Գրողը տանի, ինձ քեզ մոտ բերի

Շնորհակալ եմ, որ այսպես հանկարծակի հայտնվեցիր իմ մտքում: Հենց մտքում. ես այնքան եմ սիրում քո ներկայությունն իմ մտքում: Գրողը տանի, գոնե քեզ մոտ տանի, տանի ու էլ չբերի… Ես սիրում եմ մտածել քո մասին, ինքս ինձ ժպտալ ու խառնվել, շփոթվել, մի հիմարիկ փոքրիկ աղջնակի նման շփոթվել, երբ քեզ եմ տեսնում կամ քեզ հետ եմ խոսում: Ես սիրում եմ այս անհայտությունը, որ ինձ ուժ է տալիս, ապացուցում է, որ սիրտս դեռ սեր է շնչում, որ սպի անգամ չկա այն գարշանքից հետո, որ շնչում էր: Սիրտս բուժվել է, առողջացել է և այժմ քեզնով է լի, քո անունով, գրողը տանի, հեռու տանի, քեզ մոտ բերի, միայն անունդ գիտեմ, բայց մի՞թե դա է կարևորը, ինձ, անկեղծ ասած, ոչինչ ավելին հարկավոր չէ. միայն տեսնեմ քեզ, ժպտամ ու անցնեմ: Հենց հիմա փակում եմ աչքերս ու քեզ եմ տեսնում, այնքան լավ է, պարզ, հանգիստ, ուրախ, անհոգ, մի քիչ շփոթված, մի քիչ հուզված, բայց հետաքրքիր: Ես դեռ ապրում եմ, գրողը տանի, քեզ մոտ բերի: Ես սիրում եմ քո ներկայությունն իմ այսօրում, ես սիրելու եմ քեզ սպասելն իմ վաղվանում, ես սիրում եմ ինքս ինձ, երբ մտածում եմ քո մասին ու հույսեր փայփայում, որ գուցե գրողն իսկապես ինձ քեզ մոտ բերի: Ես սիրում եմ բարևել քեզ, ժպտալ քեզ, քեզ հարց տալ կամ խնդրել օգնել: Ես սիրում եմ այն, որ բոլորը կարդալու են այն, ինչ ես գրում եմ, բացի քեզնից… Ես սիրում եմ քեզ թաքուն ուսումնասիրել ու փորձել հիշել քո ամեն ինչը, որ մտքումս իմն է, իսկ իրականում… Իրականում իրական է, ու կարևոր չէ, թե ումն է: Իմ մտքում ամեն ինչ այլ է, գրողը տանի, քեզ մոտ բերի…

Tags:

Share:

11 մեկնաբանություն