Իդեալական ամուսին ընտրելու մասին


Մեր ողջ կյանքը հիմնված է ընտրության վրա: Ամեն օր, ամեն ժամ ու րոպե մենք կատարում ենք ընտրություն երկու կամ ավելի բաների միջև: Երբեմն մեր փոխարեն ընտրություն են կատարում ուրիշները, ասենք ծնողները: Կողակից ընտրելու իրավունքն ու հնարավորությունը, որպես կանոն, ընձեռնված է մեզ: Իհարկե դեռևս կան ընտանիքներ և անգամ ամբողջ ազգեր, որտեղ մարդը զրկված է այդ իրավունքից, բայց մենք խոսում ենք ադեկվատ ու հասուն հասարակության մասին, որտեղ կողակից ընտրելու և ունենալու իրավունքը պատկանում է հենց իրեն` մարդուն: 

Դեռ շատ վաղ տարիքից աղջիկները մտածում են ամուսնության մասին: Նրանց հասկացնում են, որ երջանիկ լինելու համար պետք է զույգավորվել: Եվ հենց այդ ժամանակից էլ ձևավորվում է սպիտակ ձևով իդեալական ասպետի կերպարը, որը դարեր շարունակ հետապնդում է գեղեցիկ սեռին :)

Իհարկե ժամանակի ընթացքում փոխվել են ինչպես ձիու, այնպես էլ ասպետի նկատմամբ պահանջները, բայց միտքը նույնն է մնացել` ասպետը հայտնվելու է մի օր և երջանկացնելու է աղջկան: 

Մենք բոլորս մոտավորապես պատկերացնում էինք, թե ինչպիսին է մեր ժամանակների ասպետը. գեղեցիկ, առնական, իդեալական ժպիտով: Նրանք հաճախ ենք տեսել դիսնեյան մուլտֆիլմերում: Բայց արդյո՞ք այդ ասպետն ունակ է երջանկացնելու իմ սերնդի կնոջը: 

Տարիներ առաջ, եթե ինձ հարցնեին, թե ինչ տղամարդու եմ փնտրում, միանշանակ կտայի վերոնշյալ պատասխանը: Ասպետը պիտի լինի ինչպես ֆիլմերում: Բայց կյանքը կինո չէ, ոչ էլ թատրոն, իսկ լավ դերասանության համար մեզ ոչ ոք Օսկար կամ Ոսկե գլոբուս չի տա: Ուստի կյանքում էլ չկան իդեալական հերոսներ, ովքեր գալիս են և երջանկացնում: Երջանկությունը ռեստորաններում մատուցվող էկզոտիկ ուտեստ չէ, որ մատուցում են ոսկեջրած սկուտեղի վրա: 

Երջանկությունն ունի իր բանաձևը, որը գրեթե նույնն է բոլորիս համար: Եվ եթե մարդը կարողանա այն հաջողությամբ վերծանել և կոդավորել, ապա կգտնի և երջանկությունը, այն է` հասնել այնպիսի վիճակի, երբ այդքան էլ չես մտածում երջանկություն գտնելու մասին: Բարդ է, չէ՞ :)

Մենք` կանայքս, որպես կանոն մեր երջանկությունը կապում ենք ընտանիքի հետ: Այդպիսին է մեր էությունը: Գտնել նորմալ տղամարդ, ամուսնանալ, ունենալ երեխաներ, թոռներ: Գեղեցիկ է, ինչ խոսք: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ շատերս ձախողում ենք իդեալական շղթայի հենց առաջին օղակը և չենք ընտրում ՆՈՐՄԱԼ տղամարդու:

Այո, հարգելի տղամարդիկ, եթե ձեզ թվում է, թե դուք եք ընտրում կանանց, սխալվում եք: Պարզապես մենք այնքան իմաստուն ենք, որ թույլ ենք տալիս ձեզ այդպես կարծել, հատկապես երբ արդեն իսկ գիտակցում ենք, որ սխալ ընտրություն ենք կատարել: 

Եթե տարիներ առաջ ինձ հարցնեին, թե ինչպիսի տղամարդու եմ փնտրում, կպատասխանեի` գեղեցիկ, բարձրահասակ, առնական ձեռքերով, գրավիչ ժպիտով, սեքսուալ հայացքով, ինչպես Ջեյմս Դինը կամ Ալեն Դելոնը: Ցանկը կարող էր փոխվել հերթական գեղեցիկ դերասանի կամ երգչի հայտնվելուն պես: 

Ինչպես տեսնում եք` ցանկում տեղ էին գտել բացառապես այնպիսի հատկանիշներ, որոնք տրվում են մարդուն ի ծնե: Բայց ախր ինձ պետք էր տղամարդ, ոչ թե ուղեկցող մոդել կամ խոսող տիկնիկ: Ի՞նչ էի անելու տղամարդուս գեղեցիկ մռութիկը, եթե գանգատուփը դատարկ էր: Ինչի՞ս էր պետք նրա բարձր հասակը, եթե նրա մտահորիզոնը կես մետրից այն կողմ վերանում էր: 

Մի քանի դառը փորձից հետո ես հասկացա, որ գեղեցիկ արտաքինին փաստորեն պետք է գումարել նաև խելքի առկայությունը: Դեռ երկար ժամանակ ես հիմարաբար շփոթում էի խելքն ու խելացիությունը: Ինձ թվում էր, որ եթե տղամարդը գիտի հարաբերականության տեսությունը և կարող է անգիր հիշել բոլոր պատերազմների և դաշինքների տարեթվերը, բացի այդ էլ գեղեցիկ է, ապա նա արդեն իսկ իդեալ է: Երկար ժամանակ պահանջվեց ինձ նման հիմարիկից հասկանալու համար, թե որքան չարաչար եմ սխալվել:

