2 3 Mari Love : Սիրալուծված
Մտքեր

Սիրալուծված

By Monday, April 08, 2013

Մի ամբողջ կյանքի չափ կարոտում եմ քեզ: Կարոտում եմ, անգամ երբ կողքիս ես, անգամ երբ մեզ կիլոմետրեր են բաժանում, անգամ երբ մի ամբողջ կյանք… Բազմապիսի մտքերն ու ծրագրերը ավելի ու ավելի հաճախ են ստիպում հրաժարվել պարզ երջանկություններից: Մեծանում ենք, ինչ արած… Բայց երբ ամբոխոտ փողոցներում` գրկած գրքերս ու տետրերս, գրկած միայնակ ձեռքերս, քայլում եմ, իսկ կողքիս չկաս, սիրտս կանգ է առնում: Օրս բաժանող ժամերի դատարկության չափ կարոտում եմ քեզ: Խելագար քաղաքի տարբեր մասերում` միշտ իրար մի քանի րոպեի չափ մոտ, մենք կարոտում ենք իրար: Սարսափելի է: Կար ժամանակ, երբ անկեղծորեն այնքան մոտ էինք, և ես սիրում էի գրկել քեզ, ամուր սեղմվել տաք մարմնիդ, շնչել մաշկիդ բույրն ու քնել: Իհարկե առավոտյան արթնանում էի քեզնից հեռու (ինչ արած, անհանգիստ եմ քնում), բայց դու կողքիս էիր: Կամացուկ վեր էի կենում, գնում խոհանոց, քեզ համար սուրճ ու նախաճաշ պատրաստում ու հպարտ վերադառնում սենյակ: Կամ էլ միասին հայհոյում էինք զարթուցիչը և դժկամորեն արթնանում: Դու գրկում էիր ինձ, գլուխս մոտեցնում կրծքիդ, ամուր սեղմում, իսկ ես ինձ այնքան լավ էի զգում: Լիներ փոքրիկ խցում, թե ընդարձակ տանը, ես, թեև հաճախ հակառակն էի ցույց տալիս, բայց սիրում էի քեզ: Խելագարվում եմ առանց քեզ, առանց ինձ` քո կողքին: Բայց ինձնից այնքան ուժ է պահանջվում, մոռանալով գորշն ու մահը, փորձել կրկին փրկել մեզ: Ես երևի երբեք էլ այդքան ուժեղ չեմ լինի: Ախր ես այնքան մեծ բան եմ կորցրել, մենք ենք կորցրել, երկուսս, որպես մի ընտանիք: Հիշում ե՞ս, չէ՞, ինչպես էինք երկուսով կռիվ տալիս, երբ մարդիկ ասում էին, որ զույգն առանց երեխայի ընտանիք չէ: Ո՞վ է մեղավոր, որ այժմ փողոցում կամ երթուղայիններում չեմ կարողանում երեխաների դեմքին նայել անգամ: Ամեն ինչ չէ, որ շտկել կարող ես, ամեն բան չէ, որ փրկել ու հետ բերել կարող ես: Ես իմ փոքրիկին եմ ուզում: Ես իմ հիշողությունների դեմ եմ պայքարում, ես այժմ ինքս իմ դեմ եմ պայքարում, բայց պարտվում եմ ու պարտվում, ընկնում եմ ու վեր կենալ չեմ ցանկանում: Ես մի հիվանդ մարդ եմ դարձել, որին ամեն բան մեկ է հիմա: Ամենավատ հիվանդությունն անտարբերությունն է: Իսկ ես չեմ բուժվում…

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն