Այժմ սիրում եմ միայն ձայնդ...

Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ: Հիմա միայն դա ունեմ: Երբ մոտենում է ձայնդ լսելու ժամը, սիրտս սկսում է անհանգիստ աշխատել: Երբ ինձնից երկու սանտիմետր հեռու դրված հեռախոսիս էկրանը լուսավորվում է նկարովդ, սիրտս արդեն անտանելի զարկում է` կարծես ցանկանալով ազատվել իրեն կաշկանդող ոսկրե վանդակից: Երբ լսում եմ ձայնդ… Այն չեմ էլ լսում, վայելում եմ: Եվ շունչս սկսում է կտրվել:


Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ: Իսկ երբ հիշում եմ քեզ, ձայնդ է գալիս մտքիս: Մի՞թե մոռացել եմ քեզ: Մոռացել, թե ինչպիսին ես ու միայն ձայնդ եմ սիրում: Այժմ ձայնիցդ բացի ոչինչ չունեմ: Ու ստիպված գրկում եմ ձայնդ ու դնում սրտիս, որ խաղաղվի ու արագ աշխատելուց կանգ չառնի: Մատներս այնքան մենակ են. ախր նրանք սովոր են դիպչել քեզ, սակայն ինչպե՞ս դիպչեմ ձայնիդ: Իսկ աչքերս… Ինչպե՞ս տեսնեմ ձայնդ: Իսկ շրթունքներս… Ձայնդ համբուրում է ժպիտս, բայց շրթունքներս անհամբյուր են…


Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ: Սառը ու ցավեցնող միայնությամբ լցված տարածության մեջ կա միայն ձայնիդ հիշողությունը: Հասկանում ե՞ս` անգամ ձայնդ ինձ հետ չէ: Այն քոնն է, իսկ ես ունեմ միայն դրա պատճենը ուղեղումս, որ շարունակ արձագանքում է այնտեղ ու տաք մշուշով պարուրում մտքերս:


Կարծում եմ` այժմ սիրում եմ միայն ձայնդ…

Tags:

Share:

6 մեկնաբանություն