Դու խոստացար, որ մինչև մահը չբաժանի մեզ, կլինես կողքիս, բայց մահացար մեզնից էլ շուտ, այդպես արդա՞ր է: Դու խոստացար, որ կմոռանամ ամեն ցավ ու հիվանդ միտք, բայց սիրտս փշրվել է հազար մասի, ու սարսափելի ցավում են հատիկ-հատիկ մասնիկավոր սիրտս, միտքս, հոգիս, այդպես ճի՞շտ է: Ես խոստացա, որ մինչև վերջին շունչս կապրեմ քեզնով ու քեզ համար, բայց դավաճան քամիների հետ սլացա այնտեղ, որտեղ չկայիր, ինչու՞ այդպես վարվեցի: Մենք խոստացանք, որ կյանքը մի փոքրիկ արկած կլինի, մենք` աճպարար, բայց ստացվեց այնպես, որ վայր ընկանք մեր բարձրություններից, փշուր-փշուր եղանք մեր երազների հատակներում, և ավարտվեց ամենը, այդպե՞ս է կարգը: Եվ ո՞վ է մեղավոր իմ ներկա գորշության մեջ, դու՞, ե՞ս: Ես հոգնել եմ մեղավորներ փնտրելուց, հոգնել եմ քո մասին մտածելուց, մեր ապրած ամեն վայրկյանը հիշելուց ու այդպես էլ մեզ չպատահած երջանկությունը պատկերացնելուց: Դու չդարձար ինձ ամուսին, ես` քեզ կին, մենք չունեցանք երեխաներ և չվիճեցինք նրանց անունների համար: Դու ինձ համար զգեստներ չգնեցիր, իսկ ես այդպես էլ չիմացա, թե առավոտյան որքան թունդ սուրճ ես ըմպում: Մենք չարթնացանք միասին, դու ինձ ծաղիկներ չնվիրեցիր, իսկ ես փողկապդ չկապեցի: Մենք չվիճեցինք, և ես ջարդուփշուր չարեցի տան սպասքը, դու ինձ չսանձեցիր ու չսիրեցիր այնպես մոլագարորեն, որքան ես հիմա քեզ կարոտում եմ: Այսպես ճի՞շտ է: Դու կարդում ես տողերս, գուցե ոչինչ չես զգում, գուցե ես էլ այսքան ժամ բաժանումից հետո քեզ տեսնելիս ոչինչ չզգամ, գուցե ավելի խենթանամ դրանից, որովհետև գոնե հիմա ես ապրում եմ մեր մասին հիշողություններով: Իսկ դու ինձ նման ամեն երկուշաբթի որոշու՞մ ես մոռանալ ինձ, թերթել իմ էջն ու շարունակել ապրել: Իսկ քեզ մոտ ստացվու՞մ է: Ես դեռ ձախողում եմ: Այդպես արդա՞ր է...
Թե երբևէ եղունգներդ մխրճել ես ափերիդ մեջ ու ցավդ կուլ տվել, ինձ կհասկանաս: Կհասկանաս, որ ժամանակի հետ դադարում ես սպասել: Ու պայքարել: Կհասկանաս, որ ամեն պայքար չէ, որ արժե ցավերիդ ու հիասթափություններիդ: Ես սեր եմ հյուսել քո վերքոտ ափերում, բայց ոչինչ չի ստացվել: Ես կարոտ եմ կապել ուժեղ մատներիդ, բայց դու լվացվել ես մոռացության ջրերով ու կորչել ես ժամանակների լաբիրինթոսում` ինձ թողնելով ծնկաչոք ու միայնակ: Ես դադարեցի սպասել քեզ ու թույլ տվեցի, որ կարոտները կուլ տան ինձ էլ, իմ սերն էլ: Դու չհասկացար ինձ, չսլացար ինձ մոտ, երես թեքեցիր այն փոքրիկ երջանկություններից, որ ունեցել ենք ու անհետացար: Ես չփոխվեցի, դու չտեսար, դու այնքան բան չտեսար, որ հիմա չեմ էլ կարող պատմել: Դու դրա կարիքը չունես էլ, ինչպես չունես իմ ու իմ քնքշանքների կարիքը: Իսկ թե ունես, այնքան հպարտ ես, որ չես մոռանա ցավերդ ու հիասթափություններդ: Այնքան հպարտ, որ նոր պայքարի մասին չես էլ մտածի: Եվ պետք չէ. ամեն պայքար չէ, որ արժե սերերիս ու երջանկություններիս: Ժամանակի օվկիանների մեջ կկորենք, կխորտակվենք և երբ հույսի