«Տանը մնալու» մասին


Երբևէ հանդիպե՞լ եք մարդկային վախերի (ֆոբիաների) ցուցակին: Եթե այո, ապա կհիշեք, թե որքան մեծ ու անհավանական է այն: Եվ եթե որոշ վախեր շատ բնական ու հասկանալի են, ինչպես օրինակ բարձրությունից կամ փակ տարածություններից վախը, ապա որոշ վախեր արհեստածին ու աննորմալ են: Դրանց մեջ, գոնե ինձ համար, միայնակ մնալու վախն է: 

Մանկուց մեր մեջ սերմանում են այն գաղափարը, թե որքան լավ է սիրել և լինել սիրված, և որքան միաժամանակ սարսափելի բան է չգտնել երկրորդ կեսիդ և միայնակ մնալ ողջ կյանքում: Սկսենք նրանից, թե ինչու՞ են մեզ մանկուց հավաստիացնում, որ մենք կիսատ ենք և ամբողջական լինելու համար մեզ անպայման ինչ-որ մեկն է հարկավոր: Հեքիաթներում աղջիկները հանդիպում են սպիտակ ձիով ասպետներին, ֆիլմերում բոլորն ամուսնանում ու երջանիկ ապրում են, իսկ իրական կյանքում նշանադրություններն ու հարսանիքներն մի այնպիսի տոնի են վերածում, ասես այդ ինչ բախտավորություն է, որ երկու հոգի այլևս միայնակ չեն լինելու: Իսկ գուցե հեքիաթների արքայադուստրերն ու ասպետները նախընտրում էին հենց միայնակ մնալ և ապրել սեփական կյանքն այնպես, ինչպես ուզում են: Գուցե ֆիլմերի և սերիալների հերոսները ամուսնանալու և բազմանալու փոխարեն ցանկանում էին, ասենք, ճանապարհորդել կամ գերազանց կարիերա կառուցել: Ինչու՞ է միայնակ մնալու հեռանկարն այդքան սարսափեցնում մարդկանց, որ նրանք միայն այդ պատճառով երբեմն իրենք կյանքը կապում են առաջին պատահածի հետ և դժբախտանում: Գուցե եթե ամուսնական կյանքն ու ընտանիքի գաղափարն այդպես չգերագնահատվեին, դժբախտ մարդկանց թիվը կնվազե՞ր:

Տարիներ առաջ ես նույնպես վախենում էի միայնակ մնալուց: Մենք դա գռեհկացնում և անվանում ենք «տանը մնալ»: Ես նախընտրում եմ ասել` միայնակ մնալ, քանի որ կան մարդիկ, ինչպես ես, ում համար սեփական տանը մնալը երջանկության գագաթնակետն է: Ես հավաստիացած էի, որ ընտանեկան կյանքն ինձ վերջապես կտա այն, ինչի պակասը զգում էի: Թե ինչի պակաս էի ես զգում, ինքս էլ չգիտեի, բայց վստահ էի, որ դա գալիս է միայնակությունից և երկրորդ կեսիս չգտնելուց: Այո, ես փնտրում էի նրան հազարավորների մեջ, մտովի պատկերացնում, թե ինչպիսին կլինի նա, ինչպիսին կլինեմ ես` նրա կողքին (պարտադիր երջանիկ և ամբողջական): Բայց կյանքն այնպիսի բան է, որ միշտ ընթանում է ոչ այնպես, ինչպես մենք ենք ուզում: 

Այո, ես ամուսնացա և ունեցա սեփական ընտանիք: Ավելի ճիշտ` փորձեցի ունենալ: Չգիտես ինչու մենք միշտ մտածում ենք, որ այն, ինչ ուրիշների մոտ չի ստացվում, մեզ մոտ անպայման կհաջողվի, չէ՞ որ մենք ուրիշ ենք, առանձնահատուկ: Այ օրինակ նա ամեն հիմար առիթով վիճում է ամուսնու հետ, բայց ես այդպիսին չեմ լինի. որևէ խնդրի դեպքում մենք կնստենք դեմ դիմաց և հանգիստ կքննարկենք հարցը, ես նրա պես ամուսնուս կոկորդը չեմ կրծի միայն նրա համար, որ փչացրել է հեռախոսիս մարտկոցը: Բայց գալիս է մեր հերթը, և հեռախոսի փչացած մարտկոցի համար մենք ոչ միայն միմյանց կոկորդ ենք կրծում, այլև ասում ենք ամենավերջին խոսքերն ու օրերով ատում միմյանց:

