Վերնագրեր դնելու ժամանակներն անցել են

Երբ արտասվեցի քո գրկում, քեզ թվաց քեզ համար եմ արտասվում: Չէ, սիրելիս, ես արտասվում էի ինձ համար: Այն բանի համար, որ ամեն ինչ այսպես ստացվեց: Ես այսպես չէի պատկերացնում: Ոչ թե քեզ հետ, այլ ինձ հետ: Ինձ հետ աշխարհի ամեն բանը կատարվեց, որին, չգիտեմ էլ, ինքս գնացի, թե արժանի էի: Ես արտասվում էի, արցունքներն այրում էին աչքերս, ու ես չէի հասկանում` ո՞ր մեղքիս համար պիտի ստացվեր այնպես, որ հազարավոր գրկերից հենց քո գրկում պիտի արթնանայի տարիների քնից, գիտակցեի, թե ինչ եմ անում: Մարդիկ մարդ են սպանում, մարդիկ կյանք են դադար տալիս, մարդիկ մարդ չեն դառնում, բայց պատժվում եմ ես: Իսկ ես ընդամենը սեր էի ուզում. պարզ ու մաքուր, ինչպես ես էի, միլլիոն տարի առաջ: Բոլորը ստացան իրենց բաժին սերը, միայն ես բաժին դառա անսեր մարդկանց: Բոլորը քնեցին ու զարթնեցին սիրած մարդկանց հետ, միայն ես զարթնեցի քնած սերերից: Բոլորը սպասեցին ու հասան, միայն ես հասա ու չսպասեցի: Չգտա, չտեսա, չզգացի այն, ինչ երազում էի: Սովորեցի չերազել, չզգալ, չտեսնել: Սովորեցի չապրել: Ու հայտնվեցիր դու: Փչացրիր ամենը, տարիների քունս մի վայրկյանում վայրկյան սարքեցիր, հատիկ հատիկ ջարդեցիր երկաթ դարձած ոսկորներս, հազարներ տեսած մաշկս քեզ կարոտ դարձրիր, խելացի մտքեր ասող ինձ մի բուռ հիմարություն սարքեցիր, ու հասկացա` ամեն ինչ նորից պիտի սկսեմ: Չեմ ուզում, չեմ կարող, ախր ամեն ինչ իմ ձեռքերում էր, իսկ հիմա ես եմ քո ձեռքերում, ու ամեն ինչ սարսափելի է: Քո հիանալի ձեռքերում ես խեղդվում եմ, քո ուժեղ հայացքներում ես կորում եմ, քո կատարյալ ուժի ներքո ես գիտակցում եմ սեփական ոչնչությունս, անկարողությունս, անիմաստությունս: Դու եկար ցույց տալու, որ ամենը, ինչ արժեքավոր եմ համարել, զրոյի է հավասար, եթե կողքիս երբեք չի լինելու քո նմանը: Դու ցույց տվեցիր, որ իմ նմանների կողքին երբեք չեն լինելու քո նմանները: Ոչ թե որովհետև դու լավն ես, իսկ ես` վատը, այլ որովհետև արժեքներն են տարբեր. իմ նմանները արժեք ունեն միայն քո նմանների համար, երբ պետք է, անհրաժեշտ է, կարիքը կա: Իսկ ժամանակ հետո այլևս չկա: Կարգն է այդպիսին: Ու ոչ իմ նմանները, ոչ էլ քո նմանները դեմ չեն գնա ընդունված կարգին: Այդպիսին է կարգը:

Tags:

Share:

0 մեկնաբանություն