ալիքները մեզ համակերպվածության ափեր դուրս բերեն, մենք այլևս չենք հիշի միմյանց գոյության մասին: Մոռացության արևներ կշողան մեր վրա, քնքշության քամիները կխառնեն մեր մազերը, երջանկության անձրևները կմաքրեն մեր անմիմյանց հոգիները, և կսկսվի կյանք կոչվող ֆիլմի նոր սեանսը, որտեղ մենք կրկին կլինենք գլխավոր հերոսներ ու մոռացած միմյանց գոյության մասին կպարենք ու կխաղանք մեր դերերը` այդպես էլ չհասկանալով, թե ինչու են մեր մարմինների ստվերները գոյանում կարոտի շողերով: Սիրո ցերեկներին փոխարինելու կգան դատարկության գիշերները, բայց մեր ֆիլմը կանգ չի առնի ու մեզ հնարավորություն չի տա հետ գնալու և միմյանց գտնելու: Եվ մենք կպարենք ու կխաղանք` այդպես էլ չհասնելով միմյանց:
Եվս մեկ ձմեռ ճանապարհում ենք իրարից հեռու, բայց միմյանց կողքին: Միմյանց այնքան մոտ, որ հեռավորությունից սիրտս կտոր-կտոր է լինում: Այսպես չպետք է լիներ, բայց եղավ: Ես դադարել եմ հավատալ ճակատագրին, որովհետև իմ սեփական ձեռքով եմ ոչնչացրել մեզ: Հոգեվարքի մեջ գտնվող մեր զգացմունքները հիշողություն են դառնում, որովհետև, այո, մեծացել ենք: Կամ գուցե փորձում ենք հավատալ, որ ժամանակի հետ համընթաց մեծացել ենք ու հաղթահարել, համակերպվել: Հաղթահարել ենք մեր սերն ու համակերպվել մեր սիրո մահվան մեջ: Թե իմանայի, որ մահամերձորեն կապված եմ քեզ հետ, այսպես չէր լինի: Ես, որ առանց քեզ շնչել չէի կարողանում, մի օր արթնացա ու մտածեցի, որ գուցե չեմ կարողանում շնչել, որովհետև կողքիս ես: Ես, որ աստվածացրել էի քեզ, մի օր մտածեցի, թե գուցե սխալ են աստվածները` երկրի վրա կրկնօրինակներ իջեցնելով: Ու դարձա անհավատ: Երևի թե սխալ է, որ միմյանց կողքին մինիմալ քիչ ժամանակ անցկացրած մարդիկ մնացած մաքսիմալ ժամանակն անց են կացնում միմյանց մասին մտածելով ու կարոտելով: Սխալ է, բայց որքան էլ պայքարենք դրա դեմ, այն մեզնից ուժեղ է: Մեզ կապում են ավելին քան հիշողությունները, որոնց դեմ անզոր են մեր սուտ օրերն ու ամիսները: Տարիներն անցնում են, շրջվում են օրացույցների էջերը, բայց մի կարևոր բան չի փոխվում` ես սիրում եմ քեզ: Սիրում եմ այն առաջին րոպեից, երբ ձմռան ցուրտ երեկոյան սլացա քեզ մոտ, ու գրկեցիր ինձ: Սիրում եմ այն բոլոր պահերի չափ, երբ երջանիկ էինք ու հավատում էինք, որ ամեն բան լավ կլինի: Ամեն բան լավ չեղավ, բայց ես չդադարեցի սիրել քեզ նույնքան խենթաբար, որքան ատեցի մի պահ ու հեռացա: Մի կարևոր բան չի փոխվում` ես երբեք էլ չեմ դադարել քեզ սիրել: Բայց քո թուլության լռություններին ի պատասխան ես նույնպես ստիպված եմ լռել ու սպասել, թե երբ կրկին կուժեղանաս ու կգաս: Թե անգամ էլ երբեք այդքան ուժեղ չլինես, ես չեմ դադարի սիրել քեզ, որովհետև գոնե հիմա ես գիտեմ, թե այդ ինչ է իսկապես սիրելը, թեկուզ քեզնից տարիներով հեռու: Եվ թույլ տուր սրիկայաբար այնքան եսասեր լինել` մեզ մաղթելով մեր զգացմունքների մաքրության չափ հավիտենական կապվածություն իրարից, ներիր...
