Դադարել եմ փնտրել քեզ


Ծաղրում են` ասելով, թե խենթացել եմ քո պակասից: Անհավանական պտույտների մեջ եմ ընկել` կարծելով, թե այնտեղ կգտնեմ քեզ էլ, մեզ էլ: Բայց դու էլ, մենք էլ գիտենք, որ ես դադարել եմ քեզ փնտրել: Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ դու կորար, և ես այլևս չփնտրեցի քեզ: Հիշո՞ւմ ես` կար ժամանակ, երբ այնքան էիր թագավորել ինձ, որ ասեիր` մեռիր, կմեռնեի: Հիշո՞ւմ ես` քանի անգամ եմ վերածնվել: Քո իսկ հրամանով: Բայց եկավ ինչ-որ մի պահ, և հրամաններդ բավարար չեղան: Ապստամբեցի, քամի մրրացի, անձրև հորդեցի, կրակ հրդեհվեցի, խառնեցի երկինքն ու երկիրը, և դու գնացիր: Խաղաղվեց ամենը, լռեց, իջավ թեթև-թեթև, լույս դարձավ: Եվ կորցնելով քեզ` գտա ինձ: 

Ես, որ իմացել եմ երկրպագել քեզ, հողերն եմ մաշել քո հետևից ծնկելով, սիրտս եմ կանգնեցրել քեզ համար, աչքերս եմ կուրացրել, ականջներս խլացրել, մատներս կոտրել ու չափսոսել, ինչ-որ մի պահ արթնացա: Դու, որ եղել ես այնքան շատ, որքան երբեք ոչ ոքի մոտ, սովորել ես սիրել ապրելով, մահանալու համար պատճառ չգտնելով, ինչ-որ մի պահ մտածեցիր, որ ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ: Դու չհասկացար, որ լավագույն պարգևները պետք է փայփայել, ատամներով պաշտպանել, թե պետք լինի` աշխարհը շրջել դրանք չկորցնելու համար: 

Քո գնալուց հետո ես կորցրի գույներս: Ես չկարծեցի, թե դրանք են իմ պարգևը, որը չկորցնելու համար ես պետք է չկորցնեի քեզ: Իսկ ո՞ւմ է պետք այն նկարիչը, ում ներկապնակում չկան գույներ: 



Նրանք ծաղրում են: Նրանք երբեք չեն ապստամբել և չեն գերադասել կորցնել գույները: Նրանք չեն կարող պատկերացնել, որ առանց գույների նույնպես կարելի է ապրել և չխենթանալ:

Tags:

Share:

0 մեկնաբանություն