Այն, ինչ պիտի կիսվեր

Աշխարհում բոլոր բարիքներն ու չարիքները սկիզբ են առնում սիրո պակասից: Նախկինում վստահ էի, որ փողն է ամենի շարժիչ ուժը, բայց հիմա վստահ կարող եմ պնդել, որ փողից զորեղ սերն է, իսկ ավելի կոնկրետ՝ սիրո պակասը, քանի որ աշխարհում ապրող 7 միլիարդ մարդուց 1 միլիոնն անգամ չի հանդիպել գրքերում ու ֆիլմերում նկարագրվող սիրո: Այնտեղ կարծես իդեալական սիրո սցենարներ են տրվում, բայց մեզնից քանի՞սն են լավ դերասան: 

Ես վատ դերասան եմ:

Եվ երբեք էլ չեմ ձգտել լավ դերասան լինել: Քանի որ հավատում էի, որ սերը միայն գրքերում ու ֆիլմերում չէ: Բացի այդ՝ սեր խաղալու համար գոնե երկուսն են պետք: Իսկ վատ դերասան լինելուց բացի ես կաղում էի քասթինգից:

Չմտածեք, իհարկե, թե հեգնանքով եմ խոսում սիրո մասին, բնավ: Բայց բավականին տարիներ ապրելով այս մոլորակում, հասկացել եմ, որ կյանքին առհասարակ պետք է մի փոքր թեթև նայել: Եվ առաջին հերթին այնպիսի վեհ զգացմունքին, ինչպիսին է սերը:

Հազարավոր թևավոր խոսքեր կան, որ նկարագրում են, թե ինչ է սերը: Մեկն ասում է, թե դա այն է, երբ ստամոքսում թիթեռնիկներ են (իսկ հաճախ ուղեղում՝ խավարասերներ), մյուսն էլ, թե իսկական սերն այն ժամանակ է, երբ ուրիշի երջանկությունն ավելի բարձր ես դասում քո սեփականից: Կարդացել եմ նաև, որ սերը մարդուն կարող է վեր բարձրացնել նույնքան, որքան կարող է իջեցնել, որ երջանկություն է սիրվելը, բայց ավելի մեծ երջանկություն է սիրելը:

Համաշխարհային արվեստն իր բազմապիսի ճյուղերով հիմնված է սիրո վրա: Գրում են, երգում են, նկարում են, պարում են, կառուցում են սիրո մասին: Իսկ այնտեղ, որտեղ սեր չկա… Չէ, սեր կա: Պարզապես իր մյուս դրսևորումներով:

Նպատակն էլ սեր է, փառասիրությունն էլ, անգամ ատելության ու թշնամանքի հիմքում սերն է: Ատելությունը վերածնված սերն է: 

Ես սիրել եմ:

Ոչ մեկ, ոչ էլ երկու անգամ:



Ես Մարին եմ: Միջին վիճակագրական անհաջողակ: 24 տարեկան եմ, բայց այս 24 գարնան ու աշնան ընթացքում հասցրել եմ շատ անգամ մրսել ու շոգել: Եվ գիտե՞ք ինչու: Սիրո պակասից: Սիրո պակասից մրսում են, ապա շոգում, ապա կրկին սկսում մրսել: Անվերջանալի շրջան է, որ շատերիս խելագարության է հասցնում: Հարցրեք խենթանոցներում հանգստացող մարդկանց: 

Ես կարող էի ձեզ պատմել, թե որտեղ եմ ծնվել, որտեղ սովորել ու աշխատել, բայց մի՞թե ձեզ ավելի հետաքրքիր չի լինի իմանալ, թե ինչ երազներ եմ տեսնում և ինչ եմ մտածում անձի երկակիության մասին:

