2 3 Mari Love : Դու հիմար, ես` հիմարուհի...
Մտքեր

Դու հիմար, ես` հիմարուհի...

By Tuesday, March 05, 2013

Փնտրածդ ի՞նչ է, թե պիտի գտնես ու կոտրես: Քեզ ո՞վ իրավունք տվեց խաղալ, երբ էլ մանուկ չես, քեզ ո՞վ ասաց, որ մեծ ես այնքան, որ մանուկ լինելու իրավունք ունենաս: Եվ հիմա, երբ կիլոմետրերով հեռու ես, ապրում ես կյանքդ, արթնանում ես ու գիշերը մի կերպ քուն մտնում, մեծացել ես: Թվում է, թե ի՞նչ էր մեզ կապում: Ոչինչ: Մի քանի ընդհանուր հիշողություն: Բայց: Սովորել ենք կարոտել իրար ու գտնել մի բան, որ կխանգարի իրար մոտ գալ ու պատմել կարոտների երգերը լուռ: Դու մեծանում ես, ես արթնանում եմ, դու քնում ես, ես հիշողություններ հյուսում ու վախենում քո մասին այդչափ շատ մտածելուց: Այո, դու հիմար ես: Պատճառներս բառելու ուժ չունեմ, բայց դու, սիրելիս, հիմար ես: Ճիշտ այն անձրևի պես, որ միացրեց ինձ ու քեզ, ճիշտ այն ճանապարհների պես, որ հարբած, թե կիսաքուն, սթափ, թե զայրացած միասին ենք անցել: Հիմարություն է, գիտեմ: Բայց երբ երկուսը մի անձրև են կիսել, չեն կարող այլևս ընդհանուր արևի չսպասել: Դու չսպասեցիր, ես վախեցա, դու հեռացար, ես հեռացա: Եվ այն անձրևը էլ երբեք չի արևի: Այժմ երկուսս էլ մեծանում ենք` տարբեր իրարից, հեռու իրարից, նույն երկնքի տակ, որ էլ նույն անձրևով չի միացնի մեր շրթունքները, իսկ ես դողացող մարմնով չեմ սեղմվի քեզ` գոնե մի-փոքր տաքանալու: Ֆիլմը չի կարող շարունակվել, թե հերոսները հրաժարվեն իրենց դերից: Այո, սիրելիս, դու հիմար ես, ես` հիմարուհի…

Նույն թեմայի մեջ

0 մեկնաբանություն