2 3 Mari Love : Սիրամուտ
Մտքեր

Սիրամուտ

By Friday, December 30, 2011

Ինձ համար ժամանակն անբաժանելի երկարություն է, որ ձգվում է այնքան, որքան ես զգում եմ: Մարդիկ հորինեցին օրացույցներ, ժամանակը բաժանեցին րոպեների, ժամերի, օրերի, տարիների: Մարդիկ որոշեցին տոնել ժամանակի` իրենց սահմանած բաժանումները, որ տարի կոչեցին: Թվում էր, թե ավարտվեց ևս մեկ տարի, որ ուղիղ 365 օրով մեծացրեց ինձ, ուղիղ 365 օրով մոտեցրեց դեպի անվերջություն: Ո՞վ կմտածեր, որ տարին ճանապարհելիս շտապել էի: Ուր էլ թե շտապելիս միշտ այսպես սխալվեի: Վերքեր շնչող սիրտս ծաղկել է, սպիների փոխարեն երջանկություն է հորդում երակներիցս, արյունս ջերմություն է զարկում: Աչքերս զարմացած են. նրանք այլևս արցունք չեն խոսում: Շրթունքներս ապշած են. նրանք այժմ ժպիտ են կազմում: Մատներս… նրանք այժմ այլ մատներ են բռնում: Գրիչս այժմ թեթև է սահում, այն այժմ ջերմություն է տալիս տողերին, այն այլևս հուսահատություն չի շնչում: Իսկ արևը… Այն գիտի, թե ինչու է այսպես սիրելի շողում հենց հիմա, երբ իր տեղն ամպերի հետևում է: Արևը միշտ իմացել է, թե երբ շողա իմ կյանքում: Շնորհակալ եմ… Երբ երկար, շատ երկար ժամանակ տխրում ես, անպայման վարձատրվում ես երկար, շատ երկար սպասված ուրախությամբ: Այժմ հասկացել եմ դա: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի վաղը. այսօր ես վարձատրվում եմ իմ բաժին երջանկությամբ: Ես արժանի եմ դրան, որովհետև երկար, շատ երկար եմ հիվանդ եղել: Իսկ երջանկությունն այնպես անսպասելիորեն այցի եկավ, նա այնպես մոտ էր, այնպես հասանելի, այն միայն իր ժամին էր սպասում: Եվ այժմ չգիտեմ` խենթանա՞մ ուրախությունից, թե լուռ վայելեմ հոգուս ծաղկունքը: Սիրամուտ է հոգումս: Սիրտս ջարդել է կողպեքները բոլոր, բացել է դռներն ու երջանկություն է խմում, անհագորեն… Նա երկար, շատ երկար է ծարավ եղել, նա գրեթե մահացած էր: Շնորհակալ եմ… Ես զգում եմ, որ նոր էջ է բացվում, որի առաջին բառերն արդեն գրվել են: Ես դեռ չգիտեմ, թե քանի պարբերություն, քանի տառասխալ, քանի բացականչական ու բազմակետ կդրվի, ես միայն ցանկանում եմ, որ վերջակետերը հասկանան, որ նրանք իմ կյանքում ցանկալի նշաններ չեն: Ես ցանկանում եմ բազմապատկել այս էջը, նրանից մի գեղեցիկ պատմություն ստեղծել: Ցանկանում եմ հավատալ, որ հրաշքներ ինքներս ենք ստեղծում, ինքներս են կյանքը վերածում հրաշքի: Ամենքս էլ երջանիկ լինելու իրավունք ու հնարավորություն ունենք: Ամենքս էլ մի օր կանգ կառնենք ու կմտածենք. «Ես երջանիկ եմ…»

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն