Եվ այն, ինչ գտնում եմ


Երկինքը լաց է լինում աշնանային անձրևով, երկինքը մի գիրկ սիրո կարիք ունի:
Աչքերս անձրևամեջ փնտրում են մի քանի տասնյակ կիլոգրամ սիրո,
Եվ այն, ինչ գտնում են, մի քանի գրամ հայացքներն ու մի քանի սանտիմետր ցանկություններն են:

Գետինը ճաք է տալիս ողորմալի երկրաշարժով, գետինը մի քանի տոննա բարության կարիք ունի:
Ձեռքերս աղերսալի միայնակ են, ձեռքերս հասկացվածության են ձգտում,
Եվ այն, ինչ ստանում են, պաշտոնական ձեռքսեղմում, սառը ողջագուրում:

Քամին դառն է սուրում, դառն հարվածում ծառերի մերկ բներին:
Մարմինս ջերմություն է կանչում, սիրո կրակ, մի ժամ գոնե, վաթսուն րոպե, շա՞տ բան է,
Եվ այն, ինչ ստանում է, զրո րոպե, զրո վայրկյան, զրո կրակ ու զրո սեր...

Բնությունը սեր է փնտրում, սեր տալիս է, մաղձ ստանում, մահ տեսնում,
Ես միայնակ իմ անձնական բնության հետ, նույնքան սիրոտ, նույնքան մահոտ,
Այն, ինչ ստանում եմ, այն չէ, ինչ փնտրում եմ: Անձրև...

Tags:

Share:

1 մեկնաբանություն

  1. Այն, ինչ ստանում եմ, այն չէ, ինչ փնտրում եմ...
    shat sirun e ...

    ReplyDelete