Եվ կցավես

Փոքրիկ քաղաքի փոքրաչ լույսերը` սառն ու անմասնակից, անտարբեր տողեր են երգում մենության ու հիասթափության մասին: Իմ հույսերը քեզ եմ փաթաթում, ներիր: Դու ուժեղ ես ինձնից. անգամ թե փշրվեմ քեզ մոտ վազելիս, դու հատ-հատ հետ կհավաքես ջարդված հայացքներս ու անմիտ խոսքերս ու կսիրես ինձ հենց այնպես. անպաշտպան, փոքրիկ, անլույս ու անհույս: Ես կպահանջեմ ինձ լույս տալ, ամուր գրկել, ավելի ամուր, այնպես, որ սիրտս մտածելու ուժ չունենա, բայց դու կվախենաս հարվածել ցավոտ մտքերիս. դրանք երբեք քեզ չեն պատկանի: Եվ կխենթանաս, կմոլեգնես իմ հիմար կյանքից, կուզես ինձ սեղմել ճշմարտության ու գեղեցիկի քո պատկերացումներում, իսկ ես դուրս կսողոսկեմ քո ամուր ձեռքերից, կհամբուրեմ անինձ շուրթերդ, կժպտամ սատանայաբար ու կդևեմ իմ գորշության ամրոցներ` կործանելու ու կործանվելու: Դու կասես, որ սիրում ես ինձ և չես ցանկանա ինձ ցավ պատճառել, բայց ես կցավեմ, կհոսեմ դևական արցունքներով, կհոսեմ մատներիդ արանքով, ինձ չես պահի, որովհետև երբեք էլ քոնը չեմ եղել: Ախ, քո ամուր ձեռքերը, որ այդպես էլ երբեք չեն սեղմի ինձ այնպես ամուր, ինչպես սեղմում ես ինձ քո երազներում ու զայրագին արթնանում քո սառն անկողնում, որտեղ երբեք չեմ փայլի: Ես երբեք էլ քոնը չեմ լինի, որովհետև դու կվախենաս ինձ ցավ պատճառել, իսկ ես կցավեմ իմ սատանա սիրուց և կմահանամ հենց այնպես: Որովհետև այդպես զվարճալի կլինի: Եվ կցավես:

Tags:

Share:

0 մեկնաբանություն