Փոխվել եմ, բայց նույնն եմ մնացել

Ես հորինել եմ քեզ և հորինել եմ ինձ: Ես հորինել եմ մեզ՝ քեզ դարձնելով ինձ համար, ինձ ճկելով հանուն քեզ: Ես մոռացել եմ ինձ և մոռացել եմ քեզ. չկաս: Ես սիրել եմ ինձ, հետո մոռացել այդ սերն ու հորինել քեզ: Չէ, հիմարություններ չեմ ասում. ուղղակի մոռացել եմ պարզը: Ես ես եմ դարձել, բայց ես հոգնել եմ ինձնից: Ես շատ եմ խոսում ինձնից, որովհետև վախենում եմ քեզնոտվելուց: Ուշ է: Ես մոռացել եմ ինքս ինձ տրված խոստումներս, ես անցել եմ իմ հուսահատությունների վրայով, որպեսզի գտնեմ կյանքիս ամենավերջին հուսահատությունը: Ես փոխվել եմ, բայց նույնն եմ մնացել: Դու նոր ես, բայց այնքան նման նրանց: Դու էլ նրանցից մեկն ես, որովհետև ես նույնն եմ: Դու շարունակում ես այն, ինչ իրենք կիսատ թողեցին: Որովհետև ես այնքան ես եմ: Քանի օր ու գիշեր անցավ, քանիսն եկան-անցան, մի-մի մասնիկ պոկեցին, մի-մի սպի թողեցին, բայց ես նույնն եմ: Մատներս դեռ սահում են այս տառերի վրայով, թեև մտածում էի՝ փոխվել եմ, ու էլ նույնը չեմ: Հիմա դա լա՞վ է: Ախր դատարկվել էի, ու քնելիս չէի մտածում, որ ինչ-որ բան սխալ է: Իսկ հիմա գլուխս առել եմ մտքերիս ամպերի մեջ ու փոթորկում եմ. սխալվել եմ: Ամեն օր ու շատ: Ինքս մի մեծ սխալ եմ դարձել, ու էլ ոչինչ չես ուղղի: Աչքերս նույն կերպ ծով են երգում, բայց ծովն էլ չի ալիքվում. մահացել են ալիքները: Ալիքներին խեղդել եմ: Այնքան հաճույքով, որ հիմա հետ եմ նայում ու սարսափում ինձնից: Այս ի՞նչ եմ ես դարձել: Այս ո՞վ ինձ այսպիսին դարձրեց: Այս ի՞նչ արեցի ես ինձ հետ: Չպիտի գար այս օրը, որ զարթնեի: Ու հիմա էլ ոչինչ առաջվա պես չի լինի. ծովս խեղդել եմ: Էլ ծով չկա: Ես չկամ: 
Դու հայտնվեցիր, որ ես արթնանամ: Բայց ախր ես մտածում էի, որ այս քունը հավերժական է: Ես փաթաթվել էի անվերջանալի այդ քնի ծածկոցներով, և մտածում էի, որ արթնացել եմ: Բայց դու եկար և ցույց տվեցիր, որ այսքան գիշեր-ցերեկ գլորվել եմ սեփական սխալներիս հետ՝ վերածվելով մի մեծ սխալի: Կործանել եմ ճանապարհիս ամեն ինչ, հողին հավասարեցրել ու մտածել, թե ուժեղ եմ: Աչքերս ծով են կապում, և ես հասկանում եմ, որ ամեն ինչ ավարտվել է:
Օգնիր քնել, խնդրում եմ...

Tags:

Share:

0 մեկնաբանություն