Սիրամոլ

Արծվաթռիչք իմ բարձրության անապատներում մի կում սեր է պակասել. այն, ինչ առաջ շունչ էր կտրում, կյանք ներարկում այրվող սերե երակների մեջ, այժմ լոկ ժպտեցնում է և հարցնում` այսքա՞նն է… Խենթացնելու աստիճան հիասթափեցնող է, որ այժմ սիրո չափաբաժինը մեծացել է, իսկ ներարկող չկա… Եղածը բավարար չէ. ինձ տակառներով վստահություն ու հավատ է պակասում, իսկ դու նախկինն ես. տարիները չփոխեցին քեզ: Իսկ ես այդքան դրա կարիքը ունեի… Թե դու նույնն ես, իսկ ես` ուրիշ, առավել պահանջկոտ, առավել խոցելի, առավել հասուն, ինչու՞ ես եկել, որ կողքիս լինես: Ես, ասես մի սիրամոլ, նայում եմ քեզ հուսահատ աչքերով, պահանջում ավելին, քան կարող ես տալ, իսկ դու չես հասկանում… Երբեք էլ չես հասկացել, բայց պահանջել ես… Այժմ պահանջելու իմ ժամանակն է եկել… Ես` սիրո չափաբաժնի հետևից վազող քո մշտական հաճախորդը, նոր` ավելի ուժեղ, ավելի ուժգին ազդող թմրասիրո կարիք ունեմ, իսկ դու տեսականիդ չես թարմացրել արդեն որքան լուսին ու արև շարունակ… Ներիր, ներիր իմ մշտական թվացող սեր, ես հիմա եմ հասկանում` քո տված սերը քիչ է, ես չափից դուրս եմ կործանվել…

Tags:

Share:

0 մեկնաբանություն