Կհսկեմ քո քունը...

Եթե ինձ առաջարկեն ընտրել անհնարին մի բան, ապա ես կընտրեմ թևերը: Կուզեմ թռչուն դառնալ ու ամեն օր թռչել-անցնել հարյուրավոր կիլոմետրերը, մոտենալ քեզ ու պատուհանին նստած հետևել, թե ինչպես ես քնում: Կհսկեմ քունդ, որպեսզի ոչինչ չխանգարի զինվորիս հանգիստը: Նա շատ է հոգնում և միայն գիշերվա մի քանի ժամն է, որ հասցնում է աչքերը փակել ու մի-փոքր քնել: Ես քեզ չեմ արթնացնի, այլ միայն լուռ կնայեմ քեզ ու կարոտս կառնեմ աչքերովս: Երբեմն կարթնանաս ու անհանգիստ կնայես պատուհանին (երևի սրտիս անհավասար աշխատանքը կմատնի ինձ), բայց մի թռչունից բացի ոչինչ չես տեսնի, թեև այդ պահին կմտածես իմ մասին ու նորից կքնես: Ես կնստեմ պատուհանին մինչ լույս, մինչև դեռ արևը չծագած արթնանաս: Այդ ժամանակ ես կվերադառնամ այնտեղ, որտեղ պետք է լինեմ, քնկոտ, բայց հանգիստ կպառկեմ անկողնուս մեջ ու կփակեմ աչքերս: Կքնեմ ու հետո չեմ հիշի երազներս, ինչպես դու չես հիշի, որ գիշերը պատուհանին նստած մի թռչուն ես տեսել ու իմ մասին մտածել: Իսկ ինձ հետ խոսելուց կկաշտամբես, երբ «Ինչպե՞ս քնեցիր գիշերը» հարցիդ կպատասխանեմ «Չեմ քնել, քունս չէր տանում»: Իսկ ես կհսկեմ քո քունը, որպեսզի զինվորիս հանգիստը ոչինչ ու ոչ ոք չխանգարի...

Tags:

Share:

0 մեկնաբանություն