Լուռ մթություն [մութ լռություն]

Մթության մեջ սիրտս լուռ աշխատում է: Մթության մեջ է սիրտս լռում: Երբ պառկում եմ սառը անկողնում, ծածկվում վերմակով, մինչև վերջ ծածկվում, փակվում, կողպում անկողնուս դուռը, գրկում եմ բարձս, շնչում նրա մեջ, բացում եմ աչքերս, ոչինչ չեմ տեսնում: Փակում եմ աչքերս: Մի քանի րոպե այսպես պառկում եմ, և երբ մարմինս հանդարտվում է, սիրտս դադարում է ուժեղ հարվածել: Մարմինս հարմարվում է լուռ մթությանը: Վերմակով փակված տարածության մեջ օդը դադարում է հերիքել: Եթե նա կողքիս լիներ, ուղիղ կես ժամանակով շուտ օդի կարիք կլիներ: Զգում եմ, որ անիմաստ մտքեր են գալիս, այնպես եմ ցանկանում լռեցնել նրանց, բայց նրանք անողոքաբար հարվածում են ուղեղիս, որ քուն է պահանջում: Եթե նա կողքիս լիներ, վերմակի տակ թաքնվելու կարիք չէր լինի. պարզապես գլուխս կդնեի կրծքին, ու մեր սրտերը կգրկեին իրար: Անելանիությունը սպանում է ինձ, այն ինձ իսկապես սպանում է:
Արդեն մի քանի ամիս է` վախենում եմ քնել: Ատում եմ գիշերը: Գիշերն է, որ զգում եմ, թե որքան միայնակ եմ: Օրվա ընթացքում կողքիս են բազմապիսի մարդիկ, նրանք շարժվում են, խոսում են, ժպտում են, ծիծաղում են, զայրանում են, արտասվում են: Ես էլ: Ես էլ եմ նրանց նման: Բայց գիշերն է, որ ամեն օր հուշում է, որ ամբողջ էությամբ միայնակ եմ: Չգիտեմ, գուցե մյուսներն էլ են այդպես: Ինձ պես մյուսներըԱյնքան շատ են միայնակ մարդիկ: Միայնակ մարդկանց բոլորի աչքերը նույն բանն են բացականչում. «Ես միայնակ եմ»: Ոմանց աչքերը, ինչպես օրինակ իմը, դա շշնջում են, որովհետև հոգնել են գոռալուց: Երբեք չեմ սիրել «գոռալ» բառը: Բառը չսիրելու աստիճան չեմ սիրում նաև բարձր ձայնը: Մարդիկ չեն հասկանում, որ ցածր ձայնը բարձրից բարձր է: Միայնակ բարձրությունը: Կամ էլ բարձր միայնությունը: Ես իջել եմ մենության բարձրությունից և բարձրաձայն շշնջացել եմ, որ միայնակ եմ: Նա ինձ լսել է: Նա էլ է միայնակ: Բայց նա կողքիս չէ: Ամեն գիշեր նրա բացակայությունը սառեցնում է առանց այդ էլ սառը անկողինս, ամեն գիշեր նրա` կողքիս չլինելը ստիպում է ատել մութ լռությունը: Կամ էլ լուռ մթությունը: Անելանելիության զգացումը ստիպում է ուժասպառ լինել. միշտ չես ճչա: Սենյակում ոչ մի կենդանի շունչ չկա սրտիցս բացի: Ականջներիս մեջ խշշոց է: Արդեն վստահ չեմ, որ սենյակում լռություն է: Գուցե ես չեմ պարզապես լսում: Գոնե թկթկացող ժամացույց լիներ, ինչպես ֆիլմերում, որ հուշեր լռության մասին: Կրկին փորձում եմ քնել: Քնում եմ, իհարկե, բայց դատարկության և այդ դատարկությունը լցնելու անհույս զգացումով:
Եվ այսպես արդեն մի քանի ամիս: Օրվա ընթացքում ապրում եմ ինչպես բոլոր սովորական մարդիկ: Երեկոյան արդեն վախենում եմ: Զգում եմ, որ ստիպված եմ լինելու նորից մրսել և զգալ նրա կարիքը:
Գիտեմ, որ չեմ հասկացվում: Գիտեմ, որ բոլորի համար հորինված կերպարից այն կողմ այդ բոլորից և ոչ մեկը չի ցանկանում բացահայտել իրական ինձ: Բոլորին ձեռք է տալիս այն կերպարը, որ իմն է: Բոլորը համակերպվել են, ընդունել, շատերն էլ չընդունել: Բայց ոչ ոք չի ցանկացել, իրոք չի ցանկացել ճանաչել ԻՆՁ: Եվ ոչ իմ հորինածը, թեկուզ և հաջող հորինածը:
այդպես էլ ապրելու է Մարին, հորինված ու չբացահայտված, փնտրած և չգտած

Tags:

Share:

3 մեկնաբանություն

  1. Xoskern avelord en....

    ReplyDelete
  2. @ndamen@ tuyl tur vor mardik chanachen qez)u kcrvi lur mtutyun@... mut lrutyun@...

    ReplyDelete