Չի վերջանում քո հանդեպը


Չի վերջանում քո հանդեպը: Քո համարը, քո մասինը:

Չի խաղաղվում, չի մոռացվում, չի հնանում: 

Չես վերանում, չես մոռանում, չես հեռանում: Չեմ հանդարտվում: 

Չեմ կարոտում, չեմ էլ հիշում: Ո՞ւմ եմ խաբում: 

«Մեկին գտի, սիրահարվի: Ինձ ազատի:

Դու ուզո՞ւմ ես:

Չէ:

Ես էլ:

Խաղ:

Սեր:

Հա:

Կարոտ:

Հա»:

Չեմ հասկանում, չեմ ազատվում, չեմ էլ ուզում: 

Ես չեմ փոխվում, նույնն եմ մնում:

Դու չես զզվում ու չես հոգնում: 



Ես ամեն կերպ փորձեցի քեզ սիրել: Եղա այնքան մոտիկ, որ հաշվեցի, թե րոպեում քանի զարկ է խփում սիրտդ և քանի կաթիլ արյուն հոսում երակներովդ: Եղա և այնքան հեռու, որ չիմացա անգամ` գուցե սիրտդ մի օր կա՞նգ առավ: Ես փորձեցի դառնալ միտքդ, հոսել դանդաղ-դանդաղ, հասնել հոգուդ, դիպչել սրտիդ: Լինել քեզ պես, քեզ հավասար և մոռանալ, թե քանի աշխարհներ են մեզ բաժանում: Ես փակեցի դուռ ու լուսամուտ, պարիսպներ դրեցի և փորձեցի հավատալ, որ կարող եմ դեռ լինել քեզնոտ ու քեզանով: Բայց չստացվեց: Եվ չուզեցի: Բարդ էր այնքան: Բարդ էի սարքել, փակելու փոխարեն պիտ բացեի, պարիսպվելու փոխարեն` մոռանայի ամեն արգելք ու խոչընդոտ: Եվ հեռացա այնքան, որ չիմացա անգամ` գուցե արյունդ երակներում սառչե՞ց: 

Բայց չմոռացա: Եվ չմոռացար: Չստացվեց ինչպես առաջ հպարտորեն դառնալ մենակ: Ստացվեց միայն նախկինի պես լավ ձևանալ ու համոզել, որ ոչ մի քամի ու ոչ մի հողմ ինձ չի ստիպի ծնկի իջնել միայնության ու կարոտի դեմ: 

Անցան օրեր ու ամիսներ: Անցավ կլոր ուղիղ տարի: Մի քիչ ավել: Եվ կրկին դու, ու կրկին մենք: Միշտ նույն խաղի ու պտույտի մեջ: Շատ բան փոխված, մի քանի բան նույնը եղած: Անփոփոխ միայն բառերն ու կարոտները մնացած: Եվ չհոգնած ու չզզված, չփոշմանած ու չերկմտած, որ գուցե չէ, այս անգամ էլ չէ, ինչպես որ միշտ` չէ ու էլի չէ: 

Ի՞նչ է եղել որ: Չէ՞ որ գիտենք, որ թեկուզ և այս անգամ էլ չէ, ոչ էլ մյուս ու հաջորդ անգամ, պարտադիր չէ լինել այնպես, ինչպես պետք է: 



Շփվել, ուղղակի, ահագին:

Tags:

Share:

1 մեկնաբանություն