2 3 Mari Love : Ես հորինեցի քեզ
Մտքեր

Ես հորինեցի քեզ

By Sunday, October 02, 2011

Ես հիշում եմ քեզ որպես մի սուտ երազ, երկարատև, տանջալի, սառը երազ, բայց և հիշում եմ ինձ` միամիտ, երջանիկ, անկեղծորեն սպասող ու հուսացող: Ես հիշում եմ իմ երազները, երազանքները, հույսերը, աղոթքները, ես հիշում եմ, որ ապրում էի քեզ տեսնելու, գեթ մի քանի րոպեով տեսնելու հույսով, ես սպասում էի քեզ, անկեղծորեն սպասում էի: Ես պատկերացնում էի մեր ապագան, ես ամուսնացնում էի մեզ, մեզ երեխաներ ու սեփական տուն էի պարգևում, ես հորինում էի ու չէի նկատում, թե իրականում ինչ ունեմ: Իսկ իրականում ոչինչ չունեի… Ես հավատում էի, թե գտել եմ քեզ այնպես պատահական, վախենում էի կորցնել, որովհետև թե կորցնեի քեզ, կկորցնեի ինձ, մինչդեռ ես այն ժամանակ էի կորցրել ինձ… Ներիր, բայց դու այն չես եղել, ինչ ես հորինել եմ, ես քեզնից աստված էի կերտել, ուսուցիչ, ամենաճիշտը, անսխալականը, ամենա-ամենան, մինչդեռ ո՞վ էիր դու իմ սիրո մեջ… ոչինչ… Ես հորինեցի քեզ, քո սերն ու քո խոսքերը, իսկ փոխարեն ոչինչ չստացա: Ես ապրում էի երազներում, փակել էի աչքեր, ականջներ, թեև այնտեղ` հոգուս խորքում գիտակցում էի, թե ով ես դու իրականում… Ես այնքան էի հորինել, որ հավատում էի, ցանկանում էի հավատալ… Եվ չեմ կարողանում ներել քեզ այն բանի համար, որ ամեն օր արտասվում եմ, որովհետև դու ինձ սովորեցրիր լավ հորինել, զգալ այն, ինչ չկա ու չի էլ եղել: Ես այլևս չեմ հավատում այն ամենին, ինչ հորինել եմ, ես գիտեմ, որ երևի թե միշտ էլ հորինեմ, բայց էլ չեմ ուզում… Եվ գիտեմ, որ անհեթեթություն եմ գրում, որովհետև այս մութ գիշերին ես անքուն հիշում եմ հիմար անցյալս, իսկ դու հանգիստ քնած ես: Սեր չկա ու չի էլ եղել, բայց ափսոսանք կա, ինքնակեղեքում կա, մեղադրանք կա, անեծք կա, թե ինչու էի այդպես ցանկանում հորինել… Քեզանից հետո ես մի շատ կարևոր բան եմ կորցրել… Հավատս… Ես մեծացել եմ քեզանից հետո և այժմ գիտեմ, որ ինչ էլ անեմ` հանդիպելու եմ քո տված սիրո նման սերերի, իսկ ես դա չեմ ուզում… Հասկանում ես` ես այլևս ոչնչի չեմ սպասում, ես անձնական ոչ մի երազանք չունեմ, ցանկություններս նյութականացել են, հասանելի են դարձել, շոշափելի… Ես այժմ այն չեմ, ինչ եղել եմ, այժմ ես մեծացել եմ, դուրս եմ եկել երազների ու երազանքների աշխարհից, և այն, ինչին սպասում եմ, ինձ ոչինչ չի տալու, միայն հավաստումն այն բանի, որ ես լավ եմ հորինում, իսկ հետո հորինածովս կործանում եմ ինձ… Ներիր, բայց դու սրիկա ես, որովհետև քո պատճառով է սիրտս կծկված, իսկ աչքերս կրկին ու կրկին արտասվալի են, արցունքներն անկառավարելիորեն հոսում են անկախ ժամից ու վայրից: Ես միայնակ մնացի հորինածիս փշուրների հետ, ես կրկին փնտրում եմ, հոգիս հանդարտություն է փնտրում, սակայն ապարդյուն…

Նույն թեմայի մեջ

12 մեկնաբանություն