Այնուհետև սկսեցի գնահատել փողի արժեքը: Ես տեսա, թե որքան հիանալի բան է փողը և որքան լավ այն կարող է լուծել բոլոր խնդիրները: Եվ այսպես գեղեցիկ արտաքինին և խելքի առկայությանը միացավ քիչ թե շատ ապահովված լինելը: Մտածում եք` սխա՞լ է: Համոզված եմ` ոչ: Չէ՞ որ մենք խոսում ենք ամուսնության մասին, իսկ ինչպե՞ս կարելի է կյանքը կապել ֆինանսական միջոցներից զուրկ մարդու հետ: Դա առաջին հերթին անպատասխանատու քայլ է հետագա սերնդի հանդեպ: 

Դառը փորձն ինձ կրկին սովորեցրեց, որ հարուստ լինելն ու խելացի ծախսելը տարբեր բաներ են: Այժմ ինձ անհրաժեշտ էր գեղեցիկ, խելացի, հարուստ մեկը, ով նաև կկարողանար ճիշտ տնօրինել ֆինանսները: 

Կյանքը կարճ բան է, և առանց էմոցիաների այն այնքան դատարկ է: Ինչպե՞ս կարող ես լինել մեկի հետ, ով զուրկ է ռոմանտիզմից: Ո՞ւմ է պետք այն տղամարդը, ով չի հիշում ձեր հանդիպման ամսաթիվը, ով ամեն շաբաթ ծաղկեփունջ չի նվիրում, իսկ ժամանակ առ ժամանակ որևէ խենթ արարք չի գործում, ասենք` չի փախցնում սարեր և ռոմանտիկ ընթրիք կազմակերպում հենց սարի լանջին:

Բա հումորի զգացո՞ւմը: Չէ՞ որ ծիծաղը երկարացնում է կյանքը:

Իսկ լավ ընտանի՞քը: Ձեր հարաբերությունները չեն կարող առողջ լինել, եթե նա սերում է անպիտան ավազակների ընտանիքից: Կամ նրա մայրը հաճախ է խառնվում ձեր կյանքին, իսկ հայրը ընտանիքի գլուխը չէ և հնազանդվում է կնոջը: 

Եվ այսպես, տարիների ընթացքում ես կազմեցի իդեալական տղամարդու իմ պատկերը, ում… ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԳՏՆԵԼ



Այժմ, երբ դադարել եմ փնտրել որևէ տեսակի տղամարդու և վայելում եմ միայնակությունս, հաճախ եմ մտածում, որ լինեի ես ավելի խոհեմ և իմաստուն` այժմ միայնակ մնալու կարիք չէր լինի: Չէ՞ որ այդ ես եմ թույլ տվել կոդավորել իմ մեջ այն ստանդարտները, որոնցով առաջնորդվել եմ տղամարդ ընտրելիս և ամեն անգամ իմ ակնկալածը չտեսնելով հիասթափվել և վերջիվերջո դադարել փնտրելուց: 

Ես ի սկզբանե չէի փնտրի գեղեցիկ տղամարդու, որովհետև արտաքին գեղեցկությունը որևէ կապ չունի նրա հետ, թե ինչ է կատարվում ներսում: Գեղեցկությունը սուբյեկտիվ ընկալում է, ճաշակի, նախասիրությունների հարց, և տգեղությունն ամենասարսափելի բանը չէ, որ կարող է պատահել մարդու հետ:

Ես ժամանակ չէի ծախսի սիրահարվելով համալսարանական գիտունիկներին, այլ էներգիաս կուղղորդեի ընտրելու լիդերի հատկանիշներով տղաների, ովքեր կլինեին համարձակ և առույգ: 

Ես չէի մտածի, որ արժանի եմ այն հարստությանը, որը պատկանում էր հավանական կողակցիս, այլ կընտրեի խոստումնալից որևէ երիտասարդի, ում կողքին ինքս էլ կփորձեի հասնել այն բարձունքներին, որոնց տաղանդն ունեի: Ես չէի համարի, որ իրավունքն ունեմ այն փողի, որը, հավանաբար, չէր էլ պատկանում նրան: 

Ես առաջնահերթություն կհամարեի ընտրածս տղամարդու ընտանիքը մանրակրկտորեն ուսումնասիրելը, քանի որ անհաջող տղամարդկանց հետևում գրեթե միշտ կանգնած են անհաջող ընտանիքները: Ես ամեն կերպ կփորձեի հասկանալ, թե ինչ է կատարվում ընտրածս տղամարդու ընտանիքում, երբ նրանց ոչ ոք չի տեսնում: Այդժամ ես կհասկանայի, արդյո՞ք կարող եմ կյանքս կապել մի տղամարդու հետ, ում ընտանիքը, նուրբ ասած, չի համապատասխանում իմ ակնկալիքներին:

Ես կգերադասեի այնպիսի տղամարդու, ում կհարգեի, այլ ոչ կսիրահարվեի կամ կսիրեի, քանի որ հարգանքի բացակայության դեպքում ցանկացած զգացմունք վերածվում է անտանելի հակակրանքի: Եվ չէի դառնա այնքան բծախնդիր ու այնքան պահանջներ չէի դնի տղամարդու հանդեպ, որ նրան գտնելը դառնար անհնար: Ես կմտածեի, որ «իդեալական» տղամարդ ունենալու համար նախ ինքս պետք է արժանի լինեմ նման պատվի:



Եվ տարատեսակ ապագա ամուսիններ փնտրելու փոխարեն կինքնակատարելագործվեի և ինքս կդառնայի «իդեալական» կին :)

Share:

0 մեկնաբանություն