Այսօր մեր ամուսնության օրն է: Անցել է 14 տարի: Մենք երիտասարդ ու միամիտ, լի հույսերով ու համոզմունքով, որ աշխարհը մեր ոտքերի տակ է, իսկ մենք` թագավոր: Մեր համատեղ կյանքի ամեն տարին կաթիլ առ կաթիլ խլեց մեզնից մեր ինքնավստահությունը, իսկ սերը, որ թվում էր, թե անհաղթահարելի ու անսահման է, մի տեսակ մարեց, ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես: Գուցե մեզ բաժանեց ձվածեղի տարբեր տեսակները սիրելն ու դրա համար առավոտյան կռիվ անելը, գուցե երբեմն կեղտոտ մարմնավաճառների մոտ քո վազելը, գուցե այն մեկ անգամը, երբ հանդիպեցի նախկինիս ու համբուրեցի նրա ձեռքերը: Կամ գուցե այն, որ այս 14 տարվա ընթացքում այդպես էլ չսովորեցի գծով արդուկել տաբատներդ: Չսովորեցի նաև ճիշտ կապել փողկապներդ: Թեև պարտավոր էի:
Այսօր մեր համատեղ կյանքի 14-րդ տարին լրացավ: Մենք արդեն հասուն ու միամիտ, մեր դատարկ հույսերով ու աչքերի տակ պարկերով, ձեռքերի վրա կնճիռներով ու ճաքերով, հազիվ ձգվող ժպիտներով ու ցավեցող մեջքով: Նախկինում միմյանց մեջքով էինք թեքվում ու քնում միայն երբ նեղանում էինք իրարից, իսկ հիմա չենք էլ պատկերացնում, որ այդ դիրքից բացի այլ դիրք կա քնելու: Ես իհարկե վստահ եմ, որ երբ հանդիպում ես նրան ու «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք լինելու պատճառով» գիշերում նրա տանը, թեքվում ես դեմքով դեպի նա, անգամ գրկում այնպես, ինչպես ինձ` մեր համատեղ կյանքի առաջին տարիներին: Բայց անկեղծ ասած ինձ այնքան էլ չի հուզում, թե ում հետ, երբ, որտեղ և ինչու: Ես այդ «ինչուները» քեզնից էլ լավ գիտեմ:
Թե բախտս չբերի այնքան, որ այսօր «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն և հիշելով, որ այսօր մեր ամուսնության օրն է` ինձ մի փունջ կարմիր վարդ բերես, ստիպված եմ լինելու ժպտալ ու խաբել, թե քո նվերը վաղը կտամ: Հետաքրքիր է, որ ժպտալու պատճառով կնճիռներ այդպես էլ չառաջացան մեր դեմքին: Եվ իմ ամեն «մենք պետք է խոսենք»-ին դու այդպես էլ չսովորեցիր «դու ամեն ինչ չափազանցնում ես»-ից բացի այլ պատասխան տալ:
Իսկ գիտե՞ս ինչ, թե այսօր բախտդ չբերի, և «աշխատավայրում չափից դուրս շատ աշխատանք» չլինի, և դու շուտ գաս տուն, ես վերջապես կասեմ քեզ, որ երբեք էլ չեմ սիրել կարմիր վարդեր:
Այո, ես այրվել եմ: Դու նույնպես: Բայց դա մեզ չի արգելում կրկին
փորձել, էլ ուր մնաց երազել: Կարող եմ, չէ՞, քնելուց փակել աչքերս ու երազել, որ ինչ-որ
հրաշքով մենք միասին ենք: Ու երջանիկ: Կարող եմ, չէ՞, համարձակություն ունենալ ու պատկերացնել,
որ երբևիցե, ինչ-որ մի օր, հեռու ապագայում, դու կգրկես ինձ ու կսեղմես մարմնիդ, գեղեցիկ
ձեռքդ կդնես գլխիս ու կքաշես վարսերիս բույրը: Ինձ գեղեցիկ բառեր կշշնջաս, իսկ ես կծիծաղեմ
ու կհամբուրեմ այտդ: Ես չափից դուրս երազկոտ եմ, հավանաբար, մտածելով, որ դստերս կսիրես
հարազատ դստեր պես, իսկ նա քեզ «հայրիկ» կկանչի ու չի պատկերացնի իր կյանքն առանց քեզ:
Ես չգիտեմ, թե ինչ բան է հայրական քնքշանքը, բայց վստահ եմ, որ եթե մենք ընտանիք լինեինք,
դուստրս կվայելեր դա քո կողմից: Այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև ես սովորել եմ
լավ ճանաչել քեզ ու քո նրբությունը: Իսկ հետո կգար մի օր, երբ ես կգրկեի քեզ ու կշշնջայի
ականջիդ, որ կրկին հայրիկ ես դառնալու: Եվ դու կլինեիր աշխարհում ամենաերջանիկը, համոզված
եմ: Ես երևի չափից դուրս երազկոտ եմ, եթե քո մասին մտածելիս ժպտում եմ, իսկ սիրտս թրթռում
է, թեև հանգամանքների այլ դասավորվածության դեպքում ես քո մասին չէի էլ մտածի:
Դու վստահորեն կարդում ես այս տողերը, բայց պատկերացում անգամ
չունես, որ սրանք քո մասին են: Դու չես էլ պատկերացնում, որ ես այսքան խենթ եմ, որ
մտքովս նման բան եմ անցկացրել, դա դեռ քիչ է` մի բան էլ գրի առել: Դու կփորձես կրկին
կարդալ տողերս` այնտեղ թաքնված իմաստ կամ բառեր փնտրելով, բայց դրանք, հավանաբար, չկան,
որովհետև ես այնքան խորամանկ չեմ դրա համար, ոչ էլ այնքան համարձակ...
