Ցուրտ է, շատ ցուրտ…
Ներիր, խնդրում եմ, ներիր: Շշնջացի, բացականչեցի, տողադարձեցի հազար ներիր-ներ, բայց ի՞նչ. քեզ մո՞տ եկա: Որպես քաղցր թմրանյութ սիրում եմ քեզ և երբ քեզ հետ եմ, գտնում եմ ինձ ու սիրում ինձ: Կյանքում մեկ անգամ են սիրում. ես արդեն օգտագործել եմ իմ չափաբաժինը: Եվ շնորհակալ եմ, որ սիրեցի հենց քեզ, հենց այսպես` խենթաբար, մոլաբար, թաց աչքերով ու դողացող շուրթերով: Բառերս այնքան ուժ չունեն, որ պատմեմ, թե ինչ է կատարվում հոգումս: Առանց այդ էլ դու գիտես, ես գիտեմ: Եվ ոչ արտասվելու, ոչ էլ տառապելու իմաստ չկա այլևս, չէ՞ որ մենք հասկացել ենք, որ ճիշտ էինք գտել միմյանց: Սեր կա. այն մեր մեջ է և միշտ էլ այնտեղ է լինելու` լինենք հեռու, թե մոտ: Որքան եմ սիրում քեզ… Որքան եմ խենթանում քեզ համար: Բացի ինձնից քեզ ոչ ոք այդպիսին չի տեսնում: Վստահ եմ: Որովհետև քո կողքին էլ ես եմ ես: Աստված իմ, ինչու՞, ինչու՞ չկտրեցիր ձեռքերս ու ոտքերս, չլալկեցրիր լեզուս, չկուրացրիր աչքերս, ինչու՞ կողքիս չեղար, երբ գնում էի: Չէ՞ որ դու էլ գիտես, որ այսպես չպետք է լիներ. մենք պետք է օրինակ ծառայեինք, որ կյանքում սերը չի մահանում, դրա համար պայքարում ու հաղթում են… Ես այնքան էի ուզում հաղթել: Թող գեղեցիկ բառեր չեմ գրում, և մտքերս կապ չունեն միմյանց հետ, բայց սիրտս ցավում է, շատ է ցավում, էլ չի դիմանում այսչափ տանջանքի ու հեռավորության: Ես քեզ սիրել եմ ուզում այնպես, ինչպես մեր սիրո գարնանը: Եվ ուզում եմ… Ինքդ էլ գիտես, թե ինչ եմ ուզում… Ցուրտ է, շատ ցուրտ…
Tags:
N2
0 մեկնաբանություն