Հարսանիքիս օրը

Հարսանիքիս օրը կյանքիս ամենաերջանիկ օրերից երկրորդն է լինելու: Առաջինն արդեն ապրել եմ, երբ հասկացել եմ, որ սիրում եմ ու սիրված եմ: Երրորդ օրը առաջնեկիս ծննդյան օրն է լինելու: Հարսանիքիս օրը ամենաերջանիկն եմ լինելու
Փոքր ժամանակ չէի երազում ամուսնանալու մասին, չէի պատկերացնում, թե ինչպես եմ հանդիպելու երազանքներիս ասպետին, ամուսնանալու ու երջանիկ լինելու: Փոքր ժամանակ սիրո մասին չէի մտածում: Չէի մտածում այնքան ժամանակ, մինչև չհանդիպեցի նրան, ասպետիս` թեկուզ առանց երազելու:
Հարսանիքս լինելու է տարվա ամենագեղեցիկ օրը: Երևի գարուն կլինի. սիրում եմ մայիսը: Միշտ էլ սիրել եմ: Այդ օրն արթնանալու եմ շատ վաղ. արևը կարթնացնի ինձ ու կասի. «Արթնացի՛ր, փոքրի՛կ, այսօր երջանիկ լինելու քո օրն է»: Կբացեմ աչքերս ու կժպտամ: Հարսանիքիս օրը շատ եմ ժպտալու: Նաև կարտասվեմ: Մի փոքր կմնամ անկողնուս մեջ ու կմտածեմ: Կմտածեմ, որ այդ օրը կյանքս փոխվելու է. մեծանալու եմ: Հետո մայրիկս կգա ու կօգնի պատրաստվել կյանքիս ամենակարևոր օրվան: Հարսանեկան զգեստս գեղեցիկ դրված կլինի աթոռին ու կսպասի ինձ: Այն կլինի եթերային, նուրբ, մաքուր կաթնագույն, մանր նախշերով ու մարգարիտներով: Սիրում եմ մարգարիտներ: Իսկ հարսանեկան կոշիկներս կլինեն փոքրիկ, ինչպես ոտքերս: Նրանք նույնպես կլինեն կաթնագույն, բարձրակրունկ, բայց նուրբ ու քնքուշ: Երբ արդեն հագնեմ զգեստս ու կոշիկներս ու նստած լինեմ զարդասեղանի մոտ, նա հաղորդագրություն կգրի. «Ինչպե՞ս է ապագա կինս»: Իսկ ես կժպտամ ու կգրեմ. «Երջանիկ»:
Շուտով շտապելիս կլինեմ վարսահարդարի ու դիմահարդարի մոտ: Ողջ սրահի ուշադրությունն ինձ վրա սևեռված կլինի. բոլորն ինձ կշնորհավորեն ու երջանկություն կմաղթեն: Իսկ ես շնորհակալություն կհայտնեմ ու ծիծաղելով գլուխս ցած կիջեցնեմ: Դիմահարդարին կխնդրեմ բնական ու նուրբ դիմահարդարում անել, որովհետև նա չի սիրում, երբ շատ եմ շպարվում: Սրահից կշտապեմ տուն` սպասելու նրան: Իսկ նա չի ուշանա
Երբ լսեմ մեքենայի ձայն, վազելով կմոտենամ պատուհանին ու դուրս կնայեմ: Նա կգա սև փոքրիկ մեքենայով: Դուրս կգա, կհենվի մեքենային ու ազդանշան կտա: Երբ ես դուրս նայեմ, նա աչքով կանի, ու ես կսավառնեմ նրա մոտ: Նա ինձ կգրկի ու կհամբուրի: Կուղեկցի մեքենայի մոտ: Ես կնստեմ: Մեքենան կվարի նա ու մեզ կտանի եկեղեցի: Փողոցում արդեն մարդիկ կլինեն: Հարսանիքիս օրն ամեն ինչին այլ կերպ կնայեմ. կհիշեմ ամեն փողոց ու շենք, որի կողքով անցել ենք միասին: Նա մերթընդմերթ կնայի ինձ ու կժպտա: Ու կասի, որ ամենասիրունիկ հարսն եմ, իր փոքրիկ հարսը:
Կհասնենք եկեղեցի, որտեղ արդեն կլինեն հարազատներն ու ընկերները: Նրանք կողջունեն մեզ, կգրկեն ու անկեղծ ուրախ կլինեն: Նրա հայրը կուղեկցի ինձ խորանի մոտ, իսկ սիրտս արագ-արագ կբաբախի, ծնկներս էլ կդողան: Երբ մոտենամ նրան, աչքերս կբարձրացնեմ ու կտեսնեմ նրա հարազատ ու սիրելի դեմքը, հանգիստ ժպիտն ու կմոռանամ ամեն հուզմունք: Աստծո տանը կերդվենք հավերժ սիրել իրար մինչև մահը չբաժանի մեզ: Քահանան մեզ այր ու կին կհայտարարի, իսկ մատիս կլինի ամուսնական մատանիս, որ երբեք չեմ հանի: Մենք դուրս կգանք եկեղեցուց ծափերի ներքո ու զույգ աղավնի բաց կթողնենք: Այդ ժամանակ ես կծիծաղեմ ու իմ ծիծաղով կվարակեմ նաև նրան:
Հարսանիքիս օրը կլինի շատ գեղեցիկ: Կլինի մի փոքրիկ կանաչապատ տարածք գեղեցիկ ծառերով: Կլինեն կաթնագույն սեղաններ, կաթնագույն աթոռներ: Կլինի փոքրիկ բեմ. երաժիշտները կնվագեն գեղեցիկ ու նուրբ երաժշտություն: Սպիտակազգեստ սպասավորները կմատուցեն շամպայն ու համեղ խորտիկներ: Հարազատներն ու հյուրերը գեղեցիկ կենացներ կխմեն ու կպարեն: Հետո կգա մեր պարի ժամանակը: Հարսն ու փեսան կպարեն ամենագեղեցիկ պարը, որի ընթացքում նրանք կխոսեն միասին անցկացրած ու դեռ գալիք տարիների մասին: Գլուխս կդնեմ նրա ուսին ու կշշնջամ. «Սիրում եմ քեզ», իսկ նա կհամբուրի վարսերս ու կասի. «Ես եմ քեզ սիրում»:
Երբ հյուրերը տարված լինեն երեկոյով, նա կբռնի ձեռքս ու դուրս կտանի: Կնստեցնի մեքենան ու կտանի հեռու-հեռու: Շատ հեռուԱյնտեղ, որտեղ կլինենք միայն ես և նա ու մեր սերը
Հարսանիքիս օրը ամենաերջանիկն եմ լինելու: Հարսանիքիս օրը գեղեցիկ է լինելու

