Հորմոնների և հոգեկան խնդիրների մասին

Նրանք ինձ մոտ հոգեկան ինչ-որ խնդիրներ հայտնաբերեցին. խանգարվել էր ինչ-որ բան, միացել կամ անջատվել, չգիտեմ: Կարևոր էլ չի. ես դա վաղուց գիտեի: Երբ ինձ խենթ էիր կոչում, ես գիտեի, որ չես հասկանում իրականում, թե որ մի ճշմարտությունն ես բարձրաձայնում:

Ես վախենում էի քեզ հետ հանդիպելուց, քանի որ սիրելիս ատում էի քեզ, իսկ ատելիս՝ սիրում: Դու դժվար հասկանաս դա, սա երևի մասն է այդ հոգեկան խնդիրների: Երբ քեզնից հեռու էի, սիրտս քեզ էր կանչում, բայց հերիք է մի-փոքր մոտենայիր, մեջս ատելությունն իր հին երգն էր սկսում: Եվ այդ խելագար շրջանն ինձ իր մեջ էր առել ու բաց չէր թողնում: Եվ լինում էր՝ օրվա տարբեր ժամերին ես քեզ ատում էի, ապա սիրում, ապա ատում սպանելու աստիճան, ապա սիրում՝ սպանվելու աստիճան:

Դա այն ամենի խառնուրդն էր, որ գիտակ մարդիկ անուն են տալիս և խելացի ձևանում. օկսիտոցին, երբ գրկում և համբուրում էիր ինձ, էստրոգեն, երբ զգում էի բույրդ, ֆենիլէթիլամին, երբ գիշերներս քեզ էի նվիրում, էնդորֆին, երբ առավոտյան արթնանալիս տեսնում էի քեզ, ադրենալին, երբ քեզ հասցնում էի նյարդային վիճակի. դա ինձ դուր էր գալիս: 

Նրանք ասացին, որ դեղերն այս դեպքում անզոր են. չկա այնպիսի դեղ, որ քեզ կմաքրի իմ ուղեղից և կազատի մկաններս քո բացակայության ցավից: Ասացին, որ երկարատև բուժում է պետք, կարող եմ դիմել այլընտրանքային միջոցների՝ գտնել քեզ նման մեկին կամ քո հակապատկերին, կրկին սիրահարվել (ասես սիրահարվելը պատվերով է լինում), հաճախ զբոսնել, լինել մաքուր օդին, գտնել այլ հետաքրքրություններ և սպասել: Սպասել, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, կմաքրի ամեն անկյունում իմ ու քո պատմության հետքերը: Նրանք ասացին, որ ճանապարհորդեմ, բայց ես չեմ կարող լքել իմ ու քո քաղաքը. ես միշտ տարբերվել եմ կույր հավատարմությամբ:

Տեսնելով համառությունս, նրանք ձեռքերը լվացին և ասացին, որ բժշկությունն անզոր է օգնել այն հիվանդին, ով չի ցանկանում բուժվել: 



Հիվանդին…

Tags:

Share:

0 մեկնաբանություն