Ես ընտանիք եմ ուզում: Ճիշտ այնպես, ինչպես դու:
Դու ինձ այդպես էլ հավերժական սիրո խոստումներ չտվեցիր. մի՞թե իմաստուն էիր այդքան: Թե՞ խելագար էի այնքան, որ մտքովս չանցավ մեզ ծերացած պատկերացնել. ասում են` մտքերն իրականություն են դառնում, թե շատ ես ուզում: Ես չուզեցի, դու վախեցար, ես փախա, դու չեկար էլ իմ հետևից: Իսկ հիմա տխուր է, չէ՞: Ես չկամ քո օրերում ու շաբաթներում, ի՞նչ եմ խոսում` ես չկամ քո հավերժություններում: Դու նույնպես չկաս իմ ժամերում, սակայն ու՞մ եմ խաբում. երբեք էլ բավարար տզրուկաբար չես եղել, որպեսզի չկարողանամ գլուխս առնել ու փախչել: Դու չափից դուրս հպարտ եղար ինձ կոտրելու համար, ես չափից դուրս ամուր` հիմա սեփական թուլության մեջ տապակվելու համար: Երջանիկ լինելու համար երբեմն պետք է պարզապես մոլախոտանալ, իսկ ինձ հատուկ չի դա: Ոչ, ես ոչինչ չեմ ուզում, բնավ: Առավել ևս քեզնից` իմ առաջին ու վերջին միակություն, իմ ծիծաղելի սիրելիություն, իմ հարազատ թունավորություն, իմ սառը խելագարություն:
Ես քո այտերի կոպտությունն եմ կարոտել, ձմռան ցրտից քարացած քո մատների սառնությունն եմ կարոտել, սառն օդից դողացող քո շուրթերն եմ կարոտել, իմ դողացող շրթունքներին հպվող փափուկ մազերդ եմ կարոտել: Ես քո մեծ փոքրությունն ու իմ փոքր մեծությունն եմ կարոտել, մեր առաջին ու վերջին բարի լույսն եմ կարոտել, իմ` քեզ նվիրած մի կաթիլ սերն եմ կարոտել:
Փոխվել ենք շատ: Մեր առավոտներն ու երեկոներն են փոխվել: Թե նախկինում միմյանց մոտ վազելու մի պատճառ կար, և մենք վազում էինք, հիմա հազարավոր պատճառներից և ոչ մեկն այդքան զոր չէ մեզ միմյանց մոտ վազեցնելու համար: Մեզ միմյանցից բաժանող մի քանի կիլոմետրերն ավելի զոր են. կարծես մեզ մի քանի ամերիկա է բաժանում. մեզ մեր սրտերի ամերիկաներն են բաժանում, մեզ մեր սխալների մայրցամաքներն են միացնում: Երազելով ոչինչ չես փոխի, բայց մեզ միայն երազելն է մնացել: Ինձ այլ բան պետք չէ: Ես չափից դուրս շատ եմ մեծացել, որ նույնչափ կրկին փոքրանամ կողքիդ: Սարսափելին էլ դա է:
Սարսափելի է, չէ՞, գիտակցել, որ բոլորովին վերջերս գործել ես կյանքիդ մեծագույն սխալը, որ մի բառ պակաս, մի քայլ ավել, ու հիմա ամեն ինչ այլ կերպ` մեր ուզած կերպ կլիներ: Այդ ցավից ներքին օրգաններդ կծկվում են, քամում վերջին հույսերը, որ կյանքում գոյություն ունի ճակատագիր, որ թե մարդիկ պիտի լինեն միմյանց կողքին, նրանք կլինեն: Թե մարդիկ պիտի լինեն միմյանց կողքին, նրանք պիտի խելացի լինեն, իսկ ես չափից դուրս անխելք էի խելացի ձևանալու համար: Իսկ դու չափից դուրս հպարտ` անխելք ձևանալու համար:
Մեր սերը հոսեց մատներիս արանքով` ավազի պես դիպչելով ու այրելով քեզ դիպչած մաշկիս ամեն միլիմետրը: Նոր մաշկ աճեց, նոր սիրտ բաբախեց, բայց հիշողությունը գեների պես մի բան է. մաքրել չի լինում: Եվ պետք էլ չի: Ես քո գեներն եմ իմ մեջ կրում, իմ սրտի մեջ ներարկված երջանկության մեր գեներն եմ արտամղում երակներիս մեջ ու սեր շնչում անսեր իմ բոլոր-բոլոր օրերում: Ես փակում եմ աչքերս ու տեսնում եմ քեզ` ժպտացող, սիրահարված: Փակում եմ աչքերս ու տեսնում եմ մեզ, համարյա զգում քեզ, հպվում քեզ, ներքաշում ջերմությունդ, ներլսում սրտիդ զարկերը, ներսիրում ներկայությունդ, բայց բացում եմ աչքերս ու քեզ չեմ գտնում: Սարսափելին էլ դա է...
