարհի ամենասարսափելի ու դաժան մտքերն էին հանգրվանել իր հիվանդ ուղեղում: Նա մահանում էր:


«Ես կսպանեմ նրան»:


Մի շաբաթ անց Էրիկը վերջապես դուրս եկավ տնից: Օրորվելով քայլեց-անցավ մի քանի փողոց: Ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում, հենվում շենքերի պատերին, փակում աչքերն ու շունչ քաշում: Վերջապես հասավ հերթական շենքի մոտ և նայելով վերևի հարկերին` շշնջաց. «Սա է»:


Քայլերը վճռական դարձան: Այժմ առանց տատավելու ուղղվեց դեպի շքամուտքը, վերելակ կանչեց և սեղմեց կոճակներից մեկը: Գրպանում շոշափեց դանակի սառը եզրը:


Տասնհինգ րոպե անց Էրիկը դուրս եկավ շենքից`գրպանում շոշափելով արնոտ դանակի տաքացած եզրը:


Նա սպանել էր տաս տարի առաջ իր գլխին ծանր հարված հասցրած իր դասընկերոջը: Նա սպանել էր այն մարդուն, ով սպանում էր իրեն: Ամեն դեպքում նա էր այդպես կարծում… «Հարվածներ գլխին մանուկ հասակում»…






Գլխացավին ավելացան մղձավանջային ձայները: Դրանք դուրս չէին գալիս իր գլխից, ստիպում էին պատեպատ տալ գլուխը: Նրա աչքի առջև էր հայտնվում սպանված դասընկերոջ դիակը, որ քայքայվող ձեռքերով քաշում էր նրան դեպի անդունդը: Էրիկն այլևս ուժ չուներ դիմանալու:


Հեռվից ինչ-որ ձայներ եկան: Կարծես դուռն էին թակում:


-Բացե՛ք, ոստիկանությունից է…


Ոստիկանություն… առաջին անգամ էր լսում այդ բառը:


«Թռի՛ր, Էրի˜կ, թռի՛ր»,- քաոսյան ձայների միջից ինչ-որ մեկը շշնջաց նրան:


Էրիկը օրորվելով վեր կացավ հատակից, սեղանին հենվելով` մոտեցավ պատուհանին:


«Բա՛ց»,- կրկնեց նույն ձայնը:


Էրիկը լուռ հնազանդվեց: Պատուհանից սառը օդ մտավ սենյակ:


-Իսկ հիմա՞ ինչ,- հարցրեց Էրիկը:


Բայց ձայնն այլևս չկար: Էրիկը ներքև նայեց: Բավականին բարձր էր: Հեռվից ձայներն այժմ ավելի հստակ էին լսվում:


-Բացե՛ք հենց հիմա:


Նա շրջվեց, նայեց հատակին ամենուր ընկած դեղերին, փոշու մեջ կորած դասագրքերին և ախտորոշման թղթին: Մեծ դժվարությամբ կանգնեց պատուհանագոգին և կրկին ներքև նայեց: Փակեց աչքերը:






***





Թռի՛ր, Էրիկ, թռի˜ր…


Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն