Տիեզերքներ և փոշու հատիկներ


Դու այնքան բարձրահասակ էիր: Եվ քո կողքին հատկապես իմ 1,55-ը չէր երևում: Ինչպես չէր երևում սիրունիկ դեմքս քո կատարյալ դեմքի կողքին: Եվ ընդհանրապես` տղամարդը չի կարող քեզ պես գեղեցիկ լինել: Դու պարզապես իրավունք չունեիր այդքան գեղեցիկ լինել: 

Ես այնքան վստահ էի, որ գեղեցիկ եմ, բայց քո հայտնվելուց հետո ես այլևս հիացմունքով չէի նայում հայելու միջից ինձ նայող մի բուռ անվստահությանը: Եվ որքան էլ դու կրկնեիր, որ քո արքայադուստրն եմ, ես գիտեի, որ բավարար լավը չէի քեզ համար: Եվ երբեք էլ չէի լինի:

Դու գրկում էիր ինձ, երկար մատներով մի կողմ քաշում մազափունջս, համբուրում ականջներս և ինչ-որ ծիծաղելի հիմարություն շշնջում: Եվ ես այլևս չէի մտածում, թե աշխարհում գուցե մեզնից բացի այլ մարդիկ կան: Չէ՞ որ ես ունեի իմ անձնական տիեզերքը, որտեղ դեմ չէի մոլորվել ու այլևս չվերադառնալ: Քո թիկունքի տիեզերքում ես կորցնում էի ինձ և դառնում մի գալակտիկա սեր: 

Ես կարող էի մի ամբողջ կյանք անթարթ նայել քեզ ու խորտակվել քո աչքերի երկինքներում: Բայց երբ տեսնում էիր, թե ինչպես եմ նայում քեզ, սայթաքում էի քո ամպերից ու ծիծաղելով այլ կողմ նայում: Ես չէի ուզում խոստովանել, որ գեղեցիկ էիր այնքան, որ դառնալով ապառնի նախանձում էի անցյալ ինձ: Եվ ատելով բաժանվում էի քեզնից` ձգտելով անգիրել կատարյալ դիմագծերդ մտքումս և փոխադրել գիշերային բաժանման մթության մեջ: 

Դու գիտեիր, որ խենթացնող էիր: Եվ հավատում էիր, երբ ասում էի, որ չկա ավելի սարսափելի բան, քան սեփական անզուգականությունը գիտակցող տղամարդը: Գրողը քեզ տանի, դու ամենասարսափելի բանն էիր, որ կարող էր պատահել ինձ հետ: Գրողը քեզ տանի միլիոն կիլոմետր հեռու, դու իմ հանդարտ օրերի թշնամին էիր, իմ չընթերցած գրքերի ու չդիտած ֆիլմերի ափսոսանքի հանրահաշվական բազմապատկումը հարյուր հազարի: Ես ափսոսում էի, որ անցնի հինգ միլիոն տարի, ես չեմ հագենա քո ներկայությունից պարզապես որովհետև դու ամենագեղեցիկ տղամարդն էիր արևների վրա:

Ես չէի հասկանում, թե այդ ինչ ֆենոմենալ աննորմալություն էր, որ քո կողքին մարմինս հակառակվում էր եղանակին. թե շոգ էր, պիտի մրսեի; պիտի շոգեի, թե ցրտեր: Եվ դու ծիծաղում էիր, քո այն հրեշային գեղեցիկ հայացքով նայում վրաս և ձեռքդ մեկնելով ինձ դեպի քեզ քաշում: Ես չէի կարողանում հաշվել, թե որքան դեռ պիտի դիմանամ: Եվ արդեն երազում էի հանձնվելու մասին: Ես երազում էի, որ ինչ-որ տարերային աղետ խլեր քեզնից քո գեղեցկությունն ու քեզ ընդմիշտ ինձ հետ կապեր:



Դու դարձար այն հեղաշրջող աղետը, որ առհավետ խլեց ինձնից իմ ինքնավստահությունն ու ստիպեց գլուխս առած փախչել դեպի տարերային տգեղությունները, որովհետև լավ է լինել  տիեզերք փոշու կույտերի մեջ, քան աննշան փոշու հատիկ` տիեզերական գլուխգործոցի կողքին:

Share:

0 մեկնաբանություն