Ես սիրում եմ քեզ, իսկ դու սիրում ես քեզ

 Ես սիրում եմ քեզ, իսկ դու սիրում ես քեզ: Այդ  պատճառով էլ մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Ես սիրում եմ  քեզ, իսկ դու սիրում ես, երբ սիրում են քեզ: Կամ էլ  գուցե սիրում ես, բայց ոչ ինձ: Քո սիրելը տարբեր է, և  ես դա չեմ հասկանում: Դու չգիտես մինչև շնչի կանգը  սիրել, մոռանալ, որ ապրելու համար շնչել է պետք, բայց  ո՞ւմ է պետք այդ ապրելը, եթե պետք է ամեն օր ու ժամ  հիշել, որ քեզ համար շունչ չեն կանգնեցնում, ուր մնաց  շնչեն: Դու սիրում ես տարբեր, իսկ ինձ պետք է սիրվել  այնպես, ինչպես ես եմ սիրում. մինչև ոսկորների ջարդ:  Դու երևի չգիտես ինչպես է մաշկն այրվում սեփական  անպետքությունից: Իսկ ես լավ գիտեմ, որ  երջանկություն է մաշկդ մեկի կիսելը: Այդ ժամանակ է  շունչը կանգ առնում, իսկ հետո այնպես աշխատում, որ  հասցնի զգալ ամենը: Ագահաբար, անկշտաբար: Հա,  անկուշտ լինելն այս դեպքում երանություն է, բայց դու  երևի կշտացել ես: Ես՝ չէ: Ես չեմ կշտացել քեզնից, քո՝ իմ  հորինած գեղեցկությունից, քո՝ իմ ստեղծած  քաղցրությունից, քո՝ իմ սուտ սիրուց: Ես սիրում եմ քեզ: Այնպես,ինչպես նախկինում սիրել եմ մյուսներին: Մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քիչ ուրիշ, բայց դա հիմա կարևոր չի: Ես կրկին սիրում եմ, ու դրա պատճառը դու ես: Ինձ ասեցին՝ էլ չես սիրի, բայց ես սիրում եմ, և այդտեղ քո մեղավորություն է: Ես սիրում եմ քո մեղքը, և սիրում եմ այն մեղքը, որ միասին ենք գործում: Ափսոս, որ քո մոտ դա միայն մեղք է, իսկ ինձ մոտ՝ միայն սեր...

Tags:

Share:

0 մեկնաբանություն