Թե ինձ հարցնեն` ինչ է սերը, ես երևի պատասխան չունենամ, որովհետև մենք սիրել չգիտենք. մենք միմյանց սպանել ու միմյանց դիակների վրա խնջույքավորվել գիտենք, մենք միմյանց տանջել ու միմյանց տանջանքից հրճվանք քամել գիտենք, մենք միմյանց այդպես էլ բաց թողնել չգիտենք:
* * *
Մարդիկ ծնվում են և մահանում: Մարդիկ ծնվում են մահացած: Մարդիկ ապրում են մահացած: Մարդիկ էլ կան, որ ապրում են ծնվելով: Որոշ մարդիկ իրենց ողջ կյանքում ապրեցնում են մյուսներին` իրենք իրենց սպանելով: Մյուսներն էլ իրենց ողջ կյանքում ապրում են` սպանելով մյուսներին:
Ծնվել եմ 1939 թվականին: Համաշխարհային պատերազմը նոր էր սկսվել, բայց դա ինձ հետ ոչ մի առնչություն չուներ: Այն երկիրը, որտեղ ծնվել էի, երևի աշխարհի հետ կապ չուներ, որովհետև հեռու էր մնացել պատերազմական իրարանցումից: Մարդիկ ապրում էին իրենց սովորական կյանքով, մինչդեռ աշխարհը պատերազմում էր: Ես էլ սովորական երեխաների նման մեծանում էի: Խոսել սկսել եմ հինգ տարեկանից. այդ պատճառով ինձ «ապուշ» պիտակեցին: Չգիտեի էլ` ինչ է նշանակում այդ բառը: Եվ քանի որ չգիտեի, ամեն անգամ «ապուշ»-ը լսելիս շրջվում էի: Երեխաները փռթկում էին, իսկ ես զարմացած ու վախեցած հետ էի շրջվում և հեռանում: Տանն ինձ ապուշ չէին ասում: Մայրս «տղա» էր դիմում, հայրս ընդհանրապես չէր դիմում: Նա միշտ ուշ էր վերադառնում աշխատանքից: Հանում էր աշխատանքային հագուստը (աշխատում էր գործարանում), լուռ ընթրում և միացնելով ռադիոն` նստում դրա առջև ու ծխում: Եթե հաջողացնում էի աչքին չերևալ, նա անգամ չէր հիշում գոյությանս մասին: Իսկ եթե հանկարծ ու մի փորձվում էի անցնել կամ վազել նրա կողքով, նա մի ուժեղ հարված էր հասցնում ականջիս ու կարգադրում հեռու չքվել: Ես էլ հեռու էի չքվում, չնայած հեռու չքվելու տեղ չկար (մեր տունը, եթե իհարկե այն կարելի էր տուն անվանել, նկուղային մի սենյակ էր, մի փոքրիկ խոհանոցով և ցուրտ սանհանգույցով): Ստիպված գնում էի խոհանոց, որտեղ մայրս էր աշխատում: Նա թխվածք էր պատրաստում հարևանի խանութի համար, իսկ ինձ երբեք թույլ չէր տալիս ուտել պատրաստի թխվածքները: Միշտ ուտում էի ծայրի կամ վառված հատվածները:
Ամեն առավոտ ես էի տանում պատրաստի թխվածքները: Մեծ ստվարաթղթե արկղի մեջ դրանք ավելի գրավիչ էին թվում, բայց ես գիտեի, որ չեմ կարող ուտել դրանք: Մտածում էի, որ երբ մեծանամ և շատ փող աշխատեմ, անպայման կգնեմ մի ամբողջ տուփ, փողն էլ մորս կտամ: Նա իհարկե կզարմանար, կհարցներ, թե այդքան փող ինձ որտեղից: Ես կասեի, որ աշխատել եմ: Նա չէր հավատա և մի ուժեղ ապտակ կհասցներ և կասեր, որ գողացել եմ:
Ձմռան մի օր, երբ փողոցներն ամբողջովին սառցակալել էին, խմորեղենը տանելիս վայր ընկա և ստվարաթղթե արկղը գցեցի գետնին: Խմորեղենը խառնվեց ձյան և ցեխի հետ: Մի քանի րոպե պառկած էի գետնին: Չգիտեի ինչ անել: Այդպես էլ երևի պառկած կմնայի, եթե մայրս պատուհանից չտեսներ իր տղային, որ դիմացի փողոցի վրա ընկած էր` խմորեղենի տուփը կողքին ջախջախված: Մայրս վերարկուն ուսերին գցելով դուրս վազեց, անցավ փողոցը և գրկեց տուփը: Համոզվելով, որ ոչ մի թխվածք չի փրկվել, նա մի ձեռքով բարձրացրեց անզգայացած մարմինս, որ հազիվ էի պահում ոտքերիս վրա: Ապա ինձ փողոցում թողնելով` արագ ուղղվեց դեպի խանութը և հինգ րոպեից վերադարձավ: Բռնելով արմունկիցս` ինձ տուն քարշ տվեց, որտեղ ուղիղ քառասուն րոպե ծեծեց և ուղիղ չորս օր սոված պահեց: Հայրս դրա մասին չիմացավ: Գոնե դրա համար շնորհակալ էի մորիցս: Եղբայր կամ քույր չունեի:
Դպրոցում աշակերտներն ինձ չէին սիրում: Փողոցի երեխաները շարունակում էին ինձ «ապուշ» ասել, չնայած ուսուցչուհիներն ասում էին, որ խելացի և ընդունակ երեխա էի: Կանայք միշտ առանձնակի ուշադրությամբ էին ինձ նայում: Անգամ մայրս, երբ տանը մենակ էինք լինում, երբեմն աչքերը հառած նայում էր ինձ, անգամ զննում էր: Երբ վերջացնում էր իր ուսումնասիրությունը, միշտ ինչ-որ տարօրինակ փնչոց էր արձակում և կրկին շրջվում դեպի ալյուրոտ սեղանը: Ես էլ մտածում էի, որ երևի այլանդակ եմ կամ կողքի փողոցից տղայի պես արատ ունեմ:
Դպրոցում ուսուցչուհիները միշտ հատուկ ուշադրության էին արժանացնում ինձ: Անգամ անգլերենի ուսուցչուհին երբեմն դասերից հետո պահում էր ինձ և հավելյալ պարապում: Նա ասում էր, որ ցանկանում է հղկել արտասանությունս ու ժամերով ստիպում էր տարբեր հնչյուններ արտաբերել: Մի անգամ` հավելյալ դասերից մեկի ժամանակ, ուսուցչուհիս մոտեցավ ինձ, շոյեց գլուխս և շշնջաց ականջիս.
