Կարոտ


Ների՛ր ինձԵս դավաճանել եմ քեզ: Գիտեմ, որ կներես, որովհետև ողջ անծայրածիր տիեզերքում իր ուժով, գեղեցկությամբ չկա քեզ հավասարըԻսկ ես`միամիտս, կարծում էի, թե դու միշտ ինձ հետ կլինես, որովհետև արժանի եմ քեզ: Ների՛ր, որ արժանի չեմ:
Հիշում եմ, որ ամեն առավոտ արթնանում էի քո մասին մտածելով: Շուտ դասի էի շտապում, որովհետև մեքենայից տեսնում էի քեզ և միասին դասի էինք գնում: Ուղեկցում էիր ինձ մինչև համալսարանի շենք, իսկ այնտեղ էլ ամեն վայրկյան զգում էի քեզ, քո շունչը: Զգում էի, որ կողքիս ես, և միշտ ժպտում էի:
Տարվա յուրաքանչյուր եղանակին դու տարբեր էիր լինում: Բայց միշտ սիրելի ու սպասված ես եղել ինձ համար: Գիշերները հազիվ էի քնում. րոպեներն էի հաշվում, թե երբ է առավոտը գալու, որ քնաթաթախ վեր կենամ անկողնուց, ոտաբոբիկ, ծածկոցով փաթաթված գամ քեզ մոտ: Սառած ոտքերիս տակ ճռճռում էր հատակը, իսկ ես գալիս էի ողջունելու քեզ: Եվ ոտքերս էլ չէին սառչում:
Ների՛ր ինձՄի նշան արա՛, որ հասկանամ, որ ներել ես: Քանի-քանիսին ես ներել: Իսկ հենց հերթը հասավ ինձ, լռում ես: Հասկանում եմ, որ այդ քանի-քանիսին քեզ այդքան մոտ չես թողել, որքան ինձ: Ինձ ներում չկա՞
Առանց քեզ ես կիսատ եմ, ոչ ամբողջական, առանց քեզ ես կեղծ եմ ժպտում և անկեղծ տխրում: Ասում են` աչքերումս չկա վաղեմի փայլն ու անմեղությունը: Ես միայն կեղծորեն ժպտում եմ: Նախկինում աչքերս քեզ էին տեսնում և հիացած մենախոսում էին քեզ հետ: Նախկինում իմ աչքերից շլացումից ծնված արցունքներ էին միայն հոսում, իսկ այժմ աչքերս այնքան սառն են, որ սառցե արցունքներ են հոսում միայն: Դու գիտես, թե ինչու են աչքերս մրսում: Դավաճանել եմ ես քեզԵվ եթե անգամ ծնկաչոք ուղի բռնեմ դեպի քեզ, երբեք չեմ հասնի: Տիեզերքը գիտի միայն, թե քանի կյանք հետո կհասնեմ քեզ: Գիտնականներն ասում են` երբեք էլ չեմ հասնի: Իսկ ես սիրում եմ քեզ այնքան, այնքան եմ սիրում քեզ, այնքան ուժգին, այնքան քնքուշ: Գիտեմ, որ մեր սերը հնարավոր բան չէ, բայց երկրային ոչ մի արարած չի սիրել և չի սիրի երկրային մեկ այլ արարածի այնպես, ինչպես ես եմ սիրում երկնային քո էությունը:
Տիեզերքը գիտի միայն, թե որքան եմ զգում քո կարիքն այժմ: Գիտեմ, որ առաջվանը էլ երբեք չենք լինի, բայց գոնե փորձենք սառույցների միջից գտնել ջերմության այն վերջին փշրանքները և մանկական խաղի նման հավաքենք այն: Դու չե՞ս կարող: Սառույցը վախենու՞մ է քեզնից: Հոգ չէ. ես կանեմ ամենը: Միայն խոսք տուր, որ գոնե կհուշես, թե ինչպես հավաքեմ ջերմության ամեն փոքրագույն մասնիկը: Դողացող մատներով կգտնեմ ամեն փշուրը, կհավաքեմ ամենը, միայն թե դու եղի՛ր կողքիս:
Ների՛ր, խնդրում եմ, ների՛րԱ˜խ, եթե միայն կարողանայի գրկել քեզ: Զգալ քո ջերմությունը: Մոլորակին կյանք տվող ջերմությունիցդ ընդամենը մի չնչին շողիկ է ինձ պետք: Բայց պետք է, որ իմը լինի շողիկն այդ: Որ ասեմ, որ դու ես նվիրել: Իսկ դու ինձ չես ներում:
-Ես ներել եմ քեզ, հիմարի՛կԵս միշտ եմ քեզ ներում: Քո մոլորակը թիկունք է դարձրել ինձնից: Մյուսներն էլ իմ կարիքն ունեն:
-Ոչ այնպես, ինչպես ես:
-ԳիտեմԴու ունես մի փոքրիկ գաղտնիք, որ քեզ կյանք է տալիս:
-Ես պաշտում եմ նրան:
-Այնպես, ինչպես ի՞նձ:
-Այնպես, ինչպես քեզ:
-Ուրեմն ժպտա, փոքրիկսԺպտա, որովհետև քանի-քանիսն են փնտրում իրենց գաղտնիքը: Իսկ դու գտել ես: Ես կգամ, և կտեսնեմ, թե ինչպես ես երջանկանում և երջանկացնում: Եվ այդժամ իմ ջերմությունն արդեն պետք չի լինի քեզ: Իմ փոքրի՛կ
-Իմ արև

Tags:

Share:

0 մեկնաբանություն