Մի զույգ ձեռնոց

Դու ինձ միշտ տեսնում էիր իմ ամենաանփույթ հագուստով: Ի՞նչ արած. ամենատաք հագուստը միշտ անփույթ տեսք է ունենում: Շքեղ սրճարանները մեզ համար միայն այն բանի համար էին, որ այնտեղ ճաշող մարդկանց լեզու ցույց տայինք ու ծիծաղելով անցնեինք: Իսկ խանութներում տաքանում էինք և որոշում, որ երբ հարստանանք, կգնենք ամենը, հետո ավելի թանկ կվաճառենք հիմար մարդկանց: Նստում էինք տրամվայ, հասնում վերջին կանգառ, նստում մյուսն ու հետ գնում մինչև մյուս վերջին կանգառ: Տրամվայների դանդաղ հոսող գծերում մենք միմյանց սեր էինք տալիս ու տաքանում: Մի զույգ ձեռնոց ունեինք. մի ձեռքը ես էի հագնում, մյուսը` դու, իսկ անձեռնոց ձեռքով իրար ձեռք էինք բռնում ու տաքանում: 



Հիշում եմ քեզ. միշտ երկարած մազերով, հաճախ չսափրված, բրդյա սվիտերով` վրան եղնիկներ, սև մաշված ջինսե տաբատով: Ձեռնոց չունեիր, որովհետև ամեն անգամ բաժանվելիս քո հատն ինձ էիր տալիս, որ մատներս չսառեն: Երբ հարցնում էի, թե ինչու չես մազերդ կտրում, ասում էիր, թե երկար մազերը պաշտպանում են ցրտից: Բայց ես գիտեի, որ գումարը խնայում ես, որպեսզի ինձ համար տաք թեյ գնես: Իսկ հազվադեպ սափրվելուդ պատճառն այն էր, որ ածելու ուշ-ուշ մաշվելու դեպքում կարող էիր ինձ քաղցր շոկոլադով ուրախացնել: 



Ես քեզ հենց այդպիսին էի սիրում. չսափրված ու երկար մազերով:


Հետո տատիկդ մահացավ, և մենք տեղափոխվեցինք նրա տուն: Տարիների հնության մեջ կորած տունը մեր միակ հարստությունն էր: Ցրտից պաշտպանվելու միակ ձևն իրար անչափ ամուր գրկելն ու քնելն էր: Կոտրված պատուհանը գրկող թերթը մահանում էր քամու սառնությունից, իսկ ես քիթս թաքցնում էի պարանոցիդ մեջ ու դողացնում:



Ես քեզ հենց այդպիսին էի սիրում. սովածության բողոքներ հայտնող ստամոքսով և երազում արտասանած հայհոյանքներով: 


* * * 


Այժմ, երբ երկուսս էլ ճաշում ենք շքեղ սրճարաններում և գնումներ կատարում տաք խանութներում, մենք տրամվայների այս քաղաքում երկու անծանոթ ենք, որոնք ժամանակին բավարարվում էին մի ընդհանուր ձեռնոցով:

Share:

4 մեկնաբանություն

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Հրաշք ես դու...

    ReplyDelete