-Գիտե՞ս, որ շատ գեղեցիկ տղա ես:
Եվ համբուրեց ականջս: Կյանքումս առաջին անգամ ինձ համբուրում էին: Մարմնովս դող անցավ: Չգիտեի ինչ պատասխանել, ինչ անել: Մի քանի րոպե մոռացության մեջ էի: Երբ ուշքի եկա, ուսուցչուհին արդեն իր սեղանի մոտ էր և ինչ-որ նախադասություն էր կարդում բարձրաձայն, ասես ոչինչ չէր եղել: Գուցե իսկապես ոչինչ չէր եղել: Գուցե ինձ էր թվացել:
Տարիներն անցնում էին: Դասարանի աղջիկները, որ գտնվում էին ակտիվ սեռական հասունացման մեջ, ժպտում էին ինձ, աննկատ դիպչում ձեռքիս, իսկ բարձր դասարանների աղջիկները երբեմն աչքով էին անում: Ես շատ էի շփոթվում և միշտ ինչ-որ հիմարություն էի անում. կամ վայր կընկնեի, կամ կհարվածվեի պատին, կամ պայուսակս կգցեի: Նրանք ծիծաղում էին, իսկ ես ավելի էի շփոթվում: Տղաները շարունակում էին ինձ ձեռք առնել, երբեմն անգամ դասերից հետո խմբերով հետևում էին մինչև տուն և ամբողջ ճանապարհին վիրավորական բառեր ասում, հարվածում քարերով և ծիծաղում: Ես ոչինչ չէի անում: Չգիտեի ինչպես ինձ պահել: Չէի փորձում հարվածել, որովհետև մի անգամ անհաջող փորձ արել էի և երկու շաբաթ կապտած աչքով ման եկել:
Ինը տարեկան էի, երբ մայրս ինձ լողացնելիս արդեն զգույշ էր լինում: Նա աշխատում էր չնայել մարմնիս: Աչքերը միշտ ներքև էր ուղղում: Մի անգամ նա ջուրը չափից շատ էր տաքացրել, և ես ասացի դրա մասին: Նա գլուխը վեր բարձրացրեց, նայեց ինձ և գնաց սառը ջուր բերելու: Վերադառնալիս հայացք գցեց մարմնիս, շփոթվեց, բայց այդպես էլ չկարողացավ հայացքը կտրել մարմնիցս: Առնանդամիս հասնելով նա մի պահ կանգ առավ: Կարծես երկմտում էր լվանալ այն, թե ոչ: Այնուամենայնիվ նա դիպավ դրան: Զգում էի, թե ինչպես էր սպունգի տակ դողում նրա ձեռքը: Նրա ճակատին քրտնքի կաթիլներ էին հայտնվել, իսկ դեմքն աղավաղված էր: Այդ դեպքից հետո միայնակ էի լողանում:
Դպրոցն ավարտելուց հետո հայրս ինձ իր հետ գործարան տարավ: Աշխատում էի նրա հետ: Պարկեր էի բարձում, մանր-մունր առաջադրանքներ կատարում, օգնում բանվորներին, որոնցից մեկը հայրս էր: Գործարանում միակ կինը պահեստապետն էր, որին սակայն դժվար էր կին անվանել: Նա մոտ հիսուն տարեկան հաղթանդամ, գեր մի արարած էր, որ միշտ բողոքում էր և բղավում բանվորների վրա: Նրա հետևից կատակում էին, տարբեր պիտակներ կպցնում, բայց հնազանդվում էին և կատարում բոլոր կարգադրությունները: Բոլորը կատակում էին, թե պահեստապետուհին ինձ էր սիրահարվել, որովհետև գործարանում աշխատելու օրվանից նա հիմնականում ինձ էր հանձնարարում շրջել իր հետ պահեստում և կատարել ապրանքների հաշվարկը: Գործարանում երկար չաշխատեցի, որովհետև նույն պահեստապետը մի անգամ հայտարարեց, որ ես փորձել եմ նրան տիրանալ, թեև բոլորն էին տեսնում, որ ֆիզիկապես ի վիճակի չէի դա անել: Այնուամենայնիվ գործարանի տերը հորս ու ինձ աշխատանքից վռնդեց և հայտարարեց, որ այլասերվածները տեղ չունեն իր գործարանում:
Այդ դեպքից հետո հայրս ավելի լռակյաց դարձավ, իսկ մայրս ինձ ընդհանրապես չէր նայում: Երբեմն մտածում էի, թե անտեսանելի եմ: Նրանք ապրում էին իրենց կյանքով և ասես աշխատում էին չմտածել, որ որդի ունեն:
Մի անգամ փողոցում ինձ մի կին մոտեցավ: Նա ձեռքիս մեջ թղթի մի կտոր դրեց, որի վրա հասցեի հետ միասին գրված էր. «Կվճարեմ քեզ, եթե համաձայնես քնել ինձ հետ»: Երկար ժամանակ ձեռքիս մեջ ամուր պահել էի թղթի կտորը և չէի համարձակվում նորից նայել դրա վրա: Մի քանի օր շարունակ մտածում էի կատարվածի մասին: Հետո հիշում էի դպրոցի ուսուցչուհուն, մորս ինձ լողացնելիս, դպրոցի աղջիկների չափազանց մեծ ուշադրությունը: Որոշեցի հանդեպել կնոջն ու հարցնել, թե այդ ինչ կա իմ մեջ, որ այդքան գրավում է նրանց:
Նշված հասցեն գտնվում էր քաղաքի մյուս ծայրում, այնտեղ, որտեղ հարուստներն էին ապրում: Երբեք այդտեղ չէի եղել և անընդհատ սպասում էի, որ ինչ-որ մեկը կմոտենա և ինձ կքշի: Բայց ոչ-ոք չմոտեցավ: Տան դուռը կիսաբաց էր: Անվստահ քայլերով ներս մտա և անցա հյուրասենյակ, որտեղից երաժշտության հնչյուններ էին գալիս: Կինը նստած էր բազմոցին և ինքնագոհ ժպտում էր: Ես իհարկե միտք չունեի քնել նրա հետ, որովհետև կույս էի և չէի ցանկանում այն կորցնել ինչ-որ անծանոթ կնոջ հետ: Չնայած դեռ չէի էլ որոշել, թե ում հետ եմ ցանկանում զրկվել կուսությունից: Բայց հաստատ ոչ նրա: Առաջ անցա և անգիր սովորած բանաստեղծության նման մի շնչից արտասանեցի.
