Խոսք ընդ Աստուծոյ


Աստուած արդար և յիրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:

* * *

Միլիոնավոր խնդրանքների կողքին իմ խնդրանքը քեզ չի հասնի: Եվ ի՞նչ իրավունք ունեմ ես քեզ իմ չնչին, փոքրիկ, փոքրիիիիկ խնդրանքով դիմել, երբ մարդիկ երջանիկ չեն: Դու դեռ այնքան գործ ունես, դու շատ ես թերացել վերջերս, չե՞ս տեսնում, որ մարդիկ երջանիկ չեն, ի՞նչ ես անում, երբ անգամ ես` չնչին, փոքրիկ, փոքրիիիիկ մարդուկս գիտակցում եմ, որ ուրիշների խնդրանքներն իմ խնդրանքից կարևոր են: Բա՛ց աչքերդ, տե՛ս, թե ինչ է կատարվում: Մարդիկ մոլագար են դարձել, չե՞ս տեսնում: Ինչու՞ չես կատարում նրանց խնդրանքները, ինչու՞ ես ականջներդ փակել ու խուլ ու համր ձևանում: Ես քեզ չեմ հասկանում... Մարդիկ խելագարվում են, ելք չեն գտնում, մինչդեռ անարժաններն են երջանիկ: Դու կասես, թե ես չեմ որոշում արժանն ու անարժանը: Հենց ե՛ս եմ որոշում, որովհետև ես խլացրել եմ իմ խնդրանքը ուրիշների խնդրանքներին ճանապարհ տալու համար, որ գալիս բախվում են քարե քեզ ու փշրվում, կոտրվում, մեռնում: Աշխարհը կործանվում է... Գուցե նրանից է, որ ինձ պես շատերն են անտեսում իրենց խնդրանքները, և միայն անարժաններն են, որ խնդրում են, պահանջում, իսկ դու չես հասկանում, որ մենք պարզապես ճանապարհ ենք տալիս մյուսներին, մենք շշնջում ենք` վախենալով շեղել քեզ անարժաններին օգնելու գործից... Բացի՛ր ականջներդ, աչքերդ, տե՛ս, թե որքան ես թերացել: Օր օրի ես թերանում, հասկանու՞մ ես: Ես տեսնում եմ մարդկանց, որ անմարդանում են, կորցնում իրենք իրենց, որովհետև քեզ են կորցրել, դու ես մոլորվել, դու չես հասկանում, թե ինչ ես անում... Թերացել ես...

Tags:

Share:

2 մեկնաբանություն