2 3 Mari Love : Կիսագարուն
Մտքեր

Կիսագարուն

By Wednesday, March 27, 2013

Սխալվել ենք` ընտրելով, թե ում հետ արթնանալ: Մի մեծ ու ծանր սխալ ենք գործել` մտածելով, թե հերիք է միայնակ արթնանալ: Քեզ ծովեր եմ նվիրել ու ցամքած լճակ դարձել, քեզ արևներ եմ ուղարկել ու անարև երկինք լուսնել, քեզ սիրտս եմ տվել ու անհոգի ոճրագործ ծնվել: Սիրտս հետ պահանջելով հեռացա` հետս տանելով լուսավոր առավոտներս ու երազածանր գիշերներս: Ատելով քեզ ատեցի ինձ: Դատարկվեցի, բայց երկինք չդարձա: Երազներս թաղեցի արևազուրկ երկինքներում, անձրև տեղացի ցավերիս վրա, ու գարուն ծլեց աճյունոտ հողից: Օրերս լուսացան, հոգիս թեթևացավ, հոգսերս մահացան, իսկ անմարմին առավոտներս սիրելի դարձան. ինքնուրույն եմ դարձել: Լավ է միայնակ արթնանալ, քան արթնանալ ու մահանալ ցանկանալ: Երևի դա է դասը կյանքի. պետք է զգալ, որ հասկանալ: Կիսամարդ, կիսերկինք, կիսարև ու կիսագարուն: Երազներս կիսվեցին` լավ ու ավելի լավ, հույսերս կիսվեցին` կլինի ու չի լինի, սերերս կիսվեցին` եղան-անցան ու կլինեն: Դեմքս դեռ զարդարվում է ժպիտով, լուսավոր մարդիկ եմ գտնում, ում սիրում եմ, ում տեսնելիս ժպտում եմ, օրս մի բանով լցնում եմ, իսկ երեկոյան գալիս եմ տուն ու փլվում սևերես տանջանքներիս ճանկոտ լաբիրինթում` ոչ առաջ, ոչ ետ, բայց տեղում մնալն էլ ցավում է, շատ է ցավում: Հիշողություններիս սուր մագիլները մխրճվում են սառած ժպիտներիս մեջ, և մահանում են ժպիտներս, ծիծաղներս, ժպտուն հայացքներս, ժպտալի սպասումներս: Ու թե ճչամ, թե շշնջամ, մեկ է` լսող չի լինի, ընդունող չի լինի. կեղծ ուսերից հոգնել եմ: Իսկ առավոտյան միայնակ արթնանալիս էլ չեմ տխրում:

Նույն թեմայի մեջ

1 մեկնաբանություն

  1. տեսեք ինչ սիրուն բանաստեղծությունա ստացվում էս նյութից

    Սխալվել ենք`
    ընտրելով, թե ում հետ արթնանալ:
    Մի մեծ ու ծանր սխալ ենք գործել`
    մտածելով, թե հերիք է միայնակ արթնանալ:
    Քեզ ծովեր եմ նվիրել
    ու ցամքած լճակ դարձել,
    քեզ արևներ եմ ուղարկել
    ու անարև երկինք լուսնել,
    քեզ սիրտս եմ տվել
    ու անհոգի ոճրագործ ծնվել:
    Սիրտս հետ պահանջելով հեռացա`
    հետս տանելով լուսավոր առավոտներս ու երազածանր գիշերներս:
    Ատելով քեզ ատեցի ինձ:
    Դատարկվեցի, բայց երկինք չդարձա:
    Երազներս թաղեցի արևազուրկ երկինքներում,
    անձրև տեղացի ցավերիս վրա,
    ու գարուն ծլեց աճյունոտ հողից:
    Օրերս լուսացան,
    հոգիս թեթևացավ,
    հոգսերս մահացան,
    իսկ անմարմին առավոտներս սիրելի դարձան.
    ինքնուրույն եմ դարձել:
    Լավ է միայնակ արթնանալ,
    քան արթնանալ ու մահանալ ցանկանալ:
    Երևի դա է դասը կյանքի.
    պետք է զգալ, որ հասկանալ:
    Կիսամարդ,
    կիսերկինք,
    կիսարև
    ու կիսագարուն:
    Երազներս կիսվեցին`
    լավ ու ավելի լավ,
    հույսերս կիսվեցին`
    կլինի ու չի լինի,
    սերերս կիսվեցին`
    եղան-անցան ու կլինեն:
    Դեմքս դեռ զարդարվում է ժպիտով,
    լուսավոր մարդիկ եմ գտնում,
    ում սիրում եմ,
    ում տեսնելիս ժպտում եմ,
    օրս մի բանով լցնում եմ,
    իսկ երեկոյան գալիս եմ տուն
    ու փլվում սևերես տանջանքներիս ճանկոտ լաբիրինթում`
    ոչ առաջ,
    ոչ ետ,
    բայց տեղում մնալն էլ ցավում է,
    շատ է ցավում:
    Հիշողություններիս սուր մագիլները
    մխրճվում են սառած ժպիտներիս մեջ,
    և մահանում են ժպիտներս,
    ծիծաղներս,
    ժպտուն հայացքներս,
    ժպտալի սպասումներս:
    Ու թե ճչամ,
    թե շշնջամ,
    մեկ է` լսող չի լինի,
    ընդունող չի լինի.
    կեղծ ուսերից հոգնել եմ:
    Իսկ առավոտյան միայնակ արթնանալիս
    էլ չեմ տխրում:

    ReplyDelete