-Ես միայն եկել եմ մի բան հարցնելու և ուզում եմ, որ անկեղծ ու ճիշտ պատասխանեք: Այդ ի՞նչ կա իմ մեջ, որ կանանց ուշադրությունն ինձ վրա է պահում:
Կինն առաջ նստեց և զարմացած հայացքն ինձ ուղղեց: Ապա ժպտաց և ասաց.
-Տղա՛ս, մ՞իթե չես նկատել, որ աստծո նման գեղեցիկ ես և գրավիչ:
-Ոչ, իսկ ի՞նչ է նշանակում գրավիչ լինել:
Կինը ծիծաղեց.
-Քանի՞ տարեկան ես:
-Տասնութ:
-Կու՞յս ես:
Հարցն ինձ անակնկալի բերեց: Երբեք անկեղծ թեմաներով ոչ ոքի հետ չէի խոսել: Մայրս ու հայրս այդպիսի բաներին ուշադրություն չէին դարձնում և երևի կարծում էին, որ տարիքր հետ ինքս կգտնեմ շատ հարցերի պատասխաններ: Մի պահ երկմտեցի և անվստահ պատասխանեցի.
-Այո…
Կինը վեր կացավ և մոտեցավ ինձ.
-Ես կվճարեմ քեզ:
-Ինձ ձեր փողերը պետք չեն: Ինձ պատասխան է հարկավոր:
Կինը հետ կանգնեց:
-Լա՛վ: Ես չեմ կարող մյուսների փոխարեն պատասխանել, բայց իմ մասին կարող եմ ասել: Դու սովորական գեղեցկություն չունես: Քո գեղեցկությունը շատ հազվադեպ է: Եվ գեղեցիկ լինելու հետ մեկտեղ դու պարզապես կախարդական ձգողություն ունես: Կանայք ցանկանում են տիրել քեզ: Նրանք ցանկանում են տիրանալ քո մարմնին, որովհետև այն անկեղծորեն մաքուր է և անպիղծ: Դու, չնայած դեռ երիտասարդ ես, բայց անհավանական տղամարդկային ես և միաժամանակ մանկան պես միամիտ: Իսկ կանանց այդպիսի տիպի տղամարդիկ են գրավում: Երբ տեսա քեզ, զգացի, որ անելանիության աստիճան ցանկանում եմ քեզ, ցանկանում եմ դիպչել քեզ, հպվել մարմնիդ: Այդպիսի բան առաջին անգամ էր կատարվում ինձ հետ:
Ես լսում էի նրան և հիշում կանանց հետ բոլոր առնչություններս: Հասկանում էի, որ նա ճիշտ է: Ցնծության պես մի բան էր իշխում ինձ, ասես հենց նոր ինձ մի անպարտելի զենք էին տվել, կամ ասենք մի պարկ ոսկի: Կինը դեռ շարունակում էր խոսել, իսկ ես հաղթանակած ժպտում էի: Նա նույնպես ժպտաց և մոտեցավ ինձ:
-Հիմա հասկանու՞մ ես:
-Հիմա հասկանում եմ,- պատասխանեցի ես և դուրս թռա նրա տնից: Արագ հեռացա հարուստների թաղամասից` այնտեղ վերադառնալու վստահությամբ:
Այդ կինը հավանաբար գիտակցում էր, որ վճռորոշ ազդեցություն ունեցավ կյանքիս վրա: Նա խելացի կին էր երևում: Իսկ ես ցանկալի էի կանանց համար: Անգամ մորս: Գուցե հայրս այդ պատճառով չէր սիրում ինձ, որովհետև նկատել էր, թե ինչպես է մայրս ինձ նայում: Թեև հայրս այդքան էլ խելացի ու նրբանկատ չէր: Նա գործազուրկ էր դարձել իմ պատճառով և առիթը բաց չէր թողնում ինձ դա հիշեցնելու համար: Նա այդպես էլ մահացավ` գործազուրկ և դժգոհ: Մայրս մի քանի օր լաց եղավ նրա մահվանից հետո, իսկ հետո ինձ դուրս վռնդեց տնից:
Քսաներեք տարեկանում միակ բանը, որ ունեի մի քանի հարյուր դրամն էր և վստահությունը, որ կանայք խելագարվում են ինձ համար:
