Ես կսիրեմ քեզ

Լինես հեռու, թե այնքան մոտ, այնքան, այնքան, որ զգամ արյան շարժդ երակներով ու չհասկանամ՝ այդ իմ, թե քո արյունն է խաղում ու վազում, զարկում օրգաններին, իմ, թե քո մարմնի, լինես հեռու, այնքան հեռու, որ մի գիտուն մարդ չգտնեմ, որ չափի ու չափ սահմանի քո հեռվության, լինես հեռու, թե լինես մոտ, ես կսիրեմ քեզ:



Լինես դատարկ, թե այնքան լի, այնքան, այնքան, որ ավել բառ ու ավել տառ, ավել շարժում ու ավել հոգոց տեղ չունենա քո լիության մեծության մեջ, լինես դատարկ, այնքան դատարկ, որ վախենամ թե մի նոր բառ ու մի նոր տառ, մի նոր զգացմունք ու նոր հուզում գումարեմ քո դատարկ եսին, վախենամ, թե փշրվես դատարկ եսիդ լիությունից, լինես դատարկ, թե լի լինես, ես կսիրեմ քեզ:


Լինես ստահակ, թե այնքան վեհ, այնքան, այնքան, որ իմ սևության ամեն մի բիծ տեսնես ու դատես լուռ, կամ թե գոչելով, քար նետելով կամ թաքցնելով, լինես ստահակ այնքան, որ ինձ ծաղրես ու դեն նետես որպես մի ծուռ խաղալիք, որպես անպետք մի սիրուն իր, լինես ստահակ, լինես վեհ, ես կսիրեմ քեզ:


Լինես համառ, թե այնքան լուռ, այնքան, այնքան, որ խենթանամ իմ բառերի բարձրությունից, գոչեմ՝ խոսիր, հիմար, մի բան ասա, ես այդքան բառ չգիտեմ, դու մի լռիր, ինձ մի խոսեցրու, լինես համառ այնքան, որ զզվեմ, թե մի տառ ասեմ, մի բառ գրեմ, խորշեմ քո գորշության սև հետքերից, քո կամակոր խոսքերից ու քայլերից, լինես համառ, լինես դու լուռ, ես կսիրեմ քեզ:



Լինես այնպես, թե այսպես, կամ թե այնպես, կամ թե այսպես, ես կսիրեմ քեզ:

Tags:

Share:

0 մեկնաբանություն