Ժամանակի հետ

Ինձ ոչ ոք չասաց, որ այսպես է: Ոչ ոք չբռնեց ձեռքս, չկանգնեցրեց, ոչ գլուխս պահեց ու բացականչեց, ոչ էլ շշնջաց, չզգուշացրեց, չպատմեց, որ որքան բարձրանում ես, այնքան ներքև ես իջնում: Որքան ձգտում ես ավելիին, այնքան կորցնում ես ամենաթանկը: Որքան քեզ թվում է, թե դեռ շատ կա, այնքան վերջը մոտենում է: Իսկ ի՞նչ է վերջից հետո: Վերջից հետո հիմա է… 


Ժամանակի հետ երկաթ ես դառնում, կարծր-կարծր, ուժեղ-ուժեղ: Ժամանակի հետ էլ չես լինում ժամանակի փափկասունը: Անհնար է լինում քեզ կոտրելը. դու չես փշրվում: Դու արդեն իսկ փշուր ես. ամենափոքր, ամենազոր: 

Ինձ չասացին, որ ժամանակի հետ քնելիս չես արտասվում. ուժ չկա: Ժամանակի հետ բոլոր արցունքները չորանում են, իսկ նորերի համար էլ տեղ չկա: Ոչ էլ ժամանակ: Ոչ էլ իմաստ: 

Ժամանակի հետ մոռացվում է ամեն ինչ. սեր, կիրք, ատելություն, կարոտ, կարոտի ատելություն, սիրո կիրք, կարոտի սեր, ատելության կիրք: Ժամանակի հետ մնում է միայն կորուսյալ ժամանակի ավազելիությունը: Կարծես մատներդ էլ ամուր փակել էիր, բռունցքվել էիր ամբողջությամբ, բայց ժամանակն անողոքաբար քեզ մեծացրեց, երկաթ դարձրեց, սրբեց արցունքներդ ու ծնկի բերեց: 

Դու ինքդ մի ավազ դարձար, մի չնչին փշուր, ու սարսափեցիր սեփական անտարբերությունից: Ոչինչ, գրողի տարած ոչինչ քեզ այլևս չի զարմացնի. դու տեսար ամեն ինչ, իսկ ինչ էլ չտեսար ինքդ, կողքիններդ տեսան: Եվ ի՞նչ է ստացվում: Որ զուր էր ամենը. ամենի վերջն էլ նույնն է. հիման… 

Այն հիման, որ մեզ դարձրեց այն, ինչ կանք: Ինչ չէինք երազում, ընդհանրապես չէինք պլանավորում, երազներում ու երազանքներում չէինք տեսնում: Հա, ժամանակը, այդ տականք հրեշը, որ մեզ տվեց հանգստություն, դաժանություն ու մոխրագույն հայացքներ, մեզնից խլեց մեր խենթությունը, մեզ գույներ ու երանգներ տվող համարձակությունը, սիրելու պատրաստակամությունը: Ժամանակը մեզ սովորեցրեց նախ և առաջ սիրել ինքներս մեզ և ժայռերից նետվելուց առաջ մտածել. արդյո՞ք մեր հետևից կցատկեն: Չեն ցատկի: Չենք ցատկի: Եվ փառք աստծո: 

Ժամանակը… Այդ սիրելի ժամանակը… Մեզ գրկեց, շշնջաց մեր ականջին, ցույց տվեց, որ վերջը դեռ շատ հեռու է… Վերջը հետո է, հիմայից հետո, իսկ հիման մենք ենք: 

Երկաթյա, ամուր-ամուր, կարծր-կարծր: 



Tags:

Share:

0 մեկնաբանություն