Ներիր, Մարի

Ներիր, Մարի, ծուլությանս համար: Ներիր, որ հիասթափեցնում եմ քեզ, հաճախ այնպես չեմ վարվում, ինչպես ցանկանում ես: Ներիր, Մարի, որ քեզ չեմ երջանկացնում: Սակայն մի՞թե չեմ փոխհատուցում ամենադժվար պահերին կողքիդ լինելով: Մի՞թե գիշերները չեմ գրկում քեզ ու շոյելով արցունքոտ այտերդ շշնջում. ‹‹Պետք է ուժեղ լինեմ, ինձնից բացի ոչ ոք չունեմ...››: Ինքնագգվանք, ինքնահույս, ինքնահավատ, ինքնասեր... Ինչի՞ս է պետք ֆիզիկական ներկայությունները, երբ հոգեպես գարշելիորեն միայնակ եմ, միշտ էլ միայնակ եմ եղել, ում հետ էլ եղել եմ, ինչ էլ արել եմ, ուր էլ գնացել եմ: Ես սիրում եմ մարդկանց, սակայն նրանք ինձ չեն տեսնում, նրանք չեն գալիս ու ինձ տաք թեյ չեն տալիս, երբ մրսում եմ: Ստիպված ինքս եմ վեր կենում, միացնում թեյնիկն ու սպասում արթնացող գոլորշուն: Կամաց-կամաց խառնում եմ շաքարը թեյի հետ ու մատներով ամուր բռնում բաժակը: Բաժակը գոնե տաքացնում է մատներս...
Ներիր, Մարի, որ քեզ միայնության եմ դատապարտել: Ես գիտեմ, որ դու խենթանում ես սառը մենակությունից, սակայն հասկացիր, խնդրում եմ. երբ դու միայնակ չես, խենթանում եմ ես: Ես չեմ հանդուրժում ոչ մեկի քո կողքին, որովհետև, հասկացիր, Մարի, նրանք քեզ պարզապես օգտագործում են, նրանք չեն ցանկանում ինձ ճանաչել, Մարի, խնդրում եմ, ես պետք է ուժեղ լինեմ, ինձ հանգիստ թող, մոռացիր իմ մասին, երբ պետք լինի` ես կդիմեմ քեզ, կասեմ, թե ինչ անես, որպեսզի ես հանգստանամ: Ներիր, Մարի, որ ստիպում եմ տառապես, սխալներ գործես. առանց իմ սխալների դու գոյություն չես ունենա: Կամ էլ երջանիկ կլինես, ով գիտե... Մարի, ես չեմ հանդուրժի քո երջանկությունը: Ներիր, Մարի, որ այդպես էլ երջանիկ չես լինի` ուր էլ փախչես, ինչ էլ անես: Մարի, միամիտ, հիմար Մարի...
Լսիր ինձ, Մարի... Ես մի պլան ունեմ, որ թե իմ, թե քո սրտով է: Շուտով կպատմեմ քեզ դրա մասին, դու ամեն ինչ, գրեթե ամեն ինչ կիմանաս: Մենք միասին կիրագործենք այն, միայն թե պետք է ուժեղ լինես, ես միայնակ գլուխ չեմ հանի: Մարի, խոստացիր ինձ, որ հետ չես կանգնի մեր պլանից. սա քո փրկության միակ ելքն է, լսում ե՞ս... Դու երջանիկ կլինես, հավատա ինձ, հավատա ինքդ քեզ...


Մարի, միամիտ, հիմար Մարի...

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. Իմ դուրը եկավ :)

    ReplyDelete
  2. Հիասքանչ է ...շաաաաաատ շնորահակալ եմ : Ես հաճույքով կարդացի յուրաքանչյուր նախադասությունը :)

    ReplyDelete