Դարձիր իմ Վալենտինը

Արի այսօր հանդիպենք մեր երազներում. քեզ իրական կյանքում տեսնելը բավ չէ ինձ, սիրելիս: Մեր երազներում մեր ուժերը չեն ունենա սահմաններ, մեր երևակայությունը մեզ թևեր կտա, իսկ մենք… Իսկ մենք պարզապես երջանիկ կլինենք: Արի այսօր պատկերացնենք, թե աշխարհը մերն է, մենք էլ նրանը: Արի այսօր պարզապես երջանիկ լինենք:


Ես չեմ խոստանում լինել լավագույնը. միայն կարող եմ խոստանալ լինել լավագույնը քեզ համար:


Չեմ խոստանում քեզ երկնքից աստղեր. ես կփորձեմ լինել քո սեփական աստղը, որ կխամրեցնի մյուս երկինքները:


Չեմ խոստանում ընդմիշտ հնազանդ լինել. ես կըմբոստանամ երբեմն, սակայն դու ինձ վայրի էլ կսիրես, խոստանում եմ:


Չեմ խոստանում, որ մեր ճանապարհը հեշտ ու հարթ կլինի. միայն կարող եմ երդվել, որ ամուր կբռնեմ ձեռքդ ու կողքիդ կլինեմ այնքան, որքան հարկ կհամարես:


Չեմ խոստանում, որ աշխարհը քոնը կլինի. ես կփորձեմ մեզ համար մի անձնական աշխարհ նկարել, այնքան իրական, որ չես ուզի այլ աշխարհներ:


Չեմ խոստանում անդադար երջանկություն. կարող եմ խոստանալ, որ դժվար պահերին քեզ ապավեն կլինեմ, կլռեմ քեզ հետ, կծիծաղենք միասին, կժպտանք միասին, կապրենք միասին:


Չեմ խոստանում անսահման սեր. ես ուզում եմ նաև ընկերդ լինել:


Չեմ խոստանում այն, ինչ գուցե ակնկալում ես, սակայն դու գիտես, որ հույսդ կարող ես ինձ վրա դնել:


Արի այսօր սիրենք իրար այնպես, ասես վաղն այլևս չի գալու: Արի այսօր հանդիպենք մեր երազներում, իսկ առավոտյան պատմենք իրար մեր անմիտ ու խառը երազներն ու ծիծաղենք ու զարմանանք երկուսիս երևակայության վրա: Արի այսօր մոռանանք երեկվա, այսօրվա ու առավել ևս վաղվա մասին. այսօր մենք այսօրն ունենք. մի քանի ժամ լռություն, մի քիչ ծիծաղ, մի քանի կիլոգրամ գրկախառնություն, մի քանի սանտիմետր խոսք ու մի բուռ համբույր: Արի այսօր բարևենք մեր բաժին երջանկությանն ու բացենք մեր սրտերը մեզ արժանի սիրո առջև:


Թույլ տուր այսօր քեզ սիրել ինձնից առավել, թույլ տուր քեզ նվիրել իմ այսօրն ու երազել մի շարան այսօրների մասին, որ սպասում են իրենց ժամին: Թույլ տուր հիմա, հենց այս պահին գլուխս դնեմ քո ուսին ու ինձ պաշտպանված զգամ, ամուր սեղմեմ ձեռքդ ու զգամ սրտիդ աշխատանքը, փակեմ աչքերս ու այտիս զգամ շրթունքներիդ ջերմությունը, մատներով սահեմ այտերովդ ու ժպտամ` գիտակցելով, որ սիրում եմ քեզ, իսկապես սիրում, անկեղծորեն, մինչև վերջին շունչս, մինչև մահը հասկանա, որ ինքն անգամ ի զորու չէ մեզ բաժանել:


Թույլ տուր այսօր շնորհակալ լինեմ ծնողներիդ, որ դու կաս, կողքիս ես: Թույլ տուր հիմա շնորհակալ լինեմ Աստծուն, որ մեզ միմյանց մոտ բերող ճանապարհներ գծեց:


Արի այսօր, պարզապես արի…

Tags:

Share:

6 մեկնաբանություն

  1. Շատ հուզիչ էր: Միայն մեզ` աղջիկներիս են հասու այս ապրումները, հույզերն ու ցանկությունները... ուզածներս շատ բան չէ, ուղղակի սիրեք մեզ և կունենաք ամեն ինչ :D
    Մարի Դուք հիանալի անձնավորություն եք... Ձեր գրածը ասես իմ սրտի խոսքը լիներ... Հոդվածը գերազանց էր...

    ReplyDelete
  2. Շատ շնորհակալ եմ :))

    ReplyDelete
  3. Շատ լավն էր: Չդիմացա...ու լացում եմ...

    ReplyDelete
  4. Շաաաաշ լավն էր, ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար... բայց իրականում այս քիչը այնքան շաաատ է, շատ լավ էր... Աստված տա բոլորը գտնեն այդ ճանապարհը դեպի իրար տանող )))

    ReplyDelete
  5. Շատ լավն էր, գերազանց!!!

    ReplyDelete