Իմ երազներում հաճախ բարձրությունից վայր եմ ընկնում: Շատերիս հետ է լինում, երբ գրեթե քնով ենք անցնում, բայց հանկարծ վեր ենք թռչում այնպիսի զգացողությամբ, որ ցած ընկանք: Տհաճ է, չէ՞: Եվ այնքան իրական, որ թվում է, թե իսկապես ընկել ու ջարդուխուրդ ենք եղել: Բայց բարեբախտաբար (երբեմն նաև ցավոք) դա ընդամենը երազ է լինում: Բազմաթիվ տեսություններ կան, որ վերծանում են երազները՝ փորձելով բացատրություն տալ ցանկացած երազի: Կա տեսություն, որ երազներն օրվա ընթացքում մեր մտքերի ու զգացողությունների արտացոլանքն են մեր ենթագիտակցության մեջ: Կան մարդիկ, որ հավատում են, թե երազները նախազգուշացում են կարևոր իրադարձությունների: Օրինակ եթե երազում հարսանեկան զգեստ ես տեսել, ապա շուտով կամուսնանաս: Իսկ եթե ամուսնացած ե՞ս: Հաստատ դրան էլ մի ուրիշ բացատրություն կլինի: Մայրս միշտ ասում է, որ երազում խանութ տեսնելը հիվանդության նշան է: Ասում են, որ հինգշաբթի օրը տեսած երազները չեն իրականանում: Իսկ եթե հենց հինգշաբթի օրն ես տեսնում բաղձալի երա՞զ: Արդար չի: Կամ ասում են, որ եթե վատ երազ ես տեսել, պետք է այն պատմես հոսող ջրին. այդ դեպքում այն չի իրականանա: Եվ մենք, թեև ձևացնում ենք, թե չենք հավատում, բայց մղձավանջային գիշերվանից հետո քնաթաթախ բացում ենք ծորակն ու պատմում այն, ինչ հիշում ենք: Հազար ու մի տեսություն կլինի, որ կբացատրի, թե ինչու եմ երազներում հաճախ բարձրությունից վայր ընկնում, բայց կարծես թե առանձնապես խելք պետք չէ առանց որևէ բացատրության կռահելու պատճառը:

Երբեմն նաև երազներում թռչում եմ: Ինչ-որ կախարդական ուժով մեջքիս հսկայական թևեր են աճում, և ես առանց վախի ցած եմ նետվում տանիքից, բայց ընկնելու փոխարեն ճախրում եմ: Սկզբից անկանոն շարժումներով, սակայն քիչ անց հարմարվում եմ նոր կարգավիճակիս ու ճեղքելով ամպերի կույտերը ավելի ու ավելի վեր եմ բարձրանում: Վերևում օդը ճնշող մաքուր է լինում, և ես թոքերս թթվածին լցնելով սկսում եմ խեղդվել այդչափ ազատությունից: Այնպես եմ թռչում, կարծես թևերով եմ ծնվել, ասես դա ինձ համար սովորական բան է, ասես այդպես էլ պետք է լիներ: Մանյովրներ եմ անում, թռչում մեկ վար, մեկ վեր՝ անկեղծ հավատալով, որ թե մի փոքր էլ դեպի հորիզոն թռչեմ, կհանդիպեմ արևին: Եվ հասարակ թռչնակից կվերածվեմ փյունիկի. դա շոյում է փառասիրությունս, փյունիկների մեջ այնքան դրամատիզմ կա: Երևի թե կրկին կարիք չկա քրքրելու գրականությունը՝ այս երազներիս նշանակությունը վերծանելու համար: 



Անձի երկակիության մասին գրեթե բոլորս էլ լսել ենք, գրեթե բոլորիս մտքով էլ գոնե մեկ անգամ անցել է, որ դրանից մենք էլ ունենք: Երբ, օրինակ, վստահ ես, որ վանիլային պաղպաղակ ես սիրում, բայց խանութ գնալիս առանց հասկանալու, թե ինչու, ձեռքդ մեկնում ես դեպի շոկոլադե պաղպաղակը: Կամ երբ հանդիպում ես մեկի հետ, սիրահարվում, ինքդ քեզ վստահեցնում, որ սիրահարվելուց զատ այդ մարդուն սիրում ես, իսկ հաջորդ առավոտյան արթնանում ես նրան սպանելու ցանկությամբ: Անձի երկակիությունն այն է, երբ երբևէ չես կարող ինքդ քեզ, քո ցանկությունների, նպատակների ու որոշումների վրա վստահ լինել: Բոլոր մտքերդ սահմանափակում ես «երևի» բառով, քանի որ երբեք հաստատ չես իմանա, թե քո այն մի կեսը երբ կարթնանա ու ինչ կուզի: Անձի երկակիությունն այն է, երբ մի օր երազում թռչում ես, իսկ հաջորդ օրը՝ ցած ընկնում:

- Չշարունակելի-

Share:

0 մեկնաբանություն