Ես սովորել եմ ապրել առանց քեզ: Այդպես գուցե ավելի լավ է: Մի բուռ ջերմ հիշողություններ ունեմ քեզնից: Որ հիշելիս աչքերիս առաջ մեր ժամանակն է հայտնվում` իր ցուրտ ձմեռով ու այդպես էլ չջերմացած գարունով: Ես երևի ժամանակին սխալվել եմ` առաջին ու վերջին սերեր որոշելով: Առաջին սերը, երևի, այն է, որ հիշում ես: Ես հիշում եմ քեզ, թեև դու հայտնվեցիր միջանկյալ, բայց մնացիր հավերժ: Ես հիշում եմ մեր ապրած ամեն մի օրն, ու սիրտս կտոր-կտոր է լինում: Ես երջանիկ էի, թեև մենք մեղսավոր էինք ու կատարյալ չէինք: Ես վստահ չեմ, որ դու նույնն ես զգացել կամ զգում, բայց դա ինձ, անկեղծ ասած, չի էլ հետաքրքրում: Դու եղար, եղար խենթաբար, կարմիր արեցիր քեզ հետ ապրած ամեն օրս, ու ես հրաժարվեցի քեզնից, որովհետև այդ ժամանակ այն, ինչին ձգտում էի, սպիտակն էր: Կամ գոնե սևը: Բայց ոչ կարմիրը: Ոչ այն կարմիրը, որ կար, երբ տեսնում էի քեզ ու խենթանում, ոչ էլ այն կարմիրը, որ ստիպում էր ատել քեզ: Մեր օրերը, հավանաբար, իմ կյանքում մինչև այսօր ապրած լավագույն օրերն են, որովհետև մենք սատանայաբար մեղսավոր, բայց աստվածային մաքուր էինք, ինչպես այն մոխրագույնը, որ հիմա կա իմ կյանքում: Ես երևի սիրում եմ քեզ, կամ էլ իմ հորինած քեզ, իմ ստեղծած քեզ, քո գոյություն չունեցող քեզ, իմ թյուրիմացաբար միջանկյալ, բայց փաստորեն առաջին սեր:
Կարոտել եմ քեզ: Կամ թե մեզ, կամ թե ինձ` կողքին քո, սրտում քո: Մենք երկուսս էլ մեծ ջանքեր ենք գործադրում` մոռանալու միմյանց, կամ թե մեզ` կողքին միմյանց, սրտում միմյանց: Ասում են` դժվար բան չկա: Ասում են` թե շատ ցանկանաս, կստացվի, կմեծանաս, կանցնես հիշողության ու ներկաների բարակ սահմանը, որ երբեմն սեփական բարակությունից ճաքում է ու կորչում, իսկ մենք ընկած փնտրում ենք, փնտրում, ամեն նորը տխմարաբար ներկա համարում, բայց նորից հայտնվում հիշողության ճահիճներում:
Կարոտել եմ քեզ: Քանի՞ ամիս կլինի, ինչ ձեռքդ չեմ բռնել: Այդ ամուր, մի փոքր կոպիտ ձեռքդ: Քանի՞ օր ու գիշեր միմյանց բարի լույս ու բարի գիշեր չենք մաղթել: Քանի՞ րոպե ու ժամ միմյանց սեր չենք պատմել: Ինչպե՞ս է ստացվում, որ այն մարդկանց, ում ամենաշատն ենք փնտրում ամբոխներում, երբեք չենք տեսնում: Ես փնտրում եմ քեզ ամենուր, բայց դու չկաս: Ինձ փնտրու՞մ ես: Երանի:
Կարոտել եմ քեզ: Այնպես, ինչպես երբեք, ինչպես ոչ ոքի: Կարոտել եմ անգամ քո վրա բարկանալը, քեզնից նեղանալը, մեր «ամեն ինչ վերջացած»-ները: Կարոտել եմ մեր խենթ արարքները, որոնց համար հիմա, գուցե, համարձակություն չունենայինք: Կարոտել եմ մեր մրսելն ու շոգելը, միմյանց մոտ շտապելը: Խելահեղ կարոտել եմ ձայնդ, ձայնդ լսելուց սրտիս թրթիռը, ձեռքդ ամուր սեղմելուց հոգուս հրճվանքը: Կարոտել եմ մեր առավոտները, կարճ զգեստների պատճառով քո զայրույթը, իմ տրամադրության անկումները հերոսորեն տանելու կարողությունդ: Ուրիշ էլ ոչ ոքի կողքին ես չկարողացա այդքան թույլ լինել:
Կարոտել եմ քեզ: Ու քեզ հետ կապված ամեն ինչ: Անգամ ինձ:
.jpg)
.png)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
