Կուզե՞ս մեր սենյակում վարդեր լինեն
Ինչ-որ տեղ դու շնչում ես, հանգիստ, խաղաղ: Գուցե երկար ոսկրոտ մատներդ գրկել են ծխախոտը, որ պտտում ես ու թեթև թխկացնում մոխրոտ մոխրամանի պատին: Քեզ մոտ լույսերն արդեն հանգե՞լ են: Իսկ անձրև գալի՞ս է: Ես սիրում եմ քեզ: Հայացքդ ինչ-որ բան է մտածում, շրթունքներդ չորացել են. այդքան սուրճ մի խմիր, խնդրում եմ: Վերնաշապիկդ ճմրթվել է. ես այն կարդուկեմ: Իսկ մինչև այդ դու նստել ես մութ սենյակումդ, աննորմալ երաժշտություն ես լսում, քո խենթ մտքերում սահման չես գտնում: Ես սիրում եմ քեզ: Գուցե մի բան ես հիշում, զայրանում, աչքերդ ամուր փակում, կռվում ինքդ քեզ հետ, բայց անցյալն անցյալ է, սիրելիս: Դու ի՞նչ բույրեր ես սիրում: Իմ օծանելիքը կսիրե՞ս: Իսկ կուզե՞ս մեր սենյակում վարդեր լինեն: Գարնանն էլ յասամաններ: Ցուրտ է: Հետո ցուրտ չի լինի: Ես սիրում եմ քեզ: Երազներում ումի՞ց ես փախչում: Կուզե՞ս բռնեմ ձեռքդ: Կարող ես գլուխդ դնել ծնկներիս ու քնել: Ես կհսկեմ քո քունը: Կշոյեմ մազերդ, այտդ, կմերսեմ գլուխդ. դու միայն խաղաղ ննջիր, ես կսիրեմ քո երազները: Խենթանում ենք, սիրելիս, այո, խենթաբար ապրում ենք, փնտրում, զայրանում, մեկ սավառնում, մեկ ցավոտ ընկնում, ծիծաղում, այլևս հազվադեպ արտասվում: Վերջին անգամ ե՞րբ ես արտասվել: Ես դադարել եմ արտասվել: Դա լավ է, գուցե: Բայց մի՞թե այն, որ մենք այլևս չենք արտասվում, նշան է ուժեղության: Կասեմ` դա նշան է մահվան: Մի զայրացիր, խնդրում եմ, գրկիր ինձ ամուր, դեն նետիր թոքերդ այրող այդ ծխախոտն ու հասկացիր ինձ: Ես սիրում եմ քեզ: Քո հուշերում հրեշներ ապրու՞մ են: Քո հրեշները քեզ հետևում ե՞ն: Իսկ հասնու՞մ են: Իմ հրեշներն ինձ սպանում են: Որովհետև ես չեմ արտասվում: Արտասվիր, սիրելիս, երբ միայնակ ես, երբ անգամ ես չկամ կողքիդ: Դու չգիտես ինձ, ես չգիտեմ, թե ով ես դու, ինչպիսի աչքեր ու մատներ ունես, երբ ես արթնանում և երբ ես քնում, ես չգիտեմ` կճանաչենք արդյոք մենք իրար երբևէ, բայց գիտեմ, որ ինչ-որ տեղ դու կաս, դու շնչում ես, դու կլինես, որովհետև ես սիրում եմ քեզ:
Tags:
N?
0 մեկնաբանություն