2 3 Mari Love : Դերանուն «դու»
Մտքեր

Դերանուն «դու»

By Wednesday, June 15, 2011

Ես սիրում եմ աստվածային դարձած քեզ: Սիրում եմ, թե ինչպես եմ իմ ձեռքերով ու աչքերով քեզ աստվածացրել ու կատարյալ դարձրել: Ես սիրում եմ, թե ինչպես վեհ ու բարձր ես ինձ հետ: Գիտեմ, որ կատարյալ չես: Կատարյալ չեմ և ես: Սակայն ո՞վ է կատարյալ: Աստվա՞ծ: Աստվածս դու ես… Գիտեմ, որ կատարյալ չես, սակայն ինչպե՞ս բացատրեմ, թե ինչպես եմ սիրում քեզ: Երբ ձեռքս դնում եմ ձեռքիդ ու զգում սրտիդ աշխատանքը: Երբ աչքերս բարձրացնում եմ ու նայում աչքերիդ: Երբ մատներով շոյում եմ մազերդ ու ամուր սեղմում քեզ ինձ: Երբ այտս դիպչում է այտիդ, ու սիրտս կանգ է առնում: Քո քեզը չեմ մոռանա երբեք, թեկուզ մահանամ: Թեկուզ երբեք չհասնենք իրար, դու կմնաս իմ սիրո Աստվածը, իմ ուսուցիչը, որ կատարելագործվեց իմ եսով: Սիրում եմ ամեն բայով ու դերբայով միակ ու սիրելի դերանուն դու-ն: Սիրում եմ ինձ, երբ սիրում եմ քեզ, բայց միևնույն է` չկա այլ դերանուն, իսկ ածականները գալիս են լրացնելու դու-ն ու քեզ-ը: Գոյականներն անհետանում են միակ ու սիրելի դերանուն դու-ի հայտնվելուն պես: Իսկ բացականչականները բացականչում են, որ ես-ը սիրում է դու-ին, սիրում է ամեն կերպ, մինչև վերջին շունչը: Կասես, թե որքան երեխա եմ ես, բայց ապրում եմ քեզնով ու չեմ ափսոսում ոչ մի վայրկյանիս համար, որովհետև այն լի է քեզնով, իսկ ես սիրում եմ քեզ: Սերս անհագ է ինչպես ժամանակը, որ բաժանում է մեզ իրարից ու ստիպում հաշվել ժամերն ու ամեն օր ուրախությամբ հանել 24 ու կրկին հաշվել ու հաշվել: Ինձ պես քեզ երբեք ոչ-ոք չի սիրի…

Նույն թեմայի մեջ

10 մեկնաբանություն