Tags:

Share:

23 մեկնաբանություն

  1. Վաղուց սիրտս սենց ուրախություն չէր լցվել: Սեր էր ամբողջությամբ : Կատարելությանը շատ մոտ ընտանիք է քեզ սպասվում համոզված եմ: Սերդ պինդ կպահես: Երջանիկ է կողակիցդ քեզ ունենալով:

    ReplyDelete
  2. Անչափ շնորհակալ եմ Զավեն ջան, քեզ մաղթում եմ նույնը :))

    ReplyDelete
  3. Մար ջաաաաան, ամեն ինչ էնպես ա լինելու ոնց դու ուզում ես, համոզված եմ <3

    ReplyDelete
  4. Հավատում եմ Նար ջան :))

    ReplyDelete
  5. ԿարինեJune 11, 2011

    Մար ինչ հուզիչ էր

    ReplyDelete
  6. Ծոռնիկ եմ ունենալու? :DDD

    ReplyDelete
  7. Վայ պապի ջան, անպայման, մեկի փոխարեն երեք :))

    ReplyDelete
  8. ՍիրանուշJune 12, 2011

    Հրաշք էր.........իրական սեր,մաքուր զգացմունք,մարմինս փշաքաղվեց,անկեղծ խոսք...Մարի ջան տա Աստված, որ ամեն ինչ լինի ճիշտ այնպես ինչպես գրված է:Մտքերն ու խոսքերը նյութականանում են,էդպես էլ լինելու է....

    ReplyDelete
  9. Շատ շատ շատ շնորհակալ եմ Սիրանուշ ջան :)) Իրոք զգացված եմ <3

    ReplyDelete
  10. Mery PirouzyanJune 13, 2011

    Mariiii iroq hrashq er. Es arden indz ei patkeracnum ed deruum.ammen gracd bar@ achqis araj er.Astvac ta vor qo erazats harsaniqn unenas u anchap erjanik lines.

    ReplyDelete
  11. Մերի ջան շաաաատ մերսի :* Թող Աստված քեզ նույնչափ սեր պարգևի, դու արժանի ես :))

    ReplyDelete
  12. Մարի,իրոք ամեն ինչ հրաշք էր.Գեղեցիկ,նուրբ...Ամեն մի բառը կարդալիս ժպտում էի ու ինձ պատկերացնում այդ դերում...Աստված տա,ամեն ինչ քո ուզածով լինի հարսանիքիդ որը...Իսկ տեքստիդ համար ԿԵՑՑԵՍ,հրաշք էր...

    ReplyDelete
  13. Mery PirouzyanJune 13, 2011

    Մերսի քեզ նույնպեես :*

    ReplyDelete
  14. yerjankutyun em tsankanum dzez Mary

    ReplyDelete
  15. Շնորհակալություն և շնորհակալություն 300-րդ մեկնաբանության համար :))

    ReplyDelete
  16. AnonymousJuly 13, 2011

    Մարի ջան ես ապշած եմ,միթե այսպիսի սերեր դեռ գոյություն ունեն....Աստված տա միշտ երջանիկ լինեք միասին...Աստված տա...

    ReplyDelete
  17. Անչափ շնորհակալ եմ :)

    ReplyDelete
  18. Arajin angam cankaca amusnanal:))) shaaaat sirun es grel Mari jan.... Shushok

    ReplyDelete
  19. Չեմ ուզում կրկնել այն բառերը, որնոք արդեն ասվել են:Ուղղակի կնշեմ, որ դու երջանկացնում ես մարդկանց քո այդ հրաշալի գրառումներով:

    ReplyDelete
  20. Հրաշալի էր, նուրբ, քնքուշ, եթերային, սիրագորով, իրական մաքուր զգացումներով ու մեծ, շատ մեծ ՍԵՐ կար....այսօր մի փոքր ավելի ժպիտով կքնեմ` շնորհիվ այս գրառման.....

    ReplyDelete
  21. Ev ur mnac ays ameny,mer erazkot Mari?

    ReplyDelete