Ինձ ներիր

Ինձ ներիր թուլությունս. ես շատ ուժեղ եմ: Ինձ ներիր իմ նախկին սերերը. դրանք շատ են: Մեզ ներիր մեր չեղածը. մենք շատ փոքր ենք: 

Ինձ ներիր, որպեսզի ես էլ ինձ ներեմ: Ինձ մի կանչիր, որ խլանամ, որ չլսեմ սրտիս լացը, որ մի քիչ խենթանամ, հետո վերադառնամ ինքս ինձ մոտ: Ինձ ինձնից մի տար. ես սովորել եմ ինձ: Ես սովորեցրել եմ ինձ սովորել ինքս ինձ: Ապրել իմ սատանաների հետ, պար բռնել նրանց հետ, ծիծաղել ինքս ինձ վրա, ու վերջում փլվել հրեշտակների դիերի վրա: Ես հրեշտակների սպանող եմ, նրանց թևերը հատիկ-հատիկ պոկողը, դրանից հրճվողն ու սարսափողը: Ես սարսափում եմ իմ սատանաներից, բայց չեմ կարողանում ապրել առանց նրանց. ես սովորել եմ նրանց ներկայությանը: Իսկ դու` չէ: Ու պետք էլ չի… Փրկիր քեզ, փախիր, հետ մի նայիր. ես կկործանեմ քեզ: Դու իմ հրեշտակներից ես: Ես կփլվեմ քո վրա: 

Ինձ ներիր գոյությունս. ես չեմ ուզում լինել: Ինձ ներիր իմ ներկա վախերը. դրանք շատ են: Մեզ ներիր մեր չկայացած սերը. մենք շատ հիմար ենք:

Tags:

Share:

0 մեկնաբանություն