Կան մարդիկ, ովքեր չպետք է ամուսնանան: Ափսոս ես դա հասկացա միայն տարիներ անց, երբ անցյալում էին ամուսնությունն ու ամուսնալուծությունը, ցավոտ բաժանումներն ու միմյանց չհասկանալը, բազում անիմաստ խոսակցություններն ու միմյանց փոխելու ապարդյուն փորձերը:

Կան մարդիկ, ովքեր իրենց միայնակ էլ շատ լավ են զգում: Կան մարդիկ, ում երկրորդ կեսեր անհրաժեշտ չեն, որովհետև իրենք հենց այդպես էլ ամբողջական ու ինքնաբավ են: Այո, ես այդ մարդկանցից եմ: 

Դա հասկանալու համար ինձ անհրաժեշտ էին բազմաթիվ անհաջող ծանոթություններ, հարաբերություններ և բաժանումներ: Լինում է` բաժանվում ես մարդուց, և սիրտդ այնպես է ցավում, ասես ուր որ է պետք է կոտրվի: Լինում է` բաժանվում ես մարդուց, և թոքերդ վերջապես շնչում են: Բայց երբ բոլոր բաժանումները վերջանում են թոքերի բնականոն աշխատանքի վերականգնմամբ, հասկանում ես, որ ինքդ ես քո կեսը, որ երջանիկ լինելու համար քեզ ոչ ոք պետք չէ, քանի որ քեզնից լավ ոչ ոք չի երջանկացնի: 

Դուք կհարցնեք` ու՞ր մնացին զգացմունքները, սերը, ընտանիքը: Իսկ ես կպատասխանեմ` միայնակ էլ կարելի է ունենալ այդ ամենը: Այժմ, երբ գիտակցել եմ միայնակ լինելու հմայքն ու վերջապես դադարել եմ փնտրել որևիցե կեսի, սկսել եմ ամենանուրբ զգացմունքները տածել ինքս իմ հանդեպ և ամենակրքոտ սիրով սիրում եմ ինքս ինձ, հարգում ու գնահատում իմ անձը` առանց փորձելու որևէ բան փոխել իմ մեջ: Ես չեմ նյարդայնանում, երբ ուշանում եմ ինքս իմ հետ ժամադրությունից, չեմ սարսափում, որ ինձ կպահեմ այնպես, որ ամաչեմ ընդհանուր ծանոթների մոտ, չեմ մտածում, թե ինչ ու ինչպես անել` ինքս ինձնից չհիասթափվելու համար: Վերջապես` ես չեմ վախենում, որ կգա մի օր, երբ ինքս ինձնից կհոգնեմ և կհեռանամ: Նարցիսիզմի հոտ է գալիս, բայց ավելի լավ է ինքնասիրահարված եսասեր լինել, քան դժբախտ ու չհասկացված կին:

Յուրաքանչյուրս իրավունք ունենք ընտրել այն, ինչ մեզ հոգեհարազատ է: Ես ուզում եմ մնալ իմ հարմարավետության շրջանակում, լինել այնպիսին, ինչպիսին ինձ է հարմար, այլ ոչ այնպիսին, ինչպիսին ինձնից ակնկալում են: Եվ միայնակ լինելու ընտրությունը մտնում է դրա մեջ:



Ես չեմ բացառում, որ մի օր իրերն այնպես կդասավորվեն, որ կցանկանամ իմ կյանքը կիսել որևէ մեկի հետ, բայց եթե դա պատահի, ես այլևս երբեք չեմ մոռանա, որ կյանքում ամենաշատը սիրում եմ ինքս ինձ և միայնակ մնալու որևէ հիմար վախ չի կարող ինձ ստիպել լինել նրա հետ, ով ինձ կհանի իմ հարմարավետության շրջանակից:

Share:

